Վաչիանցիները բողոքում են գյուղի դպրոցի նոր տնօրենի նշանակման դեմ: Նրանք ցանկանում են, որ Վաչիանի դպրոցը ղեկավարի իրենց համագյուղացին: Այսօր, նոյեմբերի 22-ին Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը Վաչիան գյուղի հանրային դպրոցի տնօրեն է նշանակել Մարինա Չոմարյանին, ով ապրում է Ախալքալաքում: Գյուղացիները պահանջում են, որ դպրոցի տնօրենի ընտրության հարցում հաշվի առնեն գյուղացիների կարծիքը և տնօրեն նշանակեն գյուղաբնակ Արևիկ Գաբրիելյանին:
Այսօր, կեսօրին, երբ պարզ է դարձել, որ Վաչիանի դպրոցի տնօրեն է նշանակվել Մարինա Չոմարյանը, գյուղացիներն անմիջապես եկել են քաղաք իրենց դժգոհությունն արտահայտելու:
«Իբրև թե մեր երեխաները քիչ անգրագետ էին, հիմա դպրոց էլ որ չգնան, չգիտեմ ինչ է լինելու,- ասաց բողոքողներից մեկը, չցանկանալով նշել անուն ազգանունը, սակայն վստահեցրեց. –Եթե Մարինա Չոմարյանին թողնեն որպես տնօրեն, ես իմ երկու երեխաներին դպրոց չեմ ուղարկի»:
60 անց Քրիստ Կարախանյանը ևս քաղաք է եկել իր դժգոհությունը հայտնելու Կրթական ռեսուրս կենտրոնին և Ախալքալաքի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին:
«Ինչո՞ւ դեպուտատի ընտրությունների ժամանակ մեր ձայնը կարևոր է, իսկ այստեղ՝ ոչ: Մենք ուզում ենք, որ Վաչիան գյուղի տնօրենին մեր ուզածով ընտրենք: Գյուղի թեկնածուին չեն նշանակել, փոխարենը քաղաքից են ուղարկել: Մեր թեկնածուն շատ կարգապահ, խելացի և հարգված մարդ է: Աշակերտները նրան սիրում ու հարգում են: Փոխարենը քաղաքից են ուղարկել, ում հետաքրքիր չէ մեր երեխաների ճակատագիրը», -նշեց Քրիստ Կարախանյանը, ում երկու թոռները Վաչիանի հանրային դպրոցում են սովորում:
Վաչիան գյուղի բնակիչների բողոքի պատճառը մեկն է. նրանք այսօր պայքարում են իրենց երեխաների վաղվա օրվա համար:
«Ես ուզում եմ, որ իմ երեխան լավ սովորի: Դասատուն 45 րոպեն անցավ տուն է գնում: Ես ինքս ծույլիկ աշակերտ եմ եղել, նոր եմ խելքի եկել, որ դասատուները օր էին անցկացնում իմ ու իմ նմանների կրթության հաշվին: Այսօր ուսուցիչները չեն բողոքում, որովհետև մտածում են իրենց տեղը փուշ չանեն: Դեպուտատը մեզ խոսք է տվել, որ ամեն գործին կնայի, հիմա տեսնենք, եկել էինք իր մոտ, բայց նա տեղում չէ», -ասաց մեկ այլ բողոքարկու Վարդ Անախասյանը:
Աղունիկ Այվազյան