Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ Նախարարների կոմիտեն Հայաստանի հետմոնիտորինգային գործընթացին անցնելու հիմքեր ու նախադրյալներ է տեսնում

Նոյեմբեր 24,2016 14:30

Նոյեմբերի 22-23-ը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների իրականացման փաստահավաք առաքելությամբ Երեւան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին եւ Ալան Միլը: Այցի ընթացքում եվրոպացի պատգամավորները հանդիպումներ են նախատեսել ինչպես հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների, ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկվող հիմնական թեմաներն են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը, կառավարման համակարգի բարեփոխմանն ուղղված գործընթացները, ոստիկանության եւ դատական ոլորտի բարեփոխումները:

ԵԽԽՎ համազեկուցողների այցի մանրամասների շուրջ «Առավոտ»-ը զրուցեց ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ:

– Արձանագրենք, որ սա ԵԽԽՎ համազեկուցողների հերթական այցն է, դրանք պարբերական են, նախորդ այցը տեղի է ունեցել այս տարվա մայիսին: Պետք է նշեմ, որ մեր պատվիրակությունը շատ սերտ է աշխատում համազեկուցողների հետ, եւ, քայլ առ քայլ խորացնում ենք ընդգրկվածությունը թե՛ լիագումար նիստերի եւ թե՛ հանձնաժողովների աշխատանքներին, քննարկվող զեկույցներին, ոչ միայն Հայաստանին վերաբերող հարցերին, այլեւ համաեվրոպական նշանակության խնդիրներին, մի խոսքով՝ միջազգային այս կարեւոր հարթակի լիարժեք կյանքին: Նմանապես ակտիվ ու սերտորեն մեզ հետ համագործակցում են ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք մեծ կարեւորություն են տալիս այն գործընթացներին, որոնք ընթանում են Հայաստանում: Համազեկուցողներն իրենց դրական վերաբերմունքն են արտահայտել սահմանադրական բարեփոխումների գաղափարախոսության մշակման, նախապատրաստման եւ իրագործման ողջ ընթացքում եւ իրենց առաջարկներով ու փորձով աշխատել են օգտակար լինել մեր հանրության համար կարեւոր խնդիրների լուծմանը:

Այս այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների կողմից առաջադրվող եւ ուսումնասիրության առարկա հանդիսացող խնդիրները, մասնավորապես, վերաբերում են սահմանադրական փոփոխությունների, կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացմանը: Ավանդաբար համազեկուցողները բավականին մանրամասնորեն ուսումնասիրում են գործընթացները գերատեսչությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, նաեւ լայնորեն շփվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ այդ հանդիպումների ընթացքում ճշգրտում իրենց տեղեկատվությունը, պատկերացումները՝ փոփոխությունների ընթացքի, իրավիճակի եւ իրական արդյունքների վերաբերյալ:

– Տիկին Նաղդալյան, մոնիտորինգի գործընթացն արդեն 15 տարի շարունակվում է, հետաքրքիր է՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանին մոնիտորինգի գործընթացից հանելու միտումներ դեռեւս չե՞ն նկատվում:

– Այո, այս տարի լրացավ Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության արդեն 15-րդ տարին, եւ այդ ընթացքում մենք հետեւողականորեն կատարել ենք մեր կողմից ստանձնած պարտավորությունները: Այս գործընթացը գոհունակությամբ է ընդունվում եւ բարձր գնահատվում թե՛ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի, թե՛ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Այս մասին վկայում են նաեւ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում նրանց կողմից ընդունված որոշումներն ու հայտարարությունները: Պետք է նշեմ, որ այս տարի գարնանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նաեւ քննարկել է հետմոնիտորինգային գործընթացին անցնելու հարցը եւ արձանագրել, որ դրա համար հիմքեր ու նախադրյալներ տեսնում է: Իհարկե, այժմ մենք թեւակոխել ենք բավականին լուրջ գործընթացների փուլ. առաջին հերթին՝ սահմանադրական բարեփոխումներին համահունչ օրենսդրության փոփոխությունները: Խորհրդարանը, գիտեք, բավական ծավալուն աշխատանքներ է իրականացնում մի շարք օրենսդրական նախագծերի մշակման եւ ընդունման ուղղությամբ, այդ թվում՝ կուսակցությունների, պատգամավորի կարգավիճակի, հասարակական կազմակերպությունների մասին օրինագծերի, Ազգային ժողովի կանոնակարգի եւ այլն: Եվ երկրորդը՝ իհարկե, 2017 թվականին խորհրդարանական ընտրություններն են, որոնք մեզ համար շատ կարեւոր մի փորձություն պետք է լինեն՝ ժողովրդավարության խորացման եւ վստահության վերագտման ուղղությամբ կատարվող քայլերի իմաստով:

– Տիկին Նաղդալյան, եւ վերջում, շեղվելով մեր հարցազրույցի բուն թեմայից, կխնդրեի պարզաբանում տալ Ձեր անվան շուրջ պտտվող այն հրապարակմանը, թե Դուք, իբր, գնել եք լրատվական կայք եւ այն օգտագործում եք Ձեր գործընկերների դեմ:

– Հասկանում եմ, որ ժամանակները այդպիսին են, եւ օրական մի նոր բան կգրվի, նաեւ հասկանում եմ՝ ովքեր են խառնվել իրար եւ խառնակչություն անում, բայց իմ շատ հարգելի ընթերցողներին տեղեկացնում եմ, որ որեւէ լրատվական կայք մինչ օրս չեմ ունեցել, ներկայումս էլ չեմ գնել: Որեւէ կապ չունեմ հրապարակումների մեջ արծարծվող կայքի, ոչ էլ մեկ այլ կայքի հետ: Այն քաղաքական գործիչներից եմ, ով միշտ հարգանքով է վերաբերվել թե՛ լրագրողին եւ թե՛ ընթերցողին: Լրատվության հետ աշխատելու «տարատեսակ» մեթոդներ ու զարտուղի ճանապարհներ երբեւէ չեմ փնտրել կամ կիրառել եւ ապագայում եւս չեմ պատրաստվում կիրառել: Իմ գործելաոճի մեջ երբեւիցե գործընկերներիս վարկաբեկելու ձեռագիր չեմ դրսեւորել եւ չեմ էլ պատրաստվում փոխվել:

 

«Առավոտ»

23.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930