Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստան 20.18 – 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կայացավ Բիզնես ինովացիոն ֆորումը: Այն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ռազմավարական նշանակության միջոցառումներից է, որն արդեն անց է կացվում 4-րդ տարին անընդմեջ:
Ամենամյա բիզնես ինովացիոն ֆորումը դարձավ Հայաստանի ինովացիոն զարգացման հիմնական մարտահրավերների քննարկման, ինչպես նաև լուծումների առաջադրման հարթակ։ «Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը իր առջև խնդիր է դրել ապահովել Հայաստանի առաջնակարգ դիրքերը աշխարհի ինովացիոն քարտեզի վրա` ձգտելով Հայաստանը դիրքավորել 20 ամենանորարար երկրների շարքում։ Բիզնես ինովացիոն ֆորումի քննարկման առարկան այս հավակնությունն իրականություն դարձնելու ուղիների քննարկումն էր», – նշեց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Ֆորումի ընթացքում ներկայացվեցին ինովացիոն էկոհամակարգի ժամանակակից մոդելները, հիմնական խոսնակները ներկայացրեցին իրենց երկրների՝ Գերմանիայի, Իսրայելի, Թայվանի, Ռուսաստանի և Բուլղարիայի փորձը, ներկայացվեցին հայաստանյան լավագույն նախաձեռնություններն ու բիզնեսները։
Բիզնես ինովացիոն ֆորումն ընթացավ մեծ հաջողությամբ՝ արձանագրելով մասնակիցների թվի էական աճ, այդ թվում նաև միջազգային մասնակցության։ Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցեցին տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչներ:
Ինովացիոն ֆորումի հաջողության ապահովման մեջ մեծ դեր ունեցավ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ և ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Ֆորումի գործընկերներն էին ՀՀ կառավարությունը, ԱՄՆ ՄԶԳ Տարածաշրջանային տնտեսական զարգացում ծրագիրը, Հայաստանում Իսրայելի դեսպանատունը, Ամերիաբանկը և Բեթ Քոնսթրաքթ ընկերությունը:
Կարդացեք նաև
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն