Լրահոս
Օրվա լրահոսը

Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ կունենանք 100 %-ով հաշվառվող ոռոգման ջուր

Նոյեմբեր 24,2016 11:16

«Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ կունենանք 100 %-ով հաշվառվող ոռոգման ջուր: Սա լինելու է համակարգում արդեն իսկ մեկնարկած ռեֆորմների հիմնական նպատակներից մեկը»,- այս մասին, ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում ընդունելով Համաշխարհային բանկի ջրային ոլորտի առաքելության պատվիրակությանը, ասաց Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

ՀԲ պատվիրակության հերթական այցի նպատակը Կոմիտե Հայաստանի ջրային ոլորտում PPP (պետական-մասնավոր գործընկերության) 15-ամյա փորձի վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի ներկայացումն էր:

«Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի փորձը շատ կարևոր է Համաշխարհային բանկի համար, քանի որ դրա արդյունքները կարող են օրինակելի լինել, իսկ փորձը կարելի է տեղայնացնել աշխարհի շատ այլ երկրներում պետական-մասնավոր գործընկերության համակարգի ներդրման ընթացքում»,- ասաց ՀԲ ջրի և մաքրման գծով ավագ մասնագետ, առաքելության ղեկավար Ֆիլիպ Մարինը:

Նա նշեց, որ ՀԲ-ն իր ջրային ոլորտի առաքելությունը Հայաստանում սկսել է 2000 թվականից, և արդյունքները թույլ են տալիս վստահորեն ասել, որ Բանկը պատրաստակամ է աջակցել ոլորտում ընթացող բարեփոխումներին:

Արսեն Հարությունյանը ՀԲ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց ջրի հաշվառման խնդրին և նշեց.

«Մեր նպատակներից մեկը խմելու և ոռոգման ջուրը հաշվարկելի, հաշվառվող դարձնելն է: Նախորդ տարիներին ՀԲ-ի աջակցությամբ շուրջ 80 հաշվիչ է ձեռք բերվել, որոնց միջոցով պետք է իրականացվեին այդ հաշվարկները: Ցավոք, դրանք ինչ-ինչ պատճառներով չեն միացվել համակարգին: Այս տարի մենք լրացնելու ենք նաև այդ բացը՝ փորձելով հնարավորինս վերահսկելի դարձնել ջրային հոսքերը»:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագրին: Նա նշեց, որ ամիսներ առաջ հայտարարված մրցույթի պայմանները բավականին խիստ են եղել, ինչը թույլ է տվել ընտրություն կատարել առավել մրցունակ հավակնորդների միջև.

«Ես հույս ունեմ, որ նման լուրջ չափորոշիչների համապատասխանող ընկերությունը կկարողանա իրականացնել իր վարձակալական պարտավորությունները, և առաջիկա 15 տարիների ընթացքում մենք լուրջ առաջընթացի ականատես կլինենք: Սակայն այս հարցում մենք դեռ չլուծված խնդիրներ ունենք. օրինակ՝ սպասարկումից դուրս մնացած շուրջ 570 համայնքները: Այս պահին մենք մեխանիզմներ ենք մշակում՝ այդ համայնքների սպասարկումը գրավիչ բիզնես նախագիծ դարձնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում այդ համայնքները ևս սպասարկման դաշտ բերել»,- ասաց Ա. Հարությունյանը:

 

ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930