Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի փեսան իր տան տանիքում արեւային պանելներ է տեղադրել (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2016 15:46

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հորդորում է էլեկտրականություն ստանալու համար օգտվել Հայաստանի առատ արեւից: Պարոն Հարությունյանը, որը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է, սեփական օրինակով բացատրում է արեւային կայանների օգտագործման շահավետությունը:

Այսօր «Արմենպրես» ակումբում փոխնախարարն ասաց, որ ինքն արդեն 2.5 ամիս է՝ իր տան տանիքում տեղադրել է արեւային պանելներ եւ ինքն է իր ընտանիքի սպառման համար էլեկտրականության արտադրողը. «Դիմել եմ լիզինգի, բերել են տեղադրել, սկզբնական ներդրում չի պահանջվում: Այն գումարը, որ ամսական պետք է վճարեի հոսանքի համար, հիմա լիզինգի վճարն է»:

Թե որքան է փոխնախարարը հիմա՝ արեւային պանելների տեղադրումից հետո տնտեսում՝ նախորդ տարվա այս ամսվա համեմատ, մեր այս հարցին ի պատասխան, պարոն Հարությունյանը կոնկրետ թիվ չասաց.«Թիվը բոլորի համար տարբեր է: Մինչեւ երեխայիս ծնվելը մեր տան էներգետիկ ծախսը 2 անգամ քիչ էր, երեխայիս ծնվելուց հետո՝ շատացավ: Այսինքն՝ ամեն ընտանիքի համար այդ թիվը տարբեր է»:

Փոխնախարարը բացատրեց, թե որքան գումար է կազմում արեւային պանելների տեղադրումը միջին սպառման էլեկտրաէներգիայի արտադրության համար.«Միջին ամսական սպառումը 200 կիլովատ ժամ է, տարեկան՝ մոտ 2400 կիլովատ ժամ է, սա ապահովելու համար հարկավոր է 1.5 կիլովատ արեւային պանել, սա 5 հատ պանել է, 1 կիլովատի արժեքը 1000 դոլար է: Պանելների գինը գնալով նվազում է, անընդհատ նվազում է: Եվ հավելյալ մարտկոցներ դնելու կարիք էլ չկա»:

Մանրամասն՝ տեսանյութերում

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարը նաեւ ներկայացրեց կառավարության ծրագրի էներգետիկային առնչվող մասը: Այն բխում է Էներգետիկայի հայեցակարգի 4 հիմնական ուղղություններից: Պարոն Հարությունյանն ասաց, որ նախատեսվում են մի շարք միջոցառումներ վերականգնող էներգետիկայի, էներգախնայողության, ատոմային էներգետիկայի եւ տարածաշրջանային առեւտրի ընդլայնման ոլորտում: Սրանք, ըստ փոխնախարարի, ծրագրի առաջնահերթություններից են:

Վերականգնող էներգետիկայի ոլորտում նախատեսվում է մշակել ծրագիր փոքր միկրոկայանների մասսայականացնելու համար.«Մինչ օրս բավականին գործ է արվել, բայց այս ոլորտում հստակ ծրագիր է պետք, որպեսզի ինքնաթիռով Երեւան գալիս, վերեւից տեսնեն, որ բոլոր տանիքների վրա արեւային պանելներ են դրված: Ուզում ենք ստեղծել արտադրություն սպառման կետում, որը մեզ համար շատ ավելի արժեքավոր էներգիա է»:

Փոխնախարարի խոսքերով՝ այս ծրագիրն իրականացնելու համար շահագրգիռ կողմերի հետ աշխատանքներ են տարվում.«Որպեսզի բոլորը հասկանան ինչ օգուտներ կան ծրագրից, բոլորը հասկանան ու երբ առաջ հարցնում էին՝ իմաստ ունի՞ դնելը, հիմա հասկանան՝ արդեն իմաստ չունի չդնելը»:

Կառավարության ծրագրում նախատեսված է համակարգային արեւային կայանների կառուցումը. Նախարարությունն, ըստ պարոն Հարությունյանի, առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագին սահմանել մինչեւ 1 մեգավատ հզորության արեւային կայանների համար, սա հավասար պետք է լինի քամու էներգիայի սակագնին:

Հայկ Հարությունյանը վստահեցրեց, որ արդեն կան ներդրողներ քամու էներգետիկայի արտադրման ոլորտում.«Իրականացնում ենք չափումներ Հայաստանի տարբեր հեռանկարային վայրերում, աջակցում ենք: Կան ներդրողներ Իրանից, Իսպանիայից, Վրաստանից եւ Չինաստանից: Այնքան շատ քամի ունենք, որ բոլորին կբավականացնի, շատ քիչ տոկոսներ են զբաղեցնելու»:

Նախատեսվում է եկող տարի մրցույթ հայտարարել 50 մեգավատ հզորությամբ արեւային կայաններ կառուցելու համար, ըստ փոխնախարարի, մրցույթը կլինի սակագնի համար, ներդրողները կգան, իրենց առաջարկը կներկայացնեն կոնկրետ վայրում ու սակագնի համար. «Ներդրման չափը՝ 40-70 միլիոն դոլար է՝ կախված պանելներից եւ այլ գործոններից»:

Էներգախնայողության ոլորտում, ինչպես ասաց Հարությունյանը, հավակնոտ ծրագիր է նախատեսվում. «Ներկայացված է ազգային ծրագրի 2-րդ փուլը, մինչեւ 2020 թվականը նախատեսվում է առաջնային էներգիայի սպառումը կրճատել մինչեւ 38 տոկոս: Առաջնային էներգիան՝ գազն է, դիզելային վառելիքը, հոսանքը, վառելափայտը, այն բոլոր վառելիքները, որոնք այսօր օգտագործվում է»:

Պարոն Հարությունյանն ասաց, որ արդեն կան էներգախնայողության վարկեր:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ փոխնախարարի, ակտիվ աշխատանքներ են տարվում տարածաշրջանային ինտեգրացման եւ տարածաշրջանային առեւտրի ընդլայնման ուղղությամբ.«Մենք ներկայումս կառուցում ենք 2 էլեկտրահաղորդման գիծ՝ Իրան եւ Վրաստան: 2-ի կառուցման ավարտը նախատեսվում է մինչեւ 2018 թիվը: Այս փոխհոսքերի միջոցով էլեկտրաէներգիայի առեւտրի հնարավորությունը 10 անգամ կավելանա, կդառնանք լուրջ տարանցիկ երկիր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930