Վարչապետ Կարեն Կարապետյանն ՀՀԿ-ին իր անդամակցելու մասին հայտարարությունից հետո մեկնաբանեց, թե ինչու է նման որոշում կայացրել. «1-ին՝ վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է hանրապետության նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
2-րդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը:
3-րդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց եւ երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից:
4-րդ՝ ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, եւ այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»:
Կարդացեք նաև
Պարոն Կարապետյանի խոսքերով՝ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին ու դրանից հետո իր առջեւ դրված հիմնական խնդիրը եղել է այն, որ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական ու սոցիալական կյանքում, առավել եւս՝ պետական կառավարման համակարգում: «Իսկ դա նշանակում է՝ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա վստահեցրեց, որ նշված հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց ու անկեղծ են, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:
Հանրապետական կուսակցությանը անդամակցելու մեկ այլ պատճառել էլ, ինչպես ներկայացրեց վարչապետը, այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ինքը դարձավ փոխելու ու փոխվելու նոր գործընթացի մասնակից՝ վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը:
Անդրադառնալով ոչ ՀՀԿ-ական նախարարների՝ կուսակցությանը անդամակցելուն, վարչապետն ասաց, որ այս նոր իրավիճակում իր ընկերներից, կողմնակիցներից եւ համախոհներից շատերն են ցանկանում մասնակցել այս գործընթացին. «Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին: Որեւէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական ու գաղափարական որոշման հարցն է: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ոչ միշտ է եղել արդյունավետ: Բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ