Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների դոպինգ փորձանմուշների կրկնակի ստուգումների արդյունքների հրապարակումը, որում հայտնվել են նաեւ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի անունները, սոցցանցերում պարբերաբար բուռն քննարկումների թեմա են դառնում:
Հրապարակվող մեկնաբանություններն ու վերլուծությունները հակասական են, երբեմն էլ՝ ինչպես գործին տեղյակ աղբյուրներն են վստահեցնում, խեղաթյուրված են: Մասնավորապես, հաճախ ասվում կամ ենթադրվում է, թե մեր երկու ծանրորդների մինչ այսօր գրանցած արդյունքները չեղարկվել են, իսկ Հռիփսիմեն ու Տիգրանը ենթակա են որակազրկման, կամ արդեն որակազրկվել են:
Թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցեց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանի հետ:
«Լոնդոնի օլիմպիական խաղերում Հռիփսիմե Խուրշուդյանի դոպինգ անալիզի կրկնակի ստուգումը կատարվել է այս տարվա մայիսին եւ արդեն հունիս ամսին մենք տեղեկացված էինք, որ նրա նմուշում նորից հայտնաբերվել են սոտանոզոլոլ եւ տուրինաբոլ: Այս պահի դրությամբ, բացի ժամանակավոր հեռացումից, ոչ ՄՕԿ-ի, ոչ միջազգային ֆեդերացիայի կողմից չի իրականացվել: Ժամանակավոր հեռացումը նշանակում է, որ մարզիկը ժամանակավորապես չի կարող մասնակցել միջազգային մրցման, որն անցկացվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո: Դա որակազրկում չէ: Օրինակ, այդ կարգավիճակում մարզիկը հանգիստ կարող է մասնակցել քաղաքի առաջնությանը, որը կազմակերպում է քաղաքապետարանը, կամ իր մարզադպրոցի առաջնությանը: Իսկ թե հետագայում որակազրկման կամ չորակազրկման մասին ինչ որոշում կկայացվի, ոչ ոք չգիտի: Շատ դեպքեր են լինում, որ սկզբից լինում է ժամանակավոր հեռացում, որին հետեւում է մեկ այլ որոշում՝ տալ նախազգուշացում, կամ ընդհանրապես որեւէ գործողություն չկիրառել մարզիկի նկատմամբ: Լինում է նաեւ, որ որակազրկում են: Նույնը վերաբերում է նաեւ Տիգրան Մարտիրոսյանին: Կրկնում եմ, աշխարհում այսօր ոչ ոք չգիտի, թե վերջնական ինչ որոշում կընդունեն միջազգային ֆեդերացիայում»,- ասաց Արեգ Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Ավելին, Aravot.am-ի տեղեկություններով թեթեւ աթլետիկայի միջազգային ասոցիացիան տեղեկություն է տարածել, ըստ որի որակազրկում կայացնելիս, հնարավոր է՝ առաջնորդվեն տվյալ տարվա գործող հակադոպինգային օրենսգրքով: Այսինքն, մարզիկին որակազրկեն այդ պահից հաշվարկված երկու տարով: Մեկ ուրիշ չճշտված տեղեկության համաձայն նաեւ առաջարկություն կա՝ բավարարվել 2008 թվականի Խաղերում դրական նմուշներ բացահայտված մարզիկների՝ մինչեւ 2010 թվականը ցույց տված արդյունքները չեղյալ համարելով: Իսկ նոր կոդոքսը, որով նախատեսվում է չորս տարվա որակազրկում, ընդունվել է 2015 թվականին:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը սրտնեղում է, որ հայկական լրատվամիջոցները այսքան կրքոտ են անդրադառնում հատկապես հայ ծանրորդների հետ կապված տարիների վաղեմություն ունեցող անցյալի այդ անցանկալի պատմություններին ու հաճախ համացանցում ապատեղեկատվություն տարածում: Նրա խոսքերով, հոպինգային այս նույն պատմության մեջ հայտնվել են ՄՕԿ-ի անդամ շուրջ 55 երկրների գրեթե 160 մարզիկներ ամենատարբեր մարզաձեւերից ու Հայաստանի ներկայությունն այդ ցուցակում նվազագույններից մեկն է: Այնպես որ, այս ամենը միայն մեր երկու ծանրորդների մասին չէ: Ամեն անգամ, երբ այդ թեմայով միջազգային մամուլում մի նոր տող է հայտնվում, դա մեզանում վերածվում է լայնածավալ քննարկման ու ով ինչպես պատկերացնում՝ այնպես էլ մեկնաբանում է:
Ինքը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, նույնպես չգիտի, թե ինչպիսի որոշում կկայացվի: «Հավաքականի ոչ մի անդամ երբեք գիտակցաբար որեւէ արգելված նյութ չի օգտագործի՝ քաջ գիտակցելով, որ դա կարող է մեկընդմիշտ վերջ դնել իր մարզական կարիերային, ջուրը գցել տարիներն ու քրտինքը, որ թափել է մեդալ նվաճելու համար: Առավել եւս, երբ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենայն խստությամբ հայտարարել է, որ հակադոպինգային կանոնները խախտող մարզիկներն ու նրանց մարզիչները իրենց գրպանից են վճարելու սահմանված տուգանքները եւ այլեւս հեռանալու են սպորտից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Xnews.am-ի