Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք մարդկանց մեղադրում են 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Նոյեմբեր 24,2016 12:28

Հուլիսյան իրադարձությունների պատճառով, բացի «Սասնա ծռեր» խմբի անդամներից, 50-ից ավելի քաղաքացիներ այժմ գտնվում են անազատության մեջ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, թե արդեն իսկ ընթացող մի շարք դատավարությունների ընթացքը հուշում է, որ առնվազն այս փուլում ակնկալիք, որ այդ մարդիկ շուտով ազատ կարձակվեն, ունենալ պետք չէ. «Ամենատարրականը, երբ անձի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ` տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների մասով, և անգամ նախաքննության ավարտից հետո նման սահմանափակումները շարունակվում են պահպանվել, ու վարույթ իրականացնող մարմինը նման սահմանափակումները չի վերացնում, սա վկայում է, որ այս անձանց նկատմամբ խնդիրը խիստ է դրված: Երբ մի շարք մարդկանց մեղադրում են 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ապա հույս չկա, որ նրանց նկատմամբ այս փուլում վերաբերմունք կփոխվի»:

Պարոն Պապիկյանը տպավորություն ունի, որ կա քաղաքական հրահանգ`այդ անձանց նկատմամբ խիստ հետապնդում իրականացնել:

Իրավապաշտպանի տեղեկացմամբ` 50-ից ավելի ձերբակալված քաղաքացիների միայն փոքր մասի նկատմամբ է ընտրված խափանման այլընտրանքային միջոց` գրավ կամ ստորագրություն չհեռանալու մասին. «Բայց ճնշող մեծամասնությունը գտնվում է կալանավորման մեջ, շատերի մասին կարող եմ նշել, որ նախաքննությունն ավարտվել է, իսկ մեծ թվով գործեր գտնվում են դատարանների քննության վարույթում»:

Պարոն Պապիկյանի հավաստմամբ` իրավապահ համակարգը հուլիսյան իրադարձություններից հետո դասեր չի քաղել. «Մենք այդ օրերի ընթացում տեսանք, որ բարեփոխումներ կոչվածն իրականում գոյություն չուներ: Անհամաչափ ուժի կիրառում, բռնություններ անգամ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, այն էլ, ուղղորդված: Նման պայմաններում խոսել բարեփոխված ոստիկանության կամ իրավապահ մարմինների մասին, անհեթեթություն է: Չեմ կարծում, որ այս իրադարձություններն այն մասշտաբներն ու բնույթն էին կրում, որ միայն Երևանի ոստիկանապետի փոփոխություն պիտի լիներ: Ամբողջ իրավապահ համակարգը պիտի պատասխան տար, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները»:

Պարոն Պապիկյանը մի միտում էլ է նկատում. նույն անձը մի գործով մեղադրվում է, օրինակ, 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, մեկ այլ գործով ճանաչվել է որպես տուժող: Այն գործերը, որտեղ անձը մեղադրյալ է, նախաքննական վարույթները հապճեպ ավարտվել են, իսկ այն գործերը, որտեղ անձը տուժող է ճանաչվել, դրանց քննության դեպքում չորս-հինգ ամիս սայլը տեղից չի շարժվում:

Ամփոփելով՝ իրավապաշտպանը մտահոգություն հայտնեց, որ կատարված իրադարձությունները մեծ վնաս հասցրին ՀՀ միջազգային վարկանիշին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930