Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ասել նախագահականում՝ մարզային TV-ների լինել-չլինելու խնդրի շուրջ. (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2016 17:51

«Հեռարձակման թվայնացման համատեքստում դրված է մարզային հեռուստաընկերությունների գործել-չգործելու հարցը»,-այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» թեմայով քննարկմանը նշեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա քննարկմանը մասնակից մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ օրերս նշյալ խնդրով առանձնազրույց է ունեցել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ. քննարկել են մասնավոր մուլտիպլեքսների եւ մասնավոր հեռուստաընկերությունների լիցենզավորման գործընթացը պարզեցնելու օրինագծի առաջադրման հարցերը:

«Զրույցի ժամանակ ասվեց, որ նման լուրջ օրենսդրական նախաձեռնություններ կարող են իրականացվել միայն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ քաղաքական ուժերը զբաղված են լինելու քարոզարշավով: Այսինքն, եթե սպասենք ընտրությունների ավարտին, մարզային TV-ները կդադարեն գործել, որովհետեւ կորցնում են իրենց լսարանը»,- նկատեց Աշոտ Մելիքյանը:

Նա նաեւ հայտնեց, որ նույն խնդրով հանդիպում է ունեցել նաեւ նախագահականում, որտեղ պատասխանել են՝ քանի որ ընտրությունների փուլ է գալիս, օրենսդրական փոփոխությունները գրեթե անհնար են: Սակայն, Մելիքյանի փոխանցմամբ՝ նախագահականից խոստացել են առաջիկայում փորձել մարզային TV-ների համար որոշակի լուծումներ գտնել:

Քննարկմանը ներկա «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նշեց, որ մարզային TV-ներին հնարավոր է ժամանակավորապես ինտեգրել հանրային հեռարձակման թվային ցանց, սակայն դա նշյալ հեռուստաընկերությունների համար տեխնիկական ծախսեր է ենթադրում:

Հիշեցնենք, որ մարզային հեռուստաընկերությունները բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին՝ ներկայացնելով անալոգային հեռարձակման անջատման հետեւանքով ստեղծված խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930