Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. պետք է ոսկե միջին գտնվի, այսպես կոչված, Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև. «168 ժամ»

Նոյեմբեր 24,2016 12:23

Հարցազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին ծավալուն հարցազրույց տվեց Դմիտրի Կիսելյովին՝ ասելով, որ հայկական կողմը պատրաստ էր ստորագրել Կազանի փաստաթուղթը, որը ենթադրում էր նաև տարածքների վերադարձ։ Սա նշանակում էր, որ հայկական կողմը պատրաստ էր նույնիսկ տարածքային զիջումների, բայց Ադրբեջանն ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացը հնարավոր դարձնելու ճանապարհին կարևոր մեխանիզմների ներդրումը մերժում է։ Ո՞րն է ստեղծված իրավիճակի ելքը։

– Ես կարծում եմ, որ այն, ինչ պետք է արվի, հետևյալն է՝ պետք է ոսկե միջին գտնվի, այսպես կոչված, Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև։ Երևանն ասում է, որ հավանում է Կազանի փաստաթուղթը, Բաքուն ասում է՝ Մադրիդի փաստաթուղթը, թեև սկզբնական փուլում Բաքուն այն չէր ցանկանում ստորագրել։ Ես կարծում եմ, որ համանախագահներն իրենց առաջնորդների՝ նախագահների հետ իմաստուն կգտնվեն, եթե առաջ մղեն այն, ինչ նախագահ Պուտինն առաջարկեց Սանկտ Պետերբուրգում, որի էությունը կայանում էր հետևյալում՝ մեղմացնել այս երկու մոտեցումների միջև առկա տարբերությունները։

Հիմնական տարբերությունները հետևյալն են՝ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր։

Բայց անիմաստ է խոսել համաձայնագրի կետերի մասին, եթե նախագահները ժամանակ չեն անցկացնում միմյանց հետ և չեն վերականգնում վստահությունը միմյանց միջև։ Եթե դա տեղի չունենա, ոչ մեկն իրեն վստահ չի զգալու զիջումներ անելու համար, և հայտարարությունները լինելու են քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ Նախագահները պետք է նստեն ու համանախագահների հետ խոսեն։

Այս իրավիճակում, հաշվի առնելով նաև շփման գծում այս օրերին ստեղծված լարվածությունը, հարց է առաջանում՝ կա՞ արդյոք լայնածավալ գործողությունների

վերսկսման հնարավորություն։ Մենք տեսանք ակտիվ բանակցային գործընթաց ապրիլյան պատերազմից հետո, ներկայումս՝ բանակցային ճգնաժամ, խնդիրներ և լարված շփման գիծ։ Ի՞նչ պետք է սպասել։

– Ես ներքին տեղեկատվության չեմ տիրապետում ներկայիս իրավիճակի, ուժերի մասին։ Իմ առաքելության տարիներին ես անհանգիստ էի այն զինվորների համար, որոնք դիպուկահարների կողմից են սպանվում, ես չէի անհանգստանում և չէի դիտարկում լայնածավալ գործողությունների հնարավորությունն ընդհանրապես, որովհետև շփման գծում չկար ծանր սպառազինություն։

Բայց դա այսօր փոխվել է։

Այո, կա վտանգ, որ հակամարտությունը փոքրից կվերաճի լայնածավալի։ Բայց կրկին չեմ կարծում, որ դա տեղի կունենա պատահականորեն։ Համաձայն չեմ նաև քաղաքացիական հասարակության անհանգստությունների հետ։ Իմ մտավախությունն այն է, որ կողմերից որևէ մեկն իրեն սադրված կզգա՝ նախաձեռնելով ռազմական գործողություններ։ Բայց սա չեմ կարծում՝ մոտ ապագայում տեղի ունենա։ Չեմ կարծում, որ դա պետք է Ռուսաստանին, չեմ կարծում, որ պետք է Ֆրանսիային և ԱՄՆ-ին, հակամարտող կողմերը ևս չեն ցանկանում, երկու երկրներն էլ տնտեսական մարտահրավերներ ունեն, ուստի չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը լայնածավալ գործողություններ կնախաձեռնի, չնայած իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան իմ առաքելության տարիներին։ Բայց այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930