Լրահոս
Օրվա լրահոսը

Ով որ նախարարությունում գործի է անցել կամ էնտեղ ծանոթ է ունեցել, հրատարակչություն է բացել. «Հրապարակ»

Նոյեմբեր 23,2016 11:02

Այն բանից հետո, երբ գրականագետ Հասմիկ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն հայտնեց գրահրատարակչական ոլորտում նախարարի ձեռնարկած բարեփոխումների մասին՝ նշելով, որ սխալ է համարում ժամանակակից հայ գրականությունը պետաջակցության ծրագրերից հանելու մտադրությունը, երկար բանավեճ-քննարկում ծավալվեց, որը մի քանի օր է՝ դեռ շարունակվում է սոցհարթակում։ Քննարկմանը միացել են գրողներ, հրատարակիչներ, գրականագետներ, որոնք իրենց տեսակետները հիմնավորելուց բացի, հարցը ներկայացնում են «ներսի մարդու» աչքերով։ «Շատ լավ ծանոթ լինելով այս ոլորտին, բոլոր թեր ու դեմ կողմերն իմանալով հանդերձ, կարող եմ վկայել, որ նման գրահրատարակչական դաշտ (ժամանակակից գրականություն հրապարակող մեկ-երկու հրատարակիչ) եւ սպառողների խիստ սակավ ռեսուրսներ ունեցող երկրում այս փաստը շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ։ Ժամանակակից գրողը մնալու է մեկ-երկու հրատարակչի գրական ճաշակի ու որդեգրած քաղաքականության հույսին, հրատարակչական իմաստով «չսպառվող» գրականությունը (լուրջ գրականություն, որ գուցե սպառողական մեծ հնարավորություններ չունի) թիրախային լուրջ խմբում է հայտնվելու, թանկանալու են գրքերի ինքնարժեքները, ինչն էլ իր հերթին բերելու է էլ ավելի վատ գնողականության, եւ այսպես շարունակ։ Կարծում եմ, որ ռիսկային գործոնները լավ չհաշվարկված, սխալ ցանկություն է սա»,- քննարկումներում կարծիք էր հայտնել գրականագետ Հասմիկ Հակոբյանը։

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ այստեղ մի լավ բան էլ կա. «Լիքը ժամանակակից գրողներ, որոնց ոչ մեկը չի ասում, որ ձեզնից ոչ մի բան չեք ներկայացնում, միջակություններ եք, բայց տարիներ շարունակ Խանջյանի, Հովհաննեսի, Անտաշյանի, Հրաչի, Պաչյանի, Երանյանի ու մյուս տաղանդավորների հետ հավասար տպագրվել են, վերջապես դուրս կմղվեն դաշտից, որովհետեւ ոչ մի հրատարակիչ իրենց չի տպի։ Վերջապես կհասկանան, որ իրենք գրող չեն։ Ու էլ չեն լինի ոչ մի տեղ կյանքում չտպագրված, բայց հանկարծ, էն էլ պետական աջակցությամբ գիրք տպող գրողներ, գրող-հրատարակիչ ու գրող-գրական մամուլ-կայքեր կապն ավելի քաղաքակիրթ կլինի։ Պետաջակցությունն է մեղավոր, որ այսօր ունես 2-3 հրատարակիչ։ Ջանք չեն թափել, որովհետեւ ստացել են պետաջակցության փողերը, ու գիտես ինչ են արել։ Միայն ՀԳՄ հրատարակչությունը 2001-2015 թթ. ընթացքում մոտ 200 մլն.-ի աջակցություն է ստացել։ Մի քայլ առաջադիմել է։ Կարող էր, չէ՞, էդ շրջանառությամբ դառնալ լուրջ հրատարակիչ։ «Ծիծեռնակն» էդ նույն տարիների ընթացքում մոտ 50 մլն. ֆինանսավորում է ստացել։ Մի գիրք իր հաշվին տպե՞լ է։ Ով որ նախարարությունում գործի է անցել կամ էնտեղ ծանոթ է ունեցել, հրատարակչություն է բացել։ Ու դա է սպանել հրատարակչական դաշտը, դա է գցել չափանիշը մեր գրական դաշտում»։

Գրող Համբարձում Համբարձումյանն այս հարցին այլ դիտանկյունից է նայում. «Հիմա հարցն այն է, որ էդ գրականությանը տրվող աջակցությունը, փողն ի՞նչ է արվելու։ Գրականությա՞նն է ծառայելու, թէ՞ դուդուկի փառատոնի վրա է ծախսվելու։ Նույն հաջողությամբ կարող էին գրողին նորմալ հոնորար տալ պետպատվերով տպագրված գրքի համար»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930