Լրահոս
Օրվա լրահոսը

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան փակվում է «թուրքական չուլուփալասի» պատճառով. տնօրենի ահազանգը՝ վարչապետին

Նոյեմբեր 23,2016 17:48

Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան, այժմյան «Նայթեքս» ԲԲԸ-ն, թեև տեխնիկապես բարվոք վիճակում է, մեծամասամբ կատարել է պաշտպանության նախարարության պատվերներն ու պատվով դուրս եկել, այժմ փակման եզրին է։ Aravot.am-ի հետ զրույցում «Նայթեքս» ԲԲԸ-ի տնօրեն Հակոբ Աղաբեկյանը պատմեց, որ հինգ տարի առաջ 250 միլիոն դրամ վարկ են վերցրել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնից, 200 միլիոնը տույժ-տուգանքով կարողացել են վերադարձնել են, սակայն 50 միլիոնի պատճառով փակման եզրին են հայտնվել։

«Վարկը տրամադրեցին Սերժ Սարգսյանի անմիջական կարգադրությամբ։ Նա նախընտրական քարոզարշավի ժամանակ եկավ Մարալիկ, տեսավ մեր ֆաբրիկայի հնարավորությունները ու կարգադրեց զարգացման համար մեզ գումար տրամադրել։ Մենք էլ վարկ վերցրեցինք, որպեսզի կարողանայինք պաշտպանության նախարարության պատվերներն իրականացնել, այն ինչ բամբակից է, մենք կարում ենք՝ թե՛ սրբիչներ, թե՛ գուլպանասկեղեն, թե՛ անկողնային պարագաներ։ Անգամ մտադրվել էինք կարելու զինվորական համազգեստներ, ուղղակի ֆինանսական միջոցները չբավարարեցին։ Հետո այլևս պատվեր չունեցանք, հայկական շուկան էլ հա լցրեցին թուրքական էժանագին չուլուփալասով, որը մեր գործին խփեց ու չկարողացանք վերցրած վարկը փակել, իհարկե, 200 միլիոն դրամ՝ տույժ ու տուգանքով, վերադարձեցինք։ Վարկը սկզբում տվել էին 11 տոկոսով, 3 տարի ժամկետով էինք վերցրել, բայց հետո 11 տոկոսը դարձրեցին 23 տոկոս։ 2013 թվականին ՓՄՁ-ն մեզ դատի տվեց ու կալանքի տակ վերցրեց մեր հաշիվները։ Նոր Տարվան մոտ էր, մենք էլ դիմեցինք դատարան, որպեսզի հաշիվներս բացեն, որ կարողանանք աշխատավարձ տանք, մարդիկ մեղք էին, նրանք էլ եկան, դիմեցին, տույժ-տուգանքը դարձրեցին 23 տոկոս։ Մեզ դատի տալու պատճառով չկարողացանք անգամ մասնակցել պաշտպանության նախարարության հայտարարած տենդերին․․․ Մտածում էինք, որ մի տարի էլ կմասնակցեինք պաշտպանության նախարարության տենդերներին, պատվերներ կընդունեինք, բայց ընկանք տոկոսների տակ․․․ Պատկերացրեք, մենք նախապատրաստվում էինք 300-400 մարդ աշխատանքի ընդունելու, բայց մեր պարտքը՝ տույժ-տուգանքով, հասավ 166 միլիոնի։ Հիմա միայն այդքան ՓՄՁ-ին ենք պարտք, էդ մարդիկ՝ ՓՄՁ-ի ներկայացուցիչները, միայն մի ելք են տեսնում՝ մեր ֆաբրիկան սնանկ ճանաչելը, ասում են՝ կամ փողը բերեք կամ սնանկացեք»,-նեղվելով պատմեց Հակոբ Աղաբեկյանը։

983_01

 

Մեր հարցին՝ դուք այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում, Հակոբ Աղաբեկյանն ասաց․ «Մենք տեղում ամեն ինչ արտադրում ենք, բայց գնում Թուրքիայից են բերում՝ էժան գներով, տեղի արտադրողը հետները չի կարող մրցակից լինելը, սա պրոբլեմ է․․․Մենք, իհարկե, պայքարեցինք, պայքարեցինք, բայց մեր փողերը սահմանափակ են վերջը․․․»

Մեր հարցին՝ եթե փակվի ֆաբրիկան քանի՞ ընտանիք սոված կմնա, տնօրենը պատասխանեց․«Սաղ սոված են արդեն, կուշտ մարդ ե՞րբ կա, ես էլ եմ արդեն սոված, շներն էլ հետը։ Ափսոս է այս ֆաբրիկան․ հանրապետության որ մասում ինչ հաստոց ծախեցին, բերեցինք, հասցրեցինք մեր ֆաբրիկա ու ամեն ինչ արտադրեցինք․․․ Մեքենաների վրա էլ անընդհատ գումար պետք է ծախսես, անասունին, որ չկերակրես կաթ չի տա, նույն պատմությունը մեքենաների հետ է, մենք էլ այդքան փող չունենք։ Էդ 250 միլիոնը, որ ասում ենք վերցրեցինք, բերեցինք, դա իրենից բան չի ներկայացնում․ 4 ավտո բամբակ է։ Մենք դուրս արտահանելու հնարավորություն ունենք, ուղղակի հումք շատ է պետք, Ռուսաստան, Բելառուս գնացինք, շուկաներն ուսումնասիրեցինք, եկանք, մտածեցինք, չենք կարող, այնտեղ շուկա մտնելու համար մի երկու ավտո ապրանք պիտի Ռուսաստանում պահեստ ունենան, որպեսզի կարողանաս սպասարկես, ավտոներ պիտի ունենաս ճանապարհ ընկնելու համար, իսկ դրանք մեծ գումարներ են։ Բայց ասեմ ձեզ, մեզ հիմա դրսի շուկան պետք չէ, մեզ տեղի շուկան էլ բավարար է, ուղղակի թուրքական չուլուփալասը չպիտի թույլ տալ Հայաստան մտցնելու։

Ես դիմում եմ վարչապետին՝ հերիք հարստացնեք թուրքին, օգնեք մեզ՝ չփակելու ֆաբրիկան, նման ֆաբրիկա կա այլևս Հայաստանում, եթե ուզեք Հայաստանում թեթև արդյունաբերություն զարգացնել, այսպիսի շինության այլևս չեք կարող կառուցել։ Ես ֆաբրիկայի հիմնադրման օրվանից աշխատել եմ, 50-60 միլիոն ռուբլի էն ժամանակ ներդրեցին ֆաբրիկայի կառուցման համար։ Էսպիսի ֆաբրիկա այս տարածքում մի հատ է մնացել, սաղ քանդեցին, մենք պահեցինք, պահեցինք, հասանք լեն օրերին, որ նման վիճակի հայտնվենք։

Աշխատավարձից էլ երբեք դժգոհ չեն մնացել աշխատողները, իսկ ֆաբրիկան այս մարզի համար շատ մեծ նշանակություն ունի․ այստեղ աշխատում են թե՛ Մարալիկից, Պեմզաշենից, Արթիկից, թե՛ Գյումրիից, հատուկ մասնագետների ենք հրավիրել, նույնիսկ աշխատողներ կան Սիրիայից, Երևանից, հատուկ ավտոբուս էի տրամադրել, բանվորերին ու մասնագետներին բերում-տանում էր։ Ես գիտեմ, որ վարչապետը բիզնեսը փրկելու քայլեր է անում, արտադրողների կողքին է, հորդորում եմ՝ ափսոս է, փրկեք մեր ֆաբրիկան սնանկացումից․․․»։

Նշենք, որ ֆաբրիկան աճուրդի է հանված։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Hetq.amի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930