Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելը խորհուրդ է մեզ»

Նոյեմբեր 23,2016 17:13

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատային ավանդական սեանս անցկացրեց Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների աշակերտների, հետ, որին մասնակցեցին հինգ դպրոցների շախմատասեր 20-ից ավելի երեխաներ:

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով այս միջոցառման նախաձեռնողը «Հույսի կամուրջ» ՀԿ-ն է, որն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը: Միջոցառման նպատակն է՝ հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը շնորհակալություն հայտնեց Լեւոն Արոնյանին, որն արդեն ութ տարի իրենց հետ քարոզում է բոլորի համար հավասար հնարավորություններ եւ իր հեղինակությամբ փոխում շատ մարդկանց մտածելակերպը եւ դիրքորոշումը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ: «Մենք չենք կարող հանգիստ վայելել այս երկիրը, երբ գիտենք, որ կան երեխաներ, երիտասարդներ, մեծահասակներ, որոնք հաշմանդամության կամ տարբեր սահմանափակումների պատճառով չեն կարողանում, ինչպես սովորական մարդը, օգտվել այն ամենից, ինչ կա այս երկրում եւ որից օգտվում են մյուսները՝ մասնակցել, աշխատել, կրթություն ստանալ, ինքը որոշել իր կյանքը, ապրել ինքնուրույն կյանքով: Իմ համոզմամբ, սա յուրաքանչյուրիս առաքելությունը պետք է լինի, որպես այս երկրի քաղաքացի եւ հայ քրիստոնյա», – ասաց տիկին Թադեւոսյանը:

aronyan

Լեւոն Արոնյանն ավելացրեց, որ ամեն մի հայի համար կարեւոր է՝ ակտիվ լինել իր երկրի կյանքի մեջ, որ հավասարությունը, մարդկանց լիարժեք կյանք ապրելու հնարավորություն տալը մեր երկրում ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Շախմատը հենց այն խաղն է, որը ողջունում է այդ հավասարությունը: Հարցին, թե սահմանափակումներ ունեցող երեխաների հետ շախմատ խաղալը հոգեբանական խնդիրներ առաջացնո՞ւմ է, Հայաստանի լավագույն շախմատիստը պատասխանեց. «Կյանքում եւ շախմատում ես իմ հակառակորդներին այդպիսին չեմ տեսնում, դրա համար էլ նման խնդիր չունեմ: Այս երեխաների համար ամենակարեւորը բոլորի հետ իրենց հավասար զգալն, որ իրենց համար հնարավորություններ ստեղծված են: Սա ավելի շատ խորհուրդ է մեզ, որպեսզի կարողանանք ապահովել բոլորի համար հավասար պայմաններ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930