Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրաշխարհիկ լուրերից» անդին

Նոյեմբեր 24,2016 10:13

Վերջերս համացանցում հուզմունքով կարդացի, որ ոմն Մերի (ազգանունն արդեն չեմ հիշում) ներկել է իր մազերը: Քանի որ այդ լուրը «վերարտադրվել է» մի քանի կայքերում, ենթադրում եմ, որ Մերին ունի հազարավոր երկրպագուներ, որոնք անտարբեր չեն իր մազերի գույնի հանդեպ եւ ամեն անգամ ցնցվում են, երբ այդ գույնը փոխվում է: Դա է վկայում նաեւ «like»-երի եւ քննարկումների քանակը:

Դա նորմալ է՝ մարդիկ, հատկապես երիտասարդները, չպիտի անընդհատ մտածեն լուրջ խնդիրների մասին, նրանք պիտի ունենան ժամանցի, զվարճանալու հնարավորություն: Ով ինչպես է զվարճանում՝ դա կախված է ճաշակից եւ մտահորիզոնից:

Բայց նորմալ չէ, երբ ժամանցի, զվարճանքի համար նախատեսված լուրերը մատուցվում են որպես լուրջ, ազգի համար բեկումնային նշանակություն ունեցող եւ շաբաթներով ու ամիսներով «ծամծմվում են», այսպես ասած, տատանվում են «այո»-ի եւ «ոչ»-ի արանքում: Այդ թեմաների դիպուկ օրինակները բերված են «ՀԺ»-ում Աննա Հակոբյանի հոդվածում՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ չի վերադառնա քաղաքականություն, Վիկտորը կստեղծի՞, թե՞ չի ստեղծի իր կուսակցությունը, այս կուսակցությանը կմիանա՞, թե՞ չի միանա Սեյրան Օհանյանը (հուսով եմ, հարգարժան գեներալը նման քայլի չի գնա): Որպես բարձրաշխարհիկ կյանքի մի երանգ, դա, իհարկե, հետաքրքիր է, ճիշտ այնպես, ինչպես հետաքրքիր է, թե մազերի որ գույնն է այս պահին գերադասում Մերին: Բայց ներկայացնել դրանք որպես շատ սկզբունքային խնդիրներ, որոնցից կախված է մեր երկրի ապագան, դա, ինձ թվում է, չափազանցություն է:

Պարզ է, որ Բաղրամյան-26-ում, կառավարությունում, ՊՆ-ում եւ այլ գերատեսչությունում նստած մի չինովնիկի ձեռնտու է, որ վերոհիշյալ հարցերը կամ՝ Պողոսին նշանակելու ու Պետրոսին ազատելու հարցը լուծվի մի ձեւով, իսկ մյուս չինովնիկին ձեռնտու է, որ հարցը լուծվի ճիշտ հակառակ ձեւով: Այդ իրենց պալատական, խարդավանքային տրամաբանությունից ելնելով՝ նրանք տարբեր տեսակի «ազդակներ» են ուղարկում լրատվամիջոցներին: Այստեղից էլ գալիս են «ծամծմոցն» ու «տատանումները»:

Բայց այստեղ կա, ինձ թվում է, ավելի կարեւոր հարց: Կարծում եմ, որ մեր հասարակության եւ լրատվամիջոցների առնվազն մի մասը պետք է կատարի հաջորդ քայլը դեպի հասունություն եւ խոսի ոչ միայն այն մասին, թե ինչ կա, այլեւ այն մասին, թե ինչպես պետք է լինի: Այսինքն՝ ոչ թե անձերի, այլ սկզբունքների, ինստիտուտների, մեխանիզմների մասին: Այդ պարագայում «բարձրաշխարհիկ» լուրերն, ըստ երեւույթին, կնահանջեն երկրորդ պլան:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930