Ընդդիմադիր դաշտի մի շարք ուժեր այս օրերին քննարկումների մեջ են՝ խորհրդարանական ընտրություններում դաշինք կազմելու մտադրությամբ։ «Հրապարակի» տեղեկություններով՝ այս պահին մի բեւեռ արդեն ձեւավորման շեմին է՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Քննարկումների արդյունքները դեռ չեն հրապարակվում, հավանաբար, կհայտարարեն հունվարին։
Զրուցեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ։ Նա չհերքեց, որ դաշինքի ձեւավորմանը միտված քննարկումներ, զրույցներ կան տարբեր ուժերի հետ։ Թե ում հետ են ընթանում այդ քննարկումները, Սիմոնյանն ասաց. «Մամուլում նշված տեղեկությունները մեծ մասամբ ճիշտ կարելի է համարել»,- չհերքելով մեր նշած երեք-չորս ուժերի հետ քննարկումների առկայությունը։
– Ես հիշում եմ, որ ձեր կուսակցությունը մշտապես դեմ է եղել դաշինքներին։ Հիմա ի՞նչ փոխվեց ձեր պատկերացումներում, որ արդեն հավանական եք համարում դաշինք կազմելը։
– Դաշինքի գոյությունը հավանական ենք համարում մեկ ընդդիմության ստեղծման նպատակով։ Հաշվի առնելով, որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ մենք չկարողացանք ձեւավորել այդ մեկ ընդդիմությունը եւ չկարողացանք այդ մեկ ընդդիմության գաղափարը մինչեւ վերջ իրագործել, մեկ կուսակցություն, մեկ ընդդիմություն դառնալու ձեւաչափով մեզ համար դաշինքը կարող է այդպիսի տարբերակ լինել։ Բայց մի կարեւոր բան ուզում եմ շեշտել, որ անկախ մեր զրույցներից, անկախ մեր քննարկումներից՝ այսօր մեր ամենօրյա գործը մեր կուսակցությամբ ընտրություններին մասնակցելուն պատրաստվելն է, եւ մեր պլանները որեւիցե կերպ չեն փոխվել։
Կարդացեք նաև
– Հիմա դա ենթադրո՞ւմ է, որ երբ դաշինքային ցուցակը կազմվի, պետք է լինի «Քաղաքացիական պայմանագիր» անվանումով, եւ պարտադի՞ր է, որ մյուսներն անդամակցեն «ՔՊ»-ին։
– Ցուցակի կազմման որեւէ հարց այս պահին չի քննարկվել, բայց մեզ մոտ նման ամբիցիա չկա, որ եթե դաշինք է, ուրեմն պիտի «ՔՊ» լինի։ Չեմ կարծում, որ որեւիցե գործընկեր նման բան կառաջարկի, եթե քննարկումները հասնեն դրան։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում