ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մարտի 13-ին Սարի-Թաղում 16-ամյա տղայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մարտի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։ Եվս 5 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացնել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Կարդացեք նաև
Նախնական քննության տվյալներով՝ մարտի 13-ին, Սարի-Թաղի անչափահաս բնակիչների միջև մի հարցի շուրջ թյուրընկալման պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետագայում վերածվել է ծեծկռտուքի։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել են նաև Սարի Թաղի բնակիչներ Պետրոսյան եղբայրները (ծնված 1990, 1991 թթ.), որի ժամանակ էլ նրանցից կրտսերը նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է 16-ամյա տղայի սրտի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Վերջինս ստացած վնասվածքից մահացել է։ Նույն միջադեպի ժամանակ դանակի գործադրմամբ վնասվածքներ են պատճառվել նաև այլ անչափահասների՝ պատճառելով միջին և ծանր մարմնական վնասներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կրտսեր եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, իսկ ավագ եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե