Հարցազրույց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ
– Պարոն Սուքիասյան, մասնագիտությամբ բեմադրող ռեժիսոր եք, հաճախ հանդես եք գալիս խոշորամասշտաբ հանդիսությունների «կառավարիչ», այսինքն՝ սովոր եք աշխատել բազմամարդ խմբերի եւ հանրության հետ: Շուրջ 4 տարի Երեւանի քաղաքապետի տեղակալն եք: Այս տարիներին, ձեր դիրքից ելնելով, ավելի շատ կառավարո՞ւմ եք, թե՞ բեմադրում:
– Փորձում եմ համատեղել ինձ վստահված վարչական աշխատանքը ստեղծագործական ներուժիս եւ մասնագիտական կարողությանս հետ: Ղեկավարում եմ ինձ հոգեհարազատ ոլորտներ, դրանք ամենամարդկայինն են ու ամենամատչելին, հասարակությանը խիստ տեսանելի, ինչու չէ, նաեւ թերացման դեպքում՝ խոցելի, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացի այս կամ այն կերպ առնչվում է մշակույթի, կրթության, սպորտի հետ՝ երեխաների կամ ընտանիքի հարցերում:
Բեմադրական կամ բեմադրիչի հունարը կազմակերպչական հարցերում նպաստում է աշխատանքիս, սակայն գերակա չէ, որովհետեւ գործ ունեմ հարյուրավոր մարդկանց, ավելին՝ անհատների հետ, որոնք բոլորն էլ առանձին բնավորություններ են: Եվ ուրախ եմ, որ մեր քաղաքում կան իսկապես շատ հետաքրքիր մարդիկ՝ արվեստագետներ, մանկավարժներ, որոնց հետ գործի բերմամբ ամենօրյա շփման մեջ եմ:
Կարդացեք նաև
– Հասկանալի է, որ համատեղում եք ստեղծագործական կյանքը պաշտոնական գործունեության հետ, հաճախ իրականացնում եք համերգային բեմադրություններ, դրամատիկ ներկայացումներ, ռոք օպերայից դասական օպերային ներկայացումներ: Ո՞րն եք ավելի գերադասում՝ կառավարո՞ւմը, թե՞ ստեղծագործական գործունեությունը:
– Վերջին շրջանում ավելի հաճախ իրականացնում եմ ծրագրեր՝ օգտագործելով մասնագիտական հմտություններս, որոնք ավելի պետական նշանակության են: Դրանք կառավարական համերգներն են, հոբելյանական երեկոները, պաշտոնական արարողակարգերը եւ այլն:
Անկեղծ ասած՝ վաղուց ունեմ ինձ հոգեհարազատ ծրագրեր, նախատեսած ներկայացումներ ու մյուզիքլներ, որոնք ժամանակատար են եւ առայժմ, հենց այդ պատճառով, ի վիճակի չեմ իրականացնել: Գործից բխող ծրագրերում որպես ստեղծագործող փորձում եմ ինձ բավարարված զգալ, թեպետ միշտ չէ, որ հաջողվում է: Այն նախեւառաջ պայմանավորված է բովանդակությամբ ու թեմայով, ինչի դեպքում ավելի հաճախ աշխատում է պրոֆեսիոնալիզմը, քան հոգեւոր նվիրվածությունն ու ստեղծագործական լիարժեք տեսլականը: Ես այսօր հանդիսանում եմ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի կուրսի ղեկավար եւ ուսանողներիս հետ ներդաշնակ շփումն ու ստեղծագործական ազատությունը մասնակիորեն լրացնում է այն բացը, որ ունենում եմ մասշտաբային ծրագրեր իրականացնելիս:
– Դուք եզակի պաշտոնյա եք. ամենաբազմակողմանի արվեստագետ՝ ռեժիսոր, սցենարի հեղինակ, կինոդերասան, երգիչ, երաժշտության հեղինակ, դա ապրելակե՞րպ է, պաշտոնի եւ ստեղծագործական աշխատանքի համադրությո՞ւն, թե՞…
– Պատիվ եմ ունեցել ուսանելու եւ շփվելու ժամանակիս փայլուն արվեստագետների՝ Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Տիգրան Լեւոնյանի… մշակույթի գրեթե բոլոր ոլորտների ամենացցուն կերպարների հետ, հաճախ իրականացրել եմ նրանց հոբելյանական երեկոները: Այս առումով ինձ համարում եմ բախտավոր: Փորձել եմ նաեւ իբրեւ ռեժիսոր իրականացնել օպերային ներկայացում, ինչպես նաեւ դրամատիկական բեմադրություններ, փորձել եմ ինձ նույնիսկ ասմունքում եւ վոկալ արվեստում: Կարծում եմ՝ ստացվել է, գուցե կրկնվեմ, բայց նշեմ, որ բոլորն էլ ինձ հոգեհարազատ ոլորտներ են:
Այս պաշտոնում, անշուշտ, իմացությունս խիստ նպաստավոր է, հանգիստ շփվում եմ պոետների, նկարիչների, կոմպոզիտորների, մշակույթի այլ ոլորտ ներկայացնող արվեստագետների հետ, քանզի տիրապետում ենք մշակութային ընդհանուր լեզվին:
Ինչ վերաբերում է ապրելակերպին, ապա այս պաշտոնում եմ որոշակի եւ կոնկրետ թիմով: Եթե ունեցածս ներուժը մեր քաղաքում կարող է օգտակար լինել ընդհանուր գործին, մեր թիմի կողմից ուրվագծված ու ծրագրված գաղափարների իրականացմանը, ապա այժմ սիրով շարունակում եմ գործունեությունս, քանի դեռ չեմ համարում ինձ սպառված եւ քանի դեռ այս կարգավիճակում ինձ վստահողները շարունակում են իսկապես վստահել, հուսալ, ակնկալել եւ երբեմն-երբեմն՝ գնահատել:
Ըստ էության ստացվում է, որ պաշտոնի եւ ստեղծագործական աշխատանքի համադրությունը կյանքիս այս ժամանակահատվածի համար ապրելակերպ է:
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանի ռեժիսուրայով են նկարահանվել «Հայ կինոյի ոդիսականը» ֆիլմ-էսսեն, «Նպատակներիս ծառը» փաստագրական ֆիլմը, «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ» ֆիլմ-էսսեն, «Ծննդյանդ խորհուրդը» ֆիլմը՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանին, եւ այլն: Ազգային օպերային թատրոնում բեմադրել է Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան: Սեփական լիբրետոյով իրականացրել է Արման Էլբերտի «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերան եւ այլն:
Հեղինակ է բազում միջոցառումների եւ հոբելյանների, այդ թվում՝ Զորավար Անդրանիկի, Համո Սահյանի, Ա. Խաչատրյանի, Սոս Սարգսյանի, Վանուշ Խանամիրյանի, Ժիրայր Ավետիսյանի, Խորեն Աբրահամյանի, Տիգրան Մանսուրյանի, Ալբերտ Մկրտչյանի, Նորայր Մեհրաբյանի եւ մշակույթի այլ մեծերի:
Ի դեպ, ռեժիսորը հայկական առաջին «Թափառում» ռոք ֆիլմ-օպերայի հեղինակն է: Այն նկարահանվել է Արամ Սուքիասյանի լիբրետոյով եւ երաժշտությամբ: Ֆիլմը 2011թ. ներկայացվել է Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում, այնուհետեւ մասնակցել մի շարք միջազգային կինոփառատոների:
«Առավոտ»
23.11.2016
Բայց իր ուսանողներին պետք է մի քիչ կուլտուրայի ու կիրթ լինելու մասին խոսի…