Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ոստիկանի հաղորդման՝ պաշտոնատար անձը կեղծ պայմանագիր է ներկայացրել դատարան. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 24,2016 12:53

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախկին ծառայող Գևորգ Պ.-ն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու մասին:

Հաղորդման հեղինակ Գևորգ Պ.-ն, մասնավորապես, հայտնել է, որ ծառայելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում, 2014թ. փետրվարի 12-ից մինչև նույն թվականի մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ակադեմիայում մասնակցել է վերապատրաստման դասընթացների, իսկ ամիսներ անց իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

2016թ. սեպտեմբերին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ինքը ստացել է ծանուցում այն մասին, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել իր դեմ՝ հիշյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար ոստիկանության կողմից կատարած շուրջ 309 հազ. ՀՀ դրամ ծախսերի փոխհատուցման նպատակով: Դատարանից ստանալով քաղաքացիական գործի նյութերի պատճենները՝ պարզել է, որ դատարան է ներկայացվել իր և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի միջև կնքված՝ ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ինչպես նաև միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու նպատակով ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, որի տակ առկա ստորագրությունը իրենը չէ, կեղծված է:

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930