«Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016»-ին ընդառաջ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակում են հանդիպումները տեղի հայկական հեղինակավոր կազմակերպությունների պատասխանատուների հետ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի փոխվարչապետը և Պարգև Սրբազանը հանդիպել են Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի հետ: Արթուր Աղաբեկյանը, Արցախի կառավարության անունից, երախտագիտություն է հայտնել Համագումարի ղեկավարությանը՝ Արցախին մշտապես սատար կանգնելու համար: Հանրապետության փոխվարչապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել հարցերի այն շրջանակի վրա, որոնք ներկա փուլում առավել կարևոր են Արցախի անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև Արցախի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական և քաղաքական բնույթի մի շարք հարցեր: Ամերիկայի հայկական համագումարի պատասխանատուները կարևորել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և այդ համատեքստում իրենց աջակցությունն են հայտնել «Հեռուստամարաթոն 2016»-ին, որի այս տարվա հավաքագրված հասույթը կուղղվի Արցախի տուժած սահմանամերձ բնակավայրերի վերականգնմանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում