Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՕԿ-ը չեղարկեց Խուրշուդյանի օլիմպիական արդյունքները. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 23,2016 12:01

Միջազգային օլիմպիական կոմիտեն, ի թիվս լոնդոնյան օլիմպիադայի ծանրամարտի մրցումների 12 մրցանակակիրների, որակազրկել է նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին խնդրել է ապահովել մարզուհու նվաճած բրոնզե մեդալի վերադարձը: Ընդ որում, ՄՕԿ-ը նշում է, որ մարզուհին եւ ՀԱՕԿ-ը բացարձակապես չեն արձագանքել նախկին դոպինգ նմուշների վերստուգման գործընթացին մասնակցելու բազմաթիվ հրավերներին:

Դոպինգային անբարենպաստ ցուցանիշներ ունեցողների ցանկում հայ մարզուհու անունը հայտնվել էր դեռ հուլիսի վերջին: Այդ մասին համապատասխան տեղեկատվություն էր տարածել ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Նշվում էր, որ նրա օրգանիզմում հայտնաբերվել են դեհիդրոքլորմեթիլտեստոստերոնի (տուրինաբոլ) եւ ստանոզոլոլի հետքեր: Այդ պատճառով Խուրշուդյանը նույնիսկ չմասնակցեց Ռիոյի օլիմպիադային: Միաժամանակ, միջազգային ֆեդերացիան հայտնում էր, որ բացահայտված դեպքերի վերաբերյալ որոշումներ կկայացնի դրանց վերաբերյալ ՄՕԿ-ի վճռից հետո: Այնպես որ, հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե քասախցի մարզուհուն ինչպիսի պատժաչափ կսահմանի մարզաձեւի միջազգային կառույցը:

Իսկ մինչ այդ, ՄՕԿ-ը իր կարգապահական կոմիտեի որոշման արձանագրությունում մանրամասնել է բոլոր մարզիկների համար ընդհանուր վերստուգման գործընթացը՝ ներկայացնելով ուշագրավ փաստեր: Ներածականում նշվում է, որ 2012-ի օգոստոսի 5-ին Խուրշուդյանը օլիմպիական խաղերում դարձել է կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգի բրոնզե մեդալակիր: Նույն օրը նա դոպինգ ստուգման համար հանձնել է մեզի նմուշ, որը ստացել է 2721851 նույնականացման համարը: Այն ստուգվել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՎԱԴԱ) հավատարմագրված Լոնդոնի լաբորատորիայում, որն այն ժամանակ խախտումներ չի հայտնաբերել: Օլիմպիադայի ավարտին բոլոր դոպինգ նմուշները տեւական պահպանման համար փոխանցվել են նույնպես հավատարմագրված Լոզանի լաբորատորիային: Հետագայում, ելնելով արգելված դեղամիջոցների օգտագործումը հայտնաբերող մեթոդների կատարելագործումից, ՄՕԿ-ը որոշել է վերստուգում անցկացնել: Դրանով էլ Խուրշուդյանի օրգանիզմում հայտնաբերվել է վերոնշյալ դեղամիջոցների առկայությունը: Այդ մասին տեղյակ են պահվել ՄՕԿ-ը եւ նրա նախագահ Թոմաս Բախը:

Հրայր Նազարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930