Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջկաս գլուխը պիտի ուտեր՝ չհասցրեց, անցավ տղայիս». մահացած 4-ամյա Էրիկի մայր

Նոյեմբեր 23,2016 14:25

«Մենք բավարարված չենք…երկու երեխայի մահ ու 3 տարի՞…Անարդար է: Պատրաստ եմ անգամ մինչեւ Եվրադատարան գնալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 2015թ. մահացած 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի մայրը՝ Լուսինե Գալստյանը: Ինչպես տեղեկացրել էինք, Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, համաձայն որի՝ «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի, 3-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան համար եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:

Մայրը դժգոհեց, որ երեխայի մահից հետո Էրիկի անկետան որոշ ժամանակ «կորած» է եղել. «Պարզվեց՝ իրենք են տարել, ոստիկանությունն էլ գիտի այդ մասին: Ոստիկանությունում գործը քննվելուց հետո անկետան տարան-հանձնեցին…»: Լուսինե Գալստյանը նաեւ պատմեց, որ ժամանակին իր դստեր վատառողջ լինելու ժամանակ առնչվել է բժշկուհի Անահիտ Պետրոսյանի հետ. «Երեք տարեկան էր այդ ժամանակ աղջիկս: Պետք է տեղափոխեին մանկական բաժանմունք, բայց ինքը ուզում էր տաներ իր «ինֆեկցիոնը», մինչդեռ բժիշկ Առուշանյան Աննան ասաց, որ երեխաս ընդամենը թոքաբորբ է տանում, ինչո՞ւ «ինֆեկցիոն»…անգամ վիճեց հետը, որ թոքաբորբն ինֆեկցիայի հետ կապ չունի: Էն ժամանակ աղջկաս գլուխը պիտի ուտեր՝ չհասցրեց, անցավ տղայիս…»:

Նշենք՝ բժշկուհի Անահիտ Պետրոսյանը դատարանում հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Հիշեցնենք, որ ըստ դատական ակտի՝ «2015թ. հունիսին «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք ընդունված 4-ամյա Էրիկ Ամիրխանյանի վիճակը Անահիտ Պետրոսյանը գնահատել է որպես «մոտ ծանրին», նախնական ախտորոշվել է «սուր աղիքային ինֆեկցիա. գաստրոէնտերոկոլիտ տարբերակ»: Անահիտ Պետրոսյանի ցուցումով կատարվել է հոգնա, ստամոքսի լվացում, ապա երեխան ստացել է կաթիլային սնուցում: Նրա մոտ ցնցումներ են սկսվել: Բժշկուհին ներարկում է կատարել, ցնցումները դադարել են, սակայն որոշ ժամանակ անց կրկին սկսվել: Երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ գիշերը մահացել է: Երեխայի մոտ առաջին ցնցումները սկսվելուց հետո Անահիտ Պետրոսյանի կատարած բուժումը գնահատվել է որպես ոչ լիարժեք ու ճիշտ»:

Լուսինե Գալստյանը նաեւ պնդեց, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի ծնողներից մեկի երեխան Անահիտ Պետրոսյանի մեղքով լսողության եւ տեսողության խնդիրներ ունի: «Երեխան իր պատճառով խուլ ու համր է դարձել: Էլի երեխային գցել է կոմայի մեջ: Շատ մարդիկ կան, որ պատահաբար սկսում են անեծքով պատմել իր մասին: Հոկտեմբերյանում չկա մի մարդ, որը նրան շնորհակալություն է հայտնում»,-ասաց Լուսինե Գալստյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930