Ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմում ընտրություններ են տեղի ունենալու։ Թեմի ենթակա քաղաքների՝ Թեհրանի, Արաքի, Անզալիի և Գորգանի հայերն ընտրելու են իրենց եկեղեցական բարձրագույն ժողովի աշխարհական անդամներին։ Այս ժողովը մեր կրոնական օրենքների համաձայն կոչվում է պատգամավորական ժողով, ընտրվում է չորս տարին մեկ անգամ և կազմի մեկ յոթերորդը պետք է լինեն հոգևորականներ, որոնց ընտրում է հոգևոր դասը։ Հարկ է նշել, որ իրանաբնակ հայերն ունեն երեք եկեղեցական թեմ՝ Թեհրան, Նոր Ջուղա և Թավրիզ առաջնորդանիստ կենտրոններով։
Թեհրանի թեմի պատգամավորական ժողովը բաղկացած է քառասունինը աշխարհական և հոգևորական պատգամավորներից․ թեմի հայերի ճնշող մեծամասնությունն ապրում են Թեհրանում, ուստի և ընտրում են քառասուն աշխարհական պատգամավոր, իսկ փոքր քաղաքները ներկայացնում են ընդամենն երկու պատգամավոր։ Թեմի բարձրագույն ժողովն ընտրում է թեմի գործադիր բարձրագույն մարմնին՝ թեմական խորհրդին, հաշվեքննիչ մարմնին և թեմի հոգևոր առաջնորդին, հաստատում է թեմի տարեկան բյուջեն և համայնքային զանազան մարմինների կազմը, վերահսկում է թեմի ամբողջ գործունեությունը և իր ընտրած ներկայացուցիչների միջոցով մասնակցում է Կիլիկիո կաթողիկոսության ազգային ժողովին և կաթողիկոսի ընտրության։ Պատգամավորական ժողովը կարող է անվստահության քվե հայտնել թեմի առաջնորդին և կաթողիկոսից խնդրել, որպեսզի կուսակրոն հոգևորականների եռանուն ցանկ ներկայացնել թեմի նոր առաջնորդ ընտրելու համար։
Այս տարի ընթանալու է Թեհրանի հայոց թեմի 16-րդ պատգամավորական ժողովի ընտրությունները․ կազմված է յոթը ընտրատարածք (հինգը Թեհրանում), որոնք բաժանված են տասնվեց ընտրական տեղամասի՝ հիմնականում տեղակայված հայոց եկեղեցիներում և կամ դպրոցներում։ Ընտրությունը կազմակերպող կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային հանձնախմբի անդամները հայեր են, իսկ ընտրության կազմակերպումը համաձայնեցվում է Իրանի իսլամական հանրապետության ներքին գործերի նախարարության հետ, որը ունի նաև վերահսկողության գործառույթ և վերջում հաստատում է ընտրության արդյունքները։
Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ընտրության ընտրատարածքները կազմված են մեծամասնական հիմունքով․ այս տարի ընտրության մասնակցելու հայտ են ներկայացրել մոտ ութսուն թեկնածու՝ բաժանված հիմնականում երկու մեծ խմբակցության, որոնք կոչվում են «Կայուն համայնք» և «Բարեփոխում ու վերածնունդ»։ Դատելով թեկնածուների կենսագրությունից, անցյալի գործունեությունից և քարոզարշավից կարելի է եզրակացնել, որ առաջին խմբի անդամները հարում են ՀՅԴ կուսակցության, իսկ երկրորդ խումբը հիմնականում բաղկացած է անկախ թեկնածուներից, որոնք փորձում են միավորվել։
Կիլիկիո կաթողիկոսության թեմերի պարբերական ընտրությունները ժողովրդավարության ապահովման և եկեղեցական մարմինների ու անհատների թափանցիկ աշխատելու երաշխիքն են․ մենք այլ առիթով կներկայացնենք նաև իրանահայ թեմերի պատգամավորների ծրագրերն ու տարբեր մոտեցումները։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ