Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վարչապետի վարկանիշն այժմ ավելի բարձր է, քան նախագահինը

Նոյեմբեր 23,2016 16:57

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Նա տեղեկացրեց, որ  իրականացվել են դեմ առ դեմ հարցումներ 1104 հոգու շրջանում, նոյեմբերի 2-16-ը: Հարցումն իրականացվել է ներկայացուցչական ընտրանքով:

Ըստ այդմ` ՀՀ քաղաքացիների 33,2 տոկոսը ՀՀ տնտեսության վիճակը «շատ վատ» է գնահատում, ընդամենը 1.2 տոկոսն է «լավ» գնահատում տնտեսության վիճակը:

Հարցման մասնակցած անձանցից 14.9-ը տոկոսը լիովին հավանություն է տալիս ՀՀ նախագահի ինստիտուտի գործունեությանը, 23 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գործունեությունը, ԱԺ-ն ամենացածր արդյունքներն է գրանցել` ընդամենը 10,4 տոկոս: Դիտարկմանը, թե փաստորեն ՀՀ-ում վարչապետի վարկանիշն ավելի բարձր է, քան նախագահինը, պարոն Նավասարդյանն արձագանքեց. «Փաստն այն է, որ միշտ նախագահի ինստիտուտն էր առավելագույն ցուցանիշ գրանցում, այս հարցման դեպքում կառավարությունն է գրանցել ավելի բարձր ցուցանիշներ: Միշտ ձայները բաշխվում էին նախագահ, կառավարություն, ԱԺ-ի աշխատանք հերթականությամբ: Բայց այս փուլում ստացվել է այնպես, որ կառավարության աշխատանքը շատ ավելի է գնահատվել, քան նախագահինը»:

Հարցման ընթացքում հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում` Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու որոշմանը, պարոն Նավասարդյանը տեղեկացրեց, որ  57.2 տոկոսն «ավելի շուտ դրական» և 28 տոկոսը «լիովին դրական» է համարում այս որոշումը: Փաստորեն, 86.1 տոկոսն այս հարցով դրական վերաբերմունք է արտահայտել:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը 3.7 տոկոսը գնահատել է «ավելի շուտ բացասական», 56.2 տոկոսը «ավելի շուտ դրական», 28.9 տոկոսը «լիովին դրական»: Պարոն Նավասարդյանը, այս ցուցանիշը համեմատելով նախորդ տարիներին գրանցվածների հետ, նշեց. «85,1 տոկոսը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գործելաոճը: Սա վերջին տարիներին մեր հարցումների ժամանակ ստացված ամենաբարձր ցուցանիշն է վարչապետի գործունեության վերաբերյալ»:

Հարցումներ են անցկացվել նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների և կուսակցությունների վարկանիշի հետ կապված: Հարցման մասնակցածների 62.2 տոկոսը կմասնակցեր խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կազմակերպվեին առաջիկա կիրակի օրը: Իսկ թե որ կուսակցությանը ձայն կտային, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ)` 2,4 տոկոս, «Նոր Հայաստան»`1,9, «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ»`  0,1, ՀՀԿ` 19,5, «Հայկական վերածնունդ»`1,2,  ՀԺԿ` 0,5, ՀՅԴ` 3,4, ՀԱԿ` 1,4, «Լուսավոր Հայաստան»` 0,8», «Ժառանգություն»` 3, ԲՀԿ` 18,4, «Ալյանս»` 0,5, «Ազատ դեմոկրատներ»` 0,3 տոկոս: Արամ Նավասարդյանի փոխանցմամբ` Երևանում առաջատար է ՀՀԿ-ն, իսկ մարզերում ԲՀԿ-ն:

Իսկ թե որ կուսակցություններն են համարվում ընդդիմադիր՝ 3,6 տոկոսը այդպիսին համարում է «Նոր Հայաստանին», 2,5 տոկոսը ՔՊ-ին, 3,2-ը ՀԱԿ-ին, 3,1-ը «Ժառանգությանը»:

Հանրության շրջանում ամենաընդդիմադիր գործիչները ըստ հարցման արդյունքների Ժիրայր Սեֆիլյանը, Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն են` 3,7 միավորով, հաջորդաբար 3,2 միավորով Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, 3,1 միավորով Հրանտ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը, 3 միավորով Լևոն Զուրաբյանը, 1,9 միավոր է գրանցել Ռոբերտ Քոչարյանը:

Մեկ այլ թեմայով հարցման արդյունքներով` հարցմանը մասնակցածների 91 տոկոսը նշել է, որ տեղյակ է «Սասնա ծռերի»` հուլիսին ՊՊԾ գնդի գրավման փաստի մասին: 46 տոկոսն այդ քայլի պատճառ է համարում երկրում անարդարության մթնոլորտը, 41 տոկոսը ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, 32 տոկոսը իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքի բացակայությունը, 21 տոկոսը ԼՂ հարցում ոչ հայանպաստ լուծումների կանխատեսումը: 10 տոկոսը նշել է, որ դա արտաքին ուժերի կողմից իրականացված պատվեր էր:

Հանրության միայն 8.4 տոկոսն է պատասխանել, որ անձամբ մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերին, 91 տոկոսը բացասական պատասխան է տվել:

Հարցվածների 7.5 տոկոսը կարծում է, որ հնարավոր է իշխանափոխություն իրականացնել զինված հարձակման միջոցով, 20 տոկոսը` խաղաղ ցույցերի, 25,1-ը` հզոր և ներկայացուցչական ընդդիմության, 59,6 տոկոսն արդար ընտրությունների միջոցով:

gallup-international-association-compressed

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930