Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱ

Նոյեմբեր 24,2016 14:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մաս 1. Կոռուպցիան Հայաստանում համակարգային է

«Մաքուր պահեք ոստիկանությունը եւ դատական համակարգը. սա է հասարակության եւ պետության առողջության պահպանման եւ զարգացման պայմանը»,- քսան տարի առաջ՝ 1996թ. հոկտեմբերին, Վաշինգտոնում մեր՝ հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորներից մեկը:
Հայաստանի անկախության 5-րդ տարում մենք՝ հայաստանցի լրագրողներս, տնտեսական եւ քաղաքական կոռուպցիան արդեն «դեմքով գիտեինք», ինչպես եւ անգիր գիտեինք դրա պաշտոնական պարզաբանում-արդարացումը՝ մենք խորհրդային ժառանգությունն ամբողջությամբ չենք թոթափել:

Հայաստանի անկախության 25-րդ տարում կոռուպցիան այլեւս խորհրդային ժառանգությամբ չեն պատճառաբանում, այժմ դրա արդարացման այլ ձեւակերպում է գործում, այն է՝ «Կոռուպցիա բոլոր երկրներում կա, եւ այն արմատախիլ անել հնարավոր չէ»: Սակայն այժմ դպրոցականն անգամ գիտե՝ կոռուպցիան Հայաստանում համակարգային բնույթ է կրում:

Տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունը, դատական համակարգը, արդարադատությունը, սահմանադրական արդարադատությունը դարձան կոռումպացված քաղաքական համակարգի անխոնջ պահապանները: Ի՜նչ փույթ, թե կոռուպցիայի ժանգը քայքայում էր հայոց անկախ պետականությունը:

1. Աշխարհը եւ մենք կոռուպցիայի շոշափուկներում

ՄԱԿ-ի տվյալներով՝ ամեն տարի աշխարհում մոտ 840 միլիարդ եվրո կաշառք է վճարվում: Մի շարք երկրներում որպես կաշառք տված գումարները կազմում են երկրի ընդհանուր ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսը: Ըստ Transparency international հակակոռուպցիոն կազմակերպության՝ 2015թ. 168 երկրներում անցկացված փորձագիտական հետազոտությունների՝ այդ պետությունների 68 տոկոսի համար կոռուպցիան մնում է լուրջ սպառնալիք: Երկու տարի անընդմեջ ամենամաքուր երկրների ցանկը գլխավորում է Դանիան՝ կոռուպցիայի ընկալման 91 համաթվով: Երկրների՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկվում է 0-100 սանդղակով, որտեղ 100-ը բացարձակ մաքուրն է, 0-ն՝ բացարձակ կոռումպացվածը: Ամենակոռումպացված երկրների ցանկն ամփոփում է Սոմալին՝ սանդղակի 168-րդ հորիզոնականում, 8 համաթվով1:

2006թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ստորագրված ՄԱԿ-ի՝ «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան»: Կոնվենցիան ընդգծում է մասնակից պետությունների անհանգստությունը կոռուպցիայի առաջ բերած սպառնալիքների հանդեպ, որոնք «խարխլում են ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները, բարոյական արժեքներն ու արդարությունը, վտանգում կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը»: Մտահոգություն հայտնելով կոռուպցիայի, կազմակերպված եւ տնտեսական հանցավորության դեպքերով, որոնք «կարող են կազմել պետությունների միջոցների նշանակալի մասը եւ որոնք վտանգում են այդ պետությունների քաղաքական կայունությունը եւ կայուն զարգացումը», անդամ պետությունները համոզված են, որ «կոռուպցիան այլեւս ոչ թե տեղական խնդիր է, այլ վերազգային երեւույթ», որ «անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը կարող է վնաս հասցնել ժողովրդավարական ինստիտուտներին, ազգային տնտեսություններին եւ օրենքի գերակայությանը», «վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների միջազգային փոխանցումներն ավելի արդյունավետ ձեւով կանխարգելելու, հայտնաբերելու եւ խափանելու» գործում միջազգային համագործակցությամբ, Կոնվենցիան ընդգծում է՝ «Կոռուպցիայի կանխարգելումը եւ արմատախիլ անելը բոլոր պետությունների պարտականությունն է»2:
2015թ. դեկտեմբերին Սերբիայում հակակոռուպցիոն խոշոր գործողության հետեւանքով 79 մարդ ձերբակալվեց՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Ձերբակալվածները, որոնք անցնում են կոռուպցիոն 20 տարբեր գործերով, երկրի բյուջեին 100 միլիոն դոլարի վնաս էին հասցրել:

2015թ. մայիսին ձերբակալվեցին ՖԻՖԱ-ի տասը բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Նրանք մեղադրվում էին լայնածավալ կոռուպցիայի՝ վերջին 20 տարիների ընթացքում իրականացրած փողերի լվացման, դրամաշորթության, կաշառակերության, խարդախության մեջ:

2016թ. սեպտեմբերին Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս դա Սիլվային մեղադրանք առաջադրվեց PETROBRAS նավթագազային ընկերության հետ իրականացրած խոշոր կոռուպցիոն գործարքների համար: Նախկին նախագահն անցնում է մի քանի այլ կոռուպցիոն գործերով՝ մոտ 1 մլն դոլարի նվիրատվությունների ստացում, շքեղ եւ թանկ անշարժ գույքի ձեռքբերում, հարկային պարտավորությունների կատարումից խուսափում, հակակոռուպցիոն հետաքննության խոչընդոտում:

2016թ. սեպտեմբերին Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշներին մեղադրանք առաջադրվեց շին. կազմակերպությունների հետ կնքած կոռուպցիոն սխեմա պարունակող 15 պետական պայմանագրերի համար, որոնց հետեւանքով պետական բյուջեն 15 մլն ԱՄՆ դոլարի վնաս է կրել: Նախկին նախագահը մեղադրվում է նաեւ ապօրինի հարստացման եւ մեծածավալ չարաշահումների մեջ:
2016թ. հոկտեմբերին Թեհրանի նախկին գլխավոր դատախազ Սաիդ Մորթազավին 135 մտրակի հարվածների դատապարտվեց Իրանի սոցապահովության ծրագրերի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելիս հանրային միջոցների յուրացումների եւ չարաշահումների համար:
2016թ. հոկտեմբերին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվեց Երեւանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ով քաղ. գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել եւ անձամբ ստացել է 1000 դոլար գումար:

2016թ. նոյեմբերին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հասարակական կարգի պահպանման 2-րդ գումարտակի հրամանատար փոխգնդապետին: Վերջինս խաբեությամբ, սպայական կոչում շնորհելու եւ սպայական հաստիքի նշանակելու հարցը կարգավորելու համար այլ պաշտոնատար անձին գումար փոխանցելու նպատակով պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ դոլար:

Մինչ աշխարհի այլ պետություններ զբաղված են աղմկահարույց կոռուպցիոն գործերի բացահայտմամբ եւ դրանց հրապարակայնացմամբ, ձերբակալություններով եւ դատավարություններով, ՀՀ կոռուպցիոն բացահայտումներում կաշառքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ անձնական օգուտ ստանալու միջին վիճակագրական գումարային սահմանը տատանվում է 1500-3000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Թվում է, թե Հայաստանում կաշառակերության եւ կոռուպցիայի փոքր չափի հանցագործությունն անգամ հետապնդվում է, բացահայտվում, պատժվում:
Հայաստանում, ուր օրենքներն ընտրովի են գործում եւ իշխանությունների տարանջատում գոյություն չունի, պատասխանատվության ենթարկվում են, կոռուպցիոն հանցագործությունները բացահայտվում են ըստ քաղաքական նպատակահարմարության. մի դեպքում իշխանությունից ընդդիմություն անցումը կանխելու, մյուս դեպքում՝ ինքնագործունեության, մեկ այլ դեպքում՝ հանցավոր «օգուտը» չբաժանելու համար:
Նրանք, ովքեր Հայաստանում տնօրինում են ողջ հանրային բարիքը, օրենքները, դրանց ընդունումն ու վերահսկումը, կատարումը, նրանց զգալի մասը տարբեր չափերով ներգրավված է տարաբնույթ կոռուպցիոն գործունեության մեջ:

2. Կոռուպցիայի հայկական ընկալումը

Հայ բանահյուսական միտքն ի սկզբանե տվել է կոռուպցիայի հայկական սահմանումը՝ «Ձուկը գլխից է հոտում»: Հայկական միջավայրում, հայ ժողովրդի հանրային ընկալումներում իշխանությունները մշտապես համարվել եւ ընկալվել են որպես կոռուպցիոն հանցագործությունների աջակցիներ եւ իրականացնողներ: Հայաստանում կոռուպցիայի մասին հանրային ընկալումների ուսումնասիրությունը, հետազոտումը, որպես կանոն, անսպասելի արդյունքներ չեն արձանագրում: Այսպես:

Հետազոտություն առաջին

2008-2010թթ. ՀՀ բնակչության շրջանում անցկացված կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության համաձայն՝ հայաստանցիների համար երկրի առավել կարեւոր հիմնախնդիրների շարքում կոռուպցիան զբաղեցնում է 5-րդ տեղը՝ գործազրկությունից, աղքատությունից, տնտեսական բնույթի խնդիրներից, սղաճից եւ գնաճից հետո եւ ավելի մտահոգիչ է համարվում անգամ արտագաղթի խնդրից:
2008-2010թթ. հարցվածների համապատասխանաբար 87, 84, 82 տոկոսը կոռուպցիան ընկալում է որպես Հայաստանի համար լուրջ խնդիր, այդ թվում՝ 60 տոկոսը՝ շատ լուրջ: Ընդ որում, կոռուպցիայի խնդրով առավել մտահոգ են բարձր կրթամակարդակ ունեցողները եւ երեւանաբնակները: Հայաստանցիներն ավելի կոռումպացված են համարում բարձրաստիճան պաշտոնյաներին եւ առավել կոռումպացված են համարվում ընտրական, դատական եւ իրավական համակարգերը (CRRC «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների հետազոտությունների», 2008, 2009, 2010): Երեք տարիների ընթացքում այս ոլորտներն անփոփոխ պահպանել են կոռումպացվածության «առաջնությունը»: Միաժամանակ, ըստ 2010թ. հետազոտության արդյունքների՝ կոռուպցիան առավել տարածված է ծառայությունների հետեւյալ ոլորտներում՝
– առողջապահության- 68 տոկոս
– ընտրական – 66
– կրթության – 62
– ճանապարհային ոստիկանությունում – 57
– ընդհանուր ոստիկանությունում – 57
– նախարարություններում – 56
– հարկային եւ մաքսային մարմիններում- 58 եւ 54:
2010թ. հարցվածների կարծիքով կրկնակի աճել են թե՛ կոռուպցիայի մակարդակն առհասարակ, թե՛ կաշառք պահանջելու հաճախականությունը եւ թե՛ պահանջվող գումարների չափը: «Հայաստանցիները դիմում են կոռուպցիոն գործարքների հիմնականում այն պատճառով, որ չեն տեսնում սեփական խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհներ»,-սա է հետազոտության եզրահանգումը3:

Հետազոտություն երկրորդ

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացրած «Ուսանողների ընկալումը բուհական համակարգում կոռուպցիայի մասին» զեկույցի համաձայն՝ ուսանողների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ Հայաստանում բուհական կոռուպցիան համակարգային բնույթ է կրում՝ պայմանավորված համակարգի արատներով: Ըստ հարցված ուսանողների 68.6 տոկոսի՝ բուհական համակարգում կոռուպցիայի տարածվածության մակարդակը շատ բարձր է (հարցումներն իրականացվել են 2010թ. մայիս-հունիս ամիսներին): Հարցվածների 40 տոկոսը կոռումպացվածության առումով առավել ռիսկային է համարում բուհական ընդունելության քննությունները, որոնց գրեթե չի զիջում ուսուցման գործընթացի գնահատականը. ուսման տարիները կոռուպցիոն առումով առավել ռիսկային է գնահատել յուրաքանչյուր 3-րդ հարցվածը: Որոշակի կոռուպցիոն դեպքերի ուղղակի կամ անուղղակի տեղյակ եւ մասնակից է հարցված ուսանողների 82.2 տոկոսը4:

Հետազոտություն երրորդ

2016թ. գարնան-ամռան ամիսներին 140 փոքր եւ միջին տնտեսական ընկերությունների շրջանում ՀՀ Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի կողմից իրականացրած «Բիզնեսի համար հիմնական խոչընդոտները Հայաստանում» հետազոտության համաձայն՝ ընկերությունների 71 տոկոսը բիզնեսի զարգացման առաջնային խոչընդոտ է համարում մաքսային եւ հարկային ծառայություններում առկա կոռուպցիան: Այս համակարգերի հիմնական բացասական ցուցիչներից առանձնացվում են թափանցիկության եւ արդարության բացակայությունը, մաքսազերծման ընթացակարգերի ձգձգումը, օրենքի խտրական կիրառումը, դատական համակարգի կոռումպացվածությունը, մենաշնորհների առկայությունը5:

Այսեւայլ հետազոտությունների արդյունքները վկայում են՝
1. Հայաստանի հասարակությունը լրջորեն գիտակցում է կոռուպցիայի առկա եւ հետագա սպառնալիքները հասարակության եւ պետության համար:
2. Կոռուպցիան Հայաստանում տարածվել է գրեթե բոլոր ոլորտներում՝ առաջ բերելով խտրականություն, անարդարություն, անպատժելիություն:
3. Կոռուպցիայի տարածվածության եւ խորության մակարդակը մեր երկրում վտանգավոր սահմանի է հասել:
4. Հանրության զգալի հատված այս կամ չափով, կամավոր կամ պարտադրված կամ անպատժելիության հեռանկարին վստահ՝ ներքաշված է կոռուպցիոն հարաբերությունների մեջ:

Ըստ Transparency international-ի 2015թ. հետազոտությունների արդյունքների՝ Հայաստանը 168 երկրների շարքում կոռումպացվածության մակարդակով 95-րդ տեղում է, ՀՀ կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ 36: Կոռումպացվածությամբ Հայաստանին հաջորդում են Մալին եւ Մեքսիկան6: Transparency international-ի Երեւանի գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի պարզաբանմամբ՝ «Հայաստանում կոռուպցիան մնում է համակարգային: Այն երկրները, որտեղ համաթիվը 50-ից պակաս է, դա լուրջ հիմնախնդիր է համարվում, այսինքն՝ խոչընդոտում է համակարգի նորմալ գործունեությանը, եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական համակարգերը գտնվում են շատ լուրջ ռիսկի մեջ, այսինքն՝ կոռուպցիան իսկապես որակապես ազդում է համակարգի գործունեության վրա»7:

Մի քանի տարի անընդմեջ Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը փոփոխությունների գրեթե չի ենթարկվում, ինչը նշանակում է, որ կոռուպցիան Հայաստանում արմատակալած է, կայուն, անփոփոխ ու աննահանջ: Հայաստանում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում նաեւ այն պատճառով, որ հենց գործող համակարգն է կոռուպցիոն ռիսկերի պահպանման սկզբնաղբյուրը: Այդ համակարգն է ծնում, սնում եւ աճեցնում կոռուպցիան՝ դրա մահացու շոշափուկների մեջ ներքաշելով Հայաստանի հասարակությանը եւ պետությանը:

շարունակելի

* Հոդվածը՝ հատուկ www. hetq.am կայքի համար, ամբողջությամբ տեղադրվել է այնտեղ:


 

«Առավոտ»

23.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930