«Թերթ» լրատվական կայքում տեղադրված «Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել Սփյուռքի նախարարությունում» հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2016 թ. մարտին ՀՀ սփյուռքի նախարարության նոր մասնաշենք տեղափոխման հետևանքով վերացել է «Հայրենիք- Սփյուռք Կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող «Հայերն այսօր» օրաթերթի և «Էլեկտրոնային գրադարանի» աշխատակազմերի համար տարածքների վարձակալման անհրաժեշտությունը, որի հետևանքով տնտեսվել է վարձակալման համար նախատեսված գումարներից 1,8 մլն դրամ: 2016 թվականի հունվարին, երբ կնքվում էր համապատասխան պայմանագիրը, հնարավոր չէր կանխատեսել, թե արդյոք ՀՀ սփյուռքի նախարարությունը կտեղափոխվի նոր մասնաշենք, ինչքան տարածք կհատկացվի նախարարությանը և հնարավոր կլինի արդյոք այդ կառույցները տեղաբաշխել տրամադրվող տարածքներում: Այդ իսկ պատճառով, երբ 2016 թվականի մարտին նախարարությունը տեղափոխվեց նոր մասնաշենք և ամեն ինչ պարզվեց, ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագիրը վերանայվեց, իսկ խնայված գումարը` 1,8 մլն դրամը, փոխանցվեց պետական բյուջե:
– Հիմա կ՞ա արդյոք այստեղ խախտում, թե` ոչ:
– Հայաստանում հաստատված սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով 2015 թ. սեպտեմբերին, երբ արդեն պարզ էր ուսանողների ցանկը` ըստ բուհերի, մասնագիտությունների, կուրսերի և վարձավճարների չափի, ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 1244-Ն որոշմամբ նախատեսվել է փոխահատուցել նրանց վարձավճարի մի մասը` 24,656.0 հազ. դրամ: Ի դեպ, վարձավճարների մնացած` գերակշիռ մասը` ավելի քան 133 մլն. դրամ, վճարել են ՀԲԸՄ-ն և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը: Հետագայում պարզվել է, որ 6-7 ուսանող տարբեր պատճառներով դուրս են մնացել ուսումնական գործընթացից, որի արդյունքում առաջացել է գումարային ավելցուկ, որն էլ վերադարձվել է պետբյուջե:
– Այստեղ ևս կա խախտու՞մ, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
– Սփյուռքի կրթօջախներին տրամադրվող ուսումնական գրականության 80 տոկոսից ավելին ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեռք է բերում «Զանգակ» հրատարակչությունից, քանի որ այդ հրատարակչությունն ունի այդ գրքերի հեղինակային բացառիկ իրավունքները: Այդ հրատարակչությունից, ինչպես նաև մյուս հրատարակչություններից գնված գրքերը, ըստ կարգի, պահեստավորվում են, այնուհետև փաթեթավորվում են, բաժանվում են ըստ հայտերի և տարբեր եղանակներով առաքվում են սփյուռք: Այդ պատճառով նպատակահարմար է համարվել լրացուցիչ տրանսպորտայի ծախսերից խուսափել և տարածք վարձակալել «Զանգակ» հրատարակչությունից` հաշվի առնելով գրքերի պահպանման համար անհրաժեշտ պայմանները, տարածքի մեծությունը, պահպանման ապահովությունը և հիմնվելով պահեստների վարձակալության գործող շուկայական գների վրա` իրականացնել գնում բանակցային ընթացակարգով:
– Իսկ այստեղ, ո՞րն է խախտում:
– Տարեգրքերի մասով տեղեկացնում ենք, որ թեև հարցը իր այժմեականությունը կորցրել է, քանի որ այս պահին պահեստում մնացել է ընդամենը մի քանի տասնյակ գիրք, այնուամենայնիվ, չվիճարկելով արձանագրված փաստը՝ հայտնում ենք, որ գրքերը սփյուռք են առաքվում նախարարության ծրագրերի մասնակիցների միջոցով` դարձյալ լրացուցիչ ծախսերից խուսափելու նպատակով: ՀՀ ՎՊ կողմից ուսումնասիրությունը կատարվել է մայիս ամսին, իսկ արդեն հուլիս-սեպտեմբեր ամիսներին տարեգրքերը, ինչպես նաև դպրոցների համար նախատեսված դասագրքերն ու ուսումնաօժանդակ գրականությունը, առաքվել են նախարարության կազմակերպած միջոցառումների 3000-ից ավելի մասնակիցների օգնությամբ:
– Մի՞թե պետական միջոցների խնայողությունը ևս խախտում է համարվում:
– Տարբեր կազմակերպություններին սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հետազոտություններ պատվիրելիս որպես դրամաշնորհ սովորաբար մեր կողմից տրամադրվում է 1,2 մլն դրամ, և սահմանվում են այն նվազագույն չափանիշները, որոնց պետք է բավարարեն կատարվող հետազոտությունները: Սա չի նշանակում, որ բոլոր հետազոտությունների կատարման համար պետք է ծախսվեն նույն գումարները: Հետազոտողները հաճախ, ըստ անհրաժեշտության, գտնում են հետազոտությունների իրականացման համար նաև հավելյալ գումարներ սեփական միջոցներից կամ այլ աղբյուրներից: Օրինակ, հաճախ մենք հետազոտության համար նախատեսվում է ծավալ` 100 էջի սահմաններում, բայց հետազոտողները ներկայացնում են 200 կամ ավելի էջից բաղկացած հետազոտություն, որոնց համար լրացուցիչ վարձատրություն չի տրվում:
– Այս դեպքում որտե՞ղ է խախտումը:
– Դեռևս 3 տարի առաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, ինչպես բոլոր նախարարություններում, այնպես էլ ՀՀ սփյուռքի նախարարությունում կատարվել են հաստիքային կրճատումներ` 5 տոկոսի չափով, իսկ աշխատավարձից տնտեսված միջոցները թողնվել են նախարարությանը` «Այլ վարձատրություններ» հոդվածով: Քանի որ այդ գումարները նույնպես աշխատավարձի ֆոնդից էին տնտեսվել, ապա նրանց մի մասը օգտագործվել է աշխատողների պարգևատրման նպատակով: Ի դեպ` ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների պարգևատրումը 2015 թվականին միջինը չի գերազանցել մեկամսյա աշխատավարձի 90 տոկոսը, իսկ «Այլ վարձատրություններ» և «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածներով տնտեսված մոտ 16 մլն դրամը չի վճարվել որպես պարգևատրում, թեև դրա իրավունքը կար, այլ ետ է փոխանցվել ՀՀ պետբյուջե:
16 մլն դրամի խնայողությունը և պետբյուջե վերադարձնելը նույնպե՞ս խախտում է:
Ահա ՀՀ սփյուռքի նախարարության «խախտումները»:
ՀՀ սփյուռքի նախարարություն