Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ Սմբատ Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տառապելով արտահայտված մտավոր հետամնացության փսիխոպատիկ վարքով հոգեկան հիվանդությամբ՝ 2016թ. մայիսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, հոգեկան հիվանդությամբ տառապող քրոջը՝ Կարինե Սաքանյանին փնտրելու նպատակով, կարծելով, թե իր քույրը թաքնված է համագյուղացի Օֆելյա Վարդումյանին պատկանող, Աչաջուր գյուղում գտնվող տանը, հրելով բացել է տան դուռը, մուտք է գործել տուն: Նա այնտեղ փնտրել է քրոջը,սակայն տեսնելով, որ տանը մարդ չկա, քույրն այնտեղ չէ, դուրս է եկել ու հեռացել:
Ս. Սաքանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով («Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը»):
Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է տուգանքով՝ 50-100 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը նոյեմբերի 25-ին կմեկնարկի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ