Մեծարգո պարոն վարչապետ,
Ձեզ են դիմում «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք և հարազատներ։
Ձեզ ենք դիմում ճարահատյալ բաց նամակով, քանի որ այն ողջունելի ընթացակարգը, որը Դուք նախաձեռնել եք հեռախոսազանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով, անմիջական կապը Ձեր խորհրդականների հետ, չտվեց սպասվելիք արդյունքը։
2015թ. ՀՀ ԱՆ դեկտեմբերի 23-ի թիվ 3696-Ա հրամանով «Նորք» հոգեբուժական կենտրոնում իրականացվում է թվով 300 հիվանդի արտահիվանդանոցային բուժում, որն իրականացվում է «Զիպրեքսա» արդյունավետ դեղով, սակայն տեղեկացված ենք, որ ծրագիրն ավարտվելու է 2016թ դեկտեմբերին, այդ իսկ պատճառով ակնկալում ենք Ձեր բարի կամքը, մարդասիրությունը հիվանդների համար կենսականորեն կարևոր այս հարցի լուծման համար։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 28-ին ուղարկեցինք նամակ Ձեր օգնական պարոն Գևորգ Մուրադյանին, նույն օրը ստացանք պատասխան պարոն Մուրադյանից, որ մոտակա ժամանակահատվածում, խնդրին ընթացք տալու համար, Առողջապահության Նախարարությունից մեզ հետ կկապնվեն։ Մի քանի օր սպասելուց հետո՝ Նոյեմբերի 7-ին մեծ ջանքերի շնորհիվ 5-6 շահառուներով հանդիպեցինք ԱՆ աշխատակազմի ղեկավար պարոն Բաղրյանի հետ՝ մեր նպատակն էր ներկայացնել մեր խնդիրը անձամբ նախարարին։
14.11.2016թ հեռախոսազրույց ունեցա պարոն Բաղրյանի հետ մեր նախորդ հանդիպման արդյունքներին տեղեկանալու, ինչպես նաև նախարար պրն Ալթունյանի հետ հանդիպման համար։ Առ այսօր ոչ մի պատասխան …
22.11.2016թ ԱՆ-ում անց է կացվել խորհրդակցություն ուղղված վերոհիշյալ հարցի քննարկման, որին մենք անհայտ պատճառներով հրավիրված չէինք, այն անցկացնում էր
նախարարի խորհրդական Արայիկ Պետրոսյանը, ով խնդրել է մեզ փոխանցեն, որ աղմուկ չբարձրացնե՜նք, չդիմե՜նք Ձեզ, քանի որ մեր կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը լինելու են ապարդյուն։ Սակայն, Ձեր անձի հանդեպ ունեցած մեր հավատն ու վստահությունը ստիպեցին դիմել Ձեզ բաց նամակով։
Խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ գործադիր մարմնի ղեկավար հետամուտ լինել և օգնել մեր այս հույժ կարևոր, մարդկային կյանքին վտանգ սպառնացող խնդրի լուծմանը։
Կանխավ շնորհակալ ենք:
«ՀԱՎՀԱ» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյան
Հեռ։ 077 40 80 53