Թալիշի մանկապարտեզի եւ դպրոցի վերանորոգման հիմնադրամին
որոշ պատգամավորներ 500 հազարական դրամ են փոխանցել
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն օրերս եղել է Պառավաքար համայնքում, մարտական հենակետերում: «Խոսել եմ սպաների եւ զինվորների հետ, ոգեւորված են այդ օրենքի ընդունումից, ողջունում են, իրենք էլ ուժեղ կանգնած են մեր սահմանին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց պատգամավորը: Խոսքն, այսպես ասած, «1000 դրամների» նախագծի մասին է, որը անցյալ շաբաթ քննարկումների եւ քննադատությունների տեղիք տվեց, բայց խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ` ակնկալիքներով, որ հիմնադրամի գումարների թափանցիկության եւ արդյունավետության երաշխիքները կավելանան նախագծում: «Բնակիչներն էլ ոգեւորված են, մարդիկ կան՝ չեն աշխատում, բայց իրենց կենսաթոշակներից պատրաստ են ներդրում կատարել»,- ասում է Գագիկ Մելիքյանը: Մինչ պաշտպանության նախարարի կողմից «1000 դրամների» նախագիծը ներկայացնելը՝ Գագիկ Մելիքյանը խորհրդարանում հայտարարությամբ էր հանդես եկել` պատգամավորներին առաջարկելով ամսական որոշակի գումար փոխանցել ԱԺ բարեգործական հիմնադրամին ապրիլյան պատերազմում վիրավորված եւ զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության համար: Հիմնադրամին գումար են փոխանցել նաեւ ԱԺ աշխատակիցները, քաղաքացիներ: Այս պահին փոխանցվել է 2,5 միլիոնից ավելի գումար: «Հիմնադրամում ներդրում կատարած բոլոր քաղաքացիների եւ կազմակերպությունների անունները հրապարակվելու են, բոլորը կտեսնեն՝ ով եւ ինչ մասնակցություն է ունեցել»,- հավաստիացնում է Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ առաջիկայում «1000-ական դրամների» մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենք առաջարկով հանդես կգան, որպեսզի արդեն իսկ ձեւավորված հիմնադրամը միանա ստեղծվելիք հիմնադրամին:
Մոտ 15 օր առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Գագիկ Մելիքյանը մեկ այլ նախաձեռնությամբ էլ էին հանդես եկել` Թալիշի դպրոցի եւ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների աջակցության հիմնադրամ ստեղծելու: «Հիմնական աշխատանքները տեղում կատարվելու են, մենք աջակցելու ենք մեր կողմից: Ովքեր ցանկանում են, մասնակցում են: Մասնակիցների մեջ կան թոշակառուներ, ուսուցիչներ, ուսանողներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են կատարել մեծածավալ ներդրումներ եւ իրենց միջոցներն ուղղել այդ ֆոնդին: 1000-500.000 դրամ անձնական ներդրումներ են կատարվել: Օրինակ՝ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ես եւ էլի շատերը 500.000-ական դրամ ներդրում ենք կատարել, շատերը` 20.000-ական դրամ, կարճ ասած` ցանկացածն ըստ իր հայեցողության, կամավորության սկզբունքով կատարել է ներդրում»,- մանրամասներ մեր զրուցակիցը` հավելելով, որ կան մարդիկ, ովքեր հաշվեհամար են վերցրել եւ հայտարարություն են արել, որ մինչեւ 10.000.000 դրամի չափով ներդրում անպայման կանեն: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ողջ բնակչությանը, ժողովրդին, ովքեր ցանկանում են օգտակար լինել ու աջակցել Թալիշի դպրոցի եւ մանկապարտեզի վերականգնման աշխատանքներին: Այս պահին չեմ կարող հստակ պատասխանել, թե որքան գումար կա հիմնադրամում, քանի որ գումարի քանակն ամեն վայրկյան փոխվում է: Նախնական արդյունքները հրապարակելիս գումարի չափի հետ կհրապարակենք նաեւ մասնակիցների ցուցակը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
22.11.2016