Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ իմ նկատմամբ ոստիկաններն ունեն գրեթե ատելություն». Գեւորգ Սաֆարյան

Նոյեմբեր 23,2016 17:29

 Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տոնածառի հայտնի գործով ցուցմունք տվեց «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները այլընտրանքային տոնածառ էին փորձել տեղադրել Ազատության հրապարակում, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ միջադեպ էր եղել: Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով:

Գեւորգ Սաֆարյանն իր ցուցմունքում ասաց, որ Գեղամ Խաչատրյանի վրա որեւիցե վնասվածք չի եղել, այտուց, աչքը ուռած, դա երեւաց նաեւ տեսանյութում, ինչը նշանակում է, որ Գեղամ Խաչատրյանի ենթակաները սուտ ցուցմունք են տվել:

Նրա խոսքերով՝ «Անձամբ իմ նկատմամբ ոստիկաններն ունեն գրեթե ատելություն, բոլոր միջոցառումների ժամանակ, որտեղ ես ներկա եմ, գրեթե միշտ տեղի է ունեցել անհարկի ինձ ձերբակալում: Մի անգամ կենտրոն տեղափոխելուց հետո ծնկի շրջանում լուրջ վնասվածքներ եմ ստացել, ստիպված են եղել ոստիկանությունից տեղափոխել շտապօգնության մեքենայով հիվանդանոց: Մասնավորապես Գեղամ Խաչատրյանի կողմից կա հատուկ վատ վերաբերմունք»:

Նա պատմեց, որ մի անգամ Գեղամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հայհոյանքներ է գրել իր հասցեին, իր հարազատների հասցեին. «Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը չէր հերքել, որ Գեղամ Խաչատրյանը հայհոյանքներ էր գրել իմ նկատմամբ, փաստացի նշել էր, որ դա Գեղամ Խաչատրյանի անձնական գրառումն է եղել»:

Գեւորգ Սաֆարյանն ասաց, որ անընդհատ է զգում ոստիկանների բացասական վերաբերմունքը. «Մոտենում են եւ ասում են՝ մենք էս Նոր տարի տոնով կլինեինք տանը, եթե դուք չլինեիք, մեզ ասում էին՝ մենք ձեզ ջարդելու ենք, ձեր վերջը եկել ա, չենք թույլ տալու: Քանի որ մենք տոնը նշելու էինք Ազատության հրապարակում, իրենց թույլ չէին տվել լինել տանը, դրա համար հավելյալ կատաղություն կար»:

Ըստ Գեւորգ Սաֆարյանի, ոստիկաններն այդ միջադեպի օրը խախտել են Հավաքների ազատության մասին օրենքը, Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ նաեւ. «Ոստիկաններից Գագիկ անունով ավագ լեյտենանտը, որին անվանում են Չոռնի Գագո, Սեւ Գագո, նաեւ Սանտա Գագո մականունով, նա ասել է, որ Հովհաննես Ղազարյանը իր հետ պետք է գա բաժանմունք: Հովհաննեսը փորձում է պարզել՝ ինչի, տանում են բաժին, որից հետո բաց են թողնում, հետո պարզում են որտեղ է, ոստիկանության աշխատակիցները մոտենում են, իր ձեռքից քաշում տանում են Չեբուրաշկայի դիմակը եւ այլեւս չեն վերադարձնում՝ նպատակ ունենալով, որ հավաքի ժամանակ այդ դիմակի հետ կապած բեմականացումը չիրականանա»:

Նա ասաց, որ ոստիկաններն ակնհայտորեն ուզում էին խոչընդոտել իրենց հավաքը:

Հետո, ըստ Գեւորգ Սաֆարյանի պատմածի, Կարո Եղնուկյանի ձեռքի արհեստական տոնածառն են կոտրել ոստիկանները՝. «Դա տվյալ մարդու սեփականությունն է, կոտրել են, ինչը քրեորեն պատժելի արարք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930