Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆանտոմային ցավեր

Նոյեմբեր 23,2016 10:00

Անձամբ ես կողմ եմ ռուսաց լեզուն Հայաստանում զարգացնելուն: Ինչպես եւ այլ լեզուները, որոնցով խոսում են տասնյակ միլիոնավոր մարդիկ, եւ որոնցով կա լայնածավալ գրականություն՝ անգլերենը, չինարենը, գերմաներենը, ֆրանսերենը: Ես, որպես ուսանող, որը սովորել է 1978-1983 թվականներին, հսկայական առավելություն ունեմ այսօրվա հայաստանցի ուսանողների մեծամասնության համեմատ, որովհետեւ կարող էի մասնագիտական գրականություն կարդալ ռուսերեն: Կասկածում եմ, որ անգամ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներն այսօր այնքան շատ են կարդում անգլերեն, որքան մենք կարդում էինք ռուսերեն: Ես կողմ եմ, որ զարգանա հատկապես ռուսերենը, նաեւ այն պատճառով, որ մեծ գեղարվեստական եւ բարոյական ներուժ եմ տեսնում ռուս գրականության մեջ եւ վստահ եմ, որ շատ բան կկորցնեի, եթե բնագրով չկարդայի այդ գրականության դասականների գործերը:

Բայց երբ ռուսաստանցի չինովնիկներն են ասում՝ զարգացնենք ռուսաց լեզուն հետխորհրդային տարածքում, նրանք բացարձակապես այլ բան նկատի ունեն՝ աշխատենք, որ այդ լեզվին պետական կարգավիճակ տրվի: Եթե նրանք կարող են ազդել հետխորհրդային երկրների իշխանությունների վրա, ապա դա արվում է իշխանության միջոցով, եթե ոչ, ապա գործի են անցնում այլ հասարակական եւ քաղաքական ուժերը: Ի՞նչ է նշանակում «պետական կարգավիճակ»՝ որ հայ չինովնիկը կարողանա թղթաբանությամբ զբաղվել երկու լեզուներո՞վ: Որ հայ ծնողները կարողանան հայ երեխային ռուսական դպրո՞ց տանել: Որ հայերեն չիմանալը եւ ռուսերեն խոսելը համարվի «արիստոկրատիզմի» ինչ-որ մի տեսա՞կ: Այդ ամենը մենք անցել ենք՝ շատ խոսելն անգամ անիմաստ է, որովհետեւ դրան հնարավոր չէ վերադառնալ: Խնդիրն այն չէ՝ Սովետը լավ էր, թե վատ, խնդիրն այն է, որ «եվրասիական նախագծերը», ի տարբերություն խորհրդայինների, իրենց մեջ չեն պարունակում քաղաքակրթական որեւէ առավելություններ դրանց մասնակիցների (այդ թվում, բնականաբար, նաեւ Ռուսաստանի) համար:

Դա չի նշանակում, որ երբեք, ոչ մի տեղ չպիտի լինեն պաշտոնական կարգավիճակ ունեցող երկու կամ ավելի լեզուներ: Օրինակ՝ Կանադայի Սահմանադրությամբ՝ նման կարգավիճակ ունեն անգլերենն եւ ֆրանսերենը, որոնցով խոսում են բնակչության, համապատասխանաբար, 67,1 եւ 21,5 տոկոսը: Դա նշանակում է, որ բոլոր դաշնային օրենքները պետք է ընդունվեն երկու լեզուներով, իսկ պետական մարմինները պարտավոր են իրենց ծառայությունները մատուցել թե անգլերեն, թե ֆրանսերեն՝ քաղաքացու ցանկությամբ: Հիմա համեմատենք Հայաստանի հետ, որտեղ ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են՝ բնակչության 1,2 տոկոսը, մնացածը մեկ տոկոսից պակաս են:

…Ռուսաստանի իշխանական վերնախավի մոտ կայսերական ֆանտոմային ցավեր են: Ոչինչ, տաք պահեք՝ կանցնի:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “Անձամբ ես կողմ եմ ռուսաց լեզուն Հայաստանում զարգացնելուն:” Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այս նախադասությունը: Հեղինակը կողմ է, որ ռուսաց լեզուն զարգացվի: Լավ: Որտե՞ղ: Հայաստանում: Ո՞վ զարգացնի`երևի մասնագետները, որոնք երևի շատ են Հայաստանում: Այս հանգամանքը կապ ունի՞ ռուսաց լեզուն Հայաստանում ՏԱՐԱԾԵԼՈՒ հետ: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե սկզբում հայերենի իմացությունը “համալրենք”, հետո նոր օգնենք ռուսներին իրենց լեզուն զարգանել: Իսկ ինչ վերաբերում է “…հսկայական առավելություն ունեմ այսօրվա հայաստանցի ուսանողների մեծամասնության համեմատ, որովհետեւ կարող էի մասնագիտական գրականություն կարդալ ռուսերեն…”: Մի քիչ համեստ լինելը չի խանգարի:

  2. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Աբրահամյան, մի թերագնահատեք այսօրվա ուսանողությանը և մի մոռացեք, որ Ձեր , նաև իմ ուսանողության տարիներին ինտերնետ չկար:

  3. Artur says:

    Երկրի անկախությունը սկսվում է տնտեսությունից: Ո՞ւմ են պատկանում մեր տնտեսության ստրատեգիական ճյուղերը: Հարցի պատասխանը ակնհայտ է:
    Բացի այդ ռուս որոշ փորձագետներ նշում են, որ 20-րդ դարում իրենց երկիրը անցել է 2 աշխարհաքաղաքական աղետների՝ ռուսական կայսրության, ապա խորհրդային միության փլուզումների միջով: Ռուսաստանը պարզապես վերականգնում է դիրքերը՝ ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային միջոցներով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930