ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Մայքրոսոֆթ կորպորացիայի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովը նոյեմբերի 23-ին այցելեցին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան։
Հյուրերը միասին շրջեցին կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի ներկայիս գործունեությանը և արդյունքներին։ Կենտրոնը իրականացնում է ծրագրավորման ոլորտում տարաբնույթ կրթական ծրագրեր՝ ներգրավելով ինչպես տեխնիկական, այնպես էլ ոչ տեխնիկական կրթությամբ մարդկանց։ Ներկայումս ամսական կտրվածքով կենտրոնում դասընթացներ են անցնում 250-ից ավել մարդիկ, ովքեր հետագայում պրակտիկայի ծրագրերի միջոցով աշխատանքի են անցնում Հայաստանում գործող ՏՏ ընկերություններ։
Շրջայցի ընթացքում հյուրերը ականատես եղան BetConstruct ընկերության հետ անցկացվող պրակտիկայի ծրագրի թեստավորմանը, ծանոթացան «Պրաեմիում» ավստրալիական ընկերության հետ անցկացվող պրակտիկայի ծրագրում ներգրավված կրտսեր ծրագրավորողների աշխատանքին, ինչպես նաև հանդիպեցին իրենց առաջին քայլերն անող մի շարք հաջողակ ստարտափերի հետ։ Ստարտափերը իրենց պրոդուկտը մշակելիս ներգրավված են եղել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսելերացիայի ծրագրին, կենտրոնի աջակցությամբ կարողացել վերջնական տեսքի բերել իրենց պրոդուկտը և ներգրավել ներդրողների։
Հանդիպման վերջում ներկաները հանդիպեցին կենտրոնում ընթացող վերապատրաստման դասընթացի մասնակիցներին, ովքեր առաջին քայլերն են անում ծրագրավորման ոլորտում։ Կենտրոնը իր չորսամյա գործունեության ընթացքում վերապատրաստել է ավելի քան 5000 ուսանողների, որոնց 80%-ը ներկայումս աշխատում է որպես ծրագրավորող։
Կարդացեք նաև
Պարոն նախարարը Մայքրոսոֆթ կորպորացիայի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովի և կենտրոնի հետ քննարկեցին համալիր կրթական ծրագիր մշակելու և այն մասսայական դարձնելու հնարավորությունը, ինչը կնպաստի գործազրկության կրճատմանը և ՏՏ ընկերություններում աստիճանաբար մեծացող պահանջարկի կառավարմանը։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան