«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի կարծիքով`
այդ մոտեցման փոփոխությունն ակնկալելն անմտություն կլինի
– Պարոն Գրիգորյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն: Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից է այդ զորախումբը պաշտպանելու եւ ի՞նչ կարելի է հասկանալ` «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներ» ասվածի տակ:
– Ռուսաստանն իր համար սպառնալիքներ է համարում ՆԱՏՕ-ն ու հետխորհրդային երկրներում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացները, այսպես կոչված՝ «գունավոր հեղափոխությունները», եւ իր գործողություններն այդ տրամաբանության համապատասխան է կազմակերպում: Այժմ Հայաստանում իր ներկայության ընդլայնմանը զուգահեռ Ռուսաստանը նաեւ զբաղված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետագա ռազմականացմամբ` ՆԱՏՕ-ին դիմակայելու մասին իր պատկերացումներին համապատասխան:
Եթե «կողմերի անվտանգության այլ սպառնալիքները» դիտարկենք, ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերի եւ Հայաստանի իշխանության համար կա մեկ պոտենցիալ ընդհանուր սպառնալիք` հայաստանյան հասարակությունը, եւ պատահական չէ, որ Ռուսաստանն անընդհատ պահանջում է միջոցներ ձեռնարկել արեւմտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցների դեմ: Իսկ Հայաստանը` պետությունը, ոչ թե իշխող վարչախումբը, Ռուսաստանի հետ ընդհանուր սպառնալիք կամ հակառակորդ չունի: ՆԱՏՕ-ն սպառնալիք չի հանդիսանում, եթե, իհարկե, Հայաստանը Մոսկվայի եւ հայաստանյան իշխանությունների քաղաքականության հետեւանքով չներքաշվի թշնամական գործողությունների մեջ:
Կարդացեք նաև
Հայաստանի համար սպառնալիքներ են Ադրբեջանը, որին Ռուսաստանը, բնականաբար, սպառնալիք չի համարում` զինելով Հայաստանի դեմ, եւ ինքը` Ռուսաստանը:
– Ըստ նույն համաձայնագրի՝ միացյալ զորախմբի հրամանատարին նշանակելու է ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ, կախված իրավիճակից, նաեւ՝ «ՌԴ Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»: Եվ, թերեւս, ամենակարեւոր կետն այն է, որ «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից հնարավոր ոտնձգությունները կանխելուն սա կարո՞ղ է վերաբերել: Եվ եթե «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ», ապա ո՞ւմ են զսպելու ու ինչպե՞ս:
– Պատերազմական իրավիճակում զորախումբը ռուսական հրամանատարությանը ենթարկելը լրացուցիչ ապացույց է, որ այն բացառապես Ռուսաստանի շահերին է ծառայելու: Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները Ռուսաստանը (ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի մնացած անդամները) երբեք սպառնալիք չեն համարել, եւ այդ մոտեցման փոփոխությունն ակնկալելն անմտություն կլինի:
– Զբոսաշրջության խթանմանը նպաստելու համար նախատեսվում է որոշման ընդունում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Այդ համատեքստում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ նախապատրաստվում է միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված համաձայնագրի ստորագրում: Ներքին անձնագրերով ռուսաստանցիների մուտքը Հայաստան ընդամենը զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման հա՞րց է, թե՞ մենք ականատես ենք դառնում Հայաստան-Ռուսաստան նոր որակի հարաբերությունների հաստատման փուլի:
– Եթե իսկապես զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ հետապնդվեր, դեպի Եվրոպա գոնե շաբաթական 2 անգամ բյուջետային ավիաչվերթ բացելն ավելի մեծ ազդեցություն կունենար: Բացի այդ, զբոսաշրջությունը զարգացնելու համար կարելի էր այլ երկրների քաղաքացիներին եւս առանց անձնագրի մուտքի հնարավորություն տալ. մասնավորապես՝ ԵՄ-ի քաղաքացիները մի շարք երկրներում նման արտոնություն ունեն: Մնում է փաստել, որ Հայաստանի կառավարությունը նախընտրել է երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթացն արագացնել` հանուն իր վերարտադրությունը երաշխավորելու:
– ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հարցը ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների եւ Թրամփի հաղթանակի համատեքստում դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում մեղմացում կարո՞ղ է արձանագրվել: Ինչպիսի՞ն կլինի Թրամփի կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, եւ ի՞նչ կարելի է կանխատեսել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասով:
– ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մեղմացման հեռանկարը կերեւա, երբ ԱՄՆ նոր վարչակազմի անդամների թեկնածությունները հաստատվեն: Հավանաբար, Մոսկվայում տիրող էյֆորիան հօդս կցնդի: Համենայնդեպս, արդեն ուրվագծվում է Թրամփի կողմից Հանրապետական կուսակցության տարբեր թեւերի հետ փոխհամաձայնություն գտնելու ձգտումը, եւ պետք է հուսալ, որ ԱՄՆ-ի կողմից ինքնամեկուսացման քաղաքականություն չի վարվի:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, դրանց զարգացման կամ ընդհակառակը` հետընթացի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի իշխանության վրա, որը ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ԵՄ-ի, Իրանի եւ այլոց հետ հարաբերությունները դիտարկում է «Եվրասիական միության առջեւ ստանձնած պարտավորություններին չհակասելու» տեսանկյունից` ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 23.11.2016