Յոթ անընդմեջ ոչ-ոքիներից հետո Նյու Յորքի «Fulton Market Building»-ում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար գործող թագակիր Մագնուս Կարլսենի եւ հավակնորդ Սերգեյ Կարյակինի միջեւ մրցամարտում արդյունավետ պարտիա արձանագրվեց:
Ռուսաստանցի հավակնորդը ութերորդ տուրում սեւերով պարտության մատնեց նորվեգացի չեմպիոնին եւ հաշվի մեջ առաջ անցավ՝ 4,5:3,5: Դժվար չէ պատկերացնել դրանից հետո Մագնուսի հոգեվիճակը: Առավել եւս, որ նախամեկնարկային մամուլի ասուլիսում հայտարարել էր. «Ես նրան կծեծեմ այնքան, մինչեւ նոկաուտ անեմ»: Սակայն Կարլսենի համար ամեն ինչ արդեն վերջացած չէ: Առջեւում դեռ չորս պարտիա կա խոստումը կատարելու համար:
Հարցն այստեղ այլ է. Կարլսենը հոգեբանորեն պատաստ կլինի՞ դրան, կկարողանա՞ մոռանալ հավակնորդից ստացած նոկդաունը եւ չեմպիոնին վայել հակահարված տալ: Բայց պիտի ենթադրել, որ Կարյակինից ստացած «հարվածը» շատ ցավոտ է եղել: Այնքան ցավոտ, որ Մագնուսը տուրից հետո չկարողացավ զսպել հոգեկան խռովքը, ու չսպասելով մամուլի ասուլիսն սկսվելուն, լքեց դահլիճը:
Մրցամարտի կանոններով, մասնակիցները պարտավոր են պարտիայի ավարտից հետո մասնակցել ասուլիսին եւ պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Այս ոսկե կանոնը խախտելու դեպքում կարգազանցը պատժվում է իր ստանալիք գումարային խրախուսական գումարի 10 տոկոսի չափով, որը հավասարապես բաշխվելու է կազմակերպչի եւ ՖԻԴԵ-ի միջեւ:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, նորվեգացին ինչո՞ւ պետք է դրամական պատիժ կրի, եթե ինքն առաջինն է ներկայացել ասուլիսին եւ Կարյակինն է եղել ուշացողը: Նյու Յորքից մրցամարտը լուսաբանող ռուսաստանցի Վլադիմիր Բարսկին տալիս է այդ հարցի մեկնաբանությունը: Ըստ նրա, կանոնակարգով ամրագրված է, որ պարտիաների ավարտից հետո շախմատիստները նախ պատասխանում են Նորվեգիայի գլխավոր հեռուստաալիքի հարցերին, իսկ Կարյակինը նաեւ կարճ հարցազրույց է տալիս ռուսական «ԾԸՁճ ՁԹ»-ին, որից հետո երկուսով ներկայանում են ասուլիս: Այս անգամ անտրամադիր Մագնուս Կարլսենը չի շփվել իր համերկրացի լրագրողների հետ եւ միանգամից եկել է մամուլի ասուլիսների դահլիճ: Իսկ Սերգեյ Կարյակինն այդ ժամանակ պատասխանել է իր երկրի լրագրողի հարցերին եւ ուր որ է՝ պետք է ինքն էլ ներկայանար: Վլադիմիր Բարսկու փոխանցմամբ, Կարյակինը մեկ անգամ չէ, որ Նյու Յորքում խաղից հետո հանգիստ սպասել է մրցակցին: Իսկ Մագնուսը 95 վայրկյան սպասելուց հետո զայրացել է, ձեռքը թափ տվել իր մենեջեր Էսպեն Ագդեստեյնի ուղղությամբ ու արագ հեռացել է դահլիճից: Իսկ օրվա հերոս դարձած Կարյակինը ստիպված է եղել միայնակ պատմել պարտիայի ընթացքի մասին եւ պատասխանել լրագրողների հարցերին:
Հիմա՝ Մագնուս Կարլսենի պատժաչափի մասին: Հայտնի է, որ մրցամարտի ընդհանուր մրցանակային գումարը $1 միլիոն է, որից 600 հազարը բաժին է հասնում չեմպիոնին, 400-ը՝ պարտվողին: Հետեւաբար, եթե Մագնուս Կարլսենը այս մրցամարտում պարտվի, ստիպված է լինելու վճարել $40 հազար, իսկ եթե հաղթի՝ $60 հազար:
Իսկ այս պահի դրությամբ Սերգեյ Կարյակինն առջեւում է 4,5:3:5 հաշվով: Իններորդ պարտիան, որում սպիտակներով խաղալու է առաջատարը, մեկնարկում է այսօր, Երեւանի ժամանակով 23:00-ին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
23.11.2016