ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն Մուրադ Մալխասյանը, որը գյումրեցի երկու երգիչների՝ Մաշա Մնջոյանի, Գագիկ Մկոյանի ու երաժիշտներ Վահան Ուռուտյանի, Արթուր Զատիկյանի և Հարություն Եղիազարյանի հետ նոյեմբերի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում համերգ է տվել՝ նվիրված արցախյան հերոսներին, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ունկնդրելու էին եկել ինչպես տեղի հայերը, այնպես էլ ռուսներ ու կանադանցիներ։
Իսկ երգացանկում ընդգրկված են եղել ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ու անգլերեն երգեր։ Երգիչը նշում է, որ համերգի կազմակերպիչներն ամուսիններ Սամվել և Հասմիկ Մամիկոնյաններն են, որոնք գլխավորում են Տորոնտոյի «Օջախ» մշակութային կենտրոնը։ Հասմիկ Մամիկոնյանը, ըստ Մուրադ Մալխասյանի, երգել է Գյումրու ժողգործիքների նվագախմբում բացված օրվանից, սակայն հետագայում տեղափոխվել է բնակության Իսրայել, այնուհետ Կանադա։
Մուրադ Մալխասյանի ասելով, տիկինը իր կապերը երբևէ չի խզել հայրենի Գյումրիի հետ, մտածել է մի ծրագիր անել՝ Գյումրու սոցիալական խնդիրները թեթևացնելու համար ու իրեն առաջարկել է Գյումրու փողոցները վերանորոգելու նպատակով համերգ կազմակերպել Կանադայում։
«Երբ Արցախյան պատերազմը եղավ, որոշեցինք համերգը նվիրել մեր հերոսներին, գումարն ուղարկել զոհված հերոսների ընտանիքներին։ Առաջին համերգը Տորոնտոյի մի մեծ բեմում էր, երկրորդ օրը Ավետարանչական եկեղեցում, որտեղ մասնակցեցին նաև տեղի դաշնակցականները։ Գիտեք՝ նրանք շատ հզոր են Կանադայում։ Ես միայն ուրախ կլինեմ՝ եթե մեր ու նրանց ուժերը համատեղ օգտագործվեն ի շահ հայրենիքի, նաև բազմաթիվ սոցիալական խնդիրներ ունեցող Գյումրիի»,- ասաց երգիչը։
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վահան Ուռուտյանի ֆեյսբուքյան էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ