Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը վերջին 8 տարում կորցրել է 65 մլն դրամ

Նոյեմբեր 23,2016 15:00

Պատճառը ոչ ճկուն տուրքային քաղաքականությունն է

2016 թվականի նոյեմբերի 20-25-ը Երեւանում բացվել է Երեւանի արտաքին գովազդի փառատոնը, որի ժամանակ գովազդի շուկայի զարգացման եւ փորձի փոխանակման գերազանց հնարավորություն ընձեռող այս միջոցառմանը հաստատ չեն բարձրացվի այն հարցերը եւ սխալները, որի հետեւանքով գովազդային կազմակերպությունները եւ Երեւանի քաղաքային բյուջեն կրել եւ կրում են վնասներ: Գովազդի մասին օրենքի մեջ գովազդի յուրաքանչյուր քառակուսի մետրի 1 ամսվա տուրքը նախատեսվել է 500-1800 դրամ, իսկ մյուս բաժնում քաղաքային կառավարման մարմիններին թույլատրվում է այն բարձրացնել կոեֆիցենտով, որից հետո գովազդի 1 քառակուսի մետրի դիմաց գանձվող տուրքի չափը կազմում է 700-2625 դրամ, այս 1 քմ-ի համար նախատեսված տուրքի սանդղակը նախատեսված է, որպեսզի դրվի տարբերություն կենտրոնական դիրք զբաղեցնող եւ ծայրամասային ոչ շահեկան դիրքում գտնվող վահանակների վրա տեղադրվող գովազդի միջեւ: Հասկանալի լինելու համար նշենք, որ գույքահարկը պետության կողմից նույնպես գանձվում է ըստ գոտիավորման, որի համար գանձվող գումարները հաշվարկվում են 1-ինից մինչեւ 7-րդ գոտիներ, եւ կա հստակ տարանջատում 1-ինից մինչեւ 7-րդ գոտու գների միջեւ մինչեւ տասնհինգ անգամ:

Մեր կարծիքով՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից գովազդի տուրքի գանձման սահմանաչափերն էլ պետք է բաժանված լինեն ըստ գոտիների, եւ այն փողոցները, որոնք գտնվում են փոքր կենտրոնում, իրենց տուրքի մասով պետք է հստակ տարբերվեն քաղաքի ծայրամասային փողոցներից գոնե 5 անգամ:

Վահանակային գովազդը Հայաստանում սկիզբ է առել 1996 թ.ից եւ ունեցել է վճարների մասով գոտիավորում եւ գնային հստակ բաժանում, սակայն սկսած 2004 թ.-ից՝ այն կրում է չհիմնավորված եւ տարերային բնույթ:

Երեւան քաղաքի 7 մուտքերից դեպի քաղաք տանող փողոցները, որոնք են Էջմիածնի մայրուղի, Թբիլիսյան փողոց, Աճառյան փողոց, Եղվարդի խճուղի, Աշտարակի խճուղի, Արտաշատի խճուղի, Դավիթ-Բեկի փողոց, այդ թվականներին ունեցել են տուրքի ամենացածր դրույքաչափը, ինչը եւ խթանել է այդ փողոցներում գովազդային վահանակների տեղաբաշխմանը: Գովազդային կազմակերպությունները, որոնք ներդրել են գումարներ եւ տեղադրել են գովազդային վահանակներ, ակնկալել են իրենց գովազդային գործունեությամբ վճարել հարկերը, տուրքերը եւ ստանալ շահույթ: Երեւան քաղաքից դուրս եկող փողոցները քաղաքի սահմաններից դուրս վերածվում են միջպետական նշանակության մայրուղիների եւ ճանապարհների, որոնց համար օրենքով նախատեսված գովազդի տուրքը սկսած 1996 թ.-ից չի փոխվել եւ կազմում է ամսական 833 դրամ՝ 1 ք/մ-ի համար:

Մինչեւ 2008 թ.-ը վերը նշված փողոցների տուրքերի գինը եղել է շատ մոտ մայրուղիների համար սահմանված գներին, իսկ նշված ժամանակաշրջանում զբաղվածությունը այդ վահանակների եղել է 70-80%, ինչը լավ ցուցանիշ է Երեւանի արտաքին գովազդի համար:
Վերը նշված 7 փողոցներում եւ մայրուղիներում տեղադրված է թվով մոտավորապես 95 վահանակ՝ 2400ք/մ ընդհանուր գովազդային տարածքով: Մինչեւ 2008թ. այդ փողոցների համար նախատեսված տուրքի վճարման սահմանաչափը եղել է սկսած 1000 դրամից մինչեւ 1500 դրամ, իսկ հավաքագրվող գումարը 70% զբաղվածության դեպքում կազմել է մոտավորապես 1,8 մլն դրամ, տարեկան մոտավորապես 22 մլն դրամ: Սկսած 2009 թ.-ից՝ տուրքի սահմանաչափերի փոփոխության հետեւանքով այդ փողոցների տուրքերի չափը բարձրացվեց եւ հավասարվեց գրեթե կենտրոնի գներին, ինչի հետեւանքով ներկայումս այդ փողոցների գովազդային դաշտի զբաղվածությունը 70-75%-ից իջել եւ հասել է 8-11%-ի՝ տուրքի գների բարձրացման եւ վերջին տարիներին տնտեսության վատթարացման եւ ընդհանուր բիզնեսի անկման պատճառով:

2009-2016թթ. ընկած ժամանակահատվածի նման քաղաքականության հետեւանքով 8 տարվա ֆինանսական կորուստը հաշվելու համար պետք չէ որոշ այրերի նման լինել տնտեսագետ: Եթե համարենք, որ ցածր տուրքի առկայության դեպքում 8 տարի առաջ ծանրաբեռնվածությունը 70-80% էր, իսկ հիմա ներկայիս շրջափակման եւ տնտեսության անկում ապրող ժամանակաշրջանում զբաղվածությունը իջել է 3-4 անգամ, նույնիսկ այս պարագայում՝ ցածր գներով տուրքի դրույքաչափի դեպքում, կհավաքագրվեր տարեկան 6 մլն-ից 9 մլն դրամ, իսկ 8 տարիների ընթացքում՝ մոտավորապես 60 մլն դրամ:
2009թ. Երեւանի համայնքի ավագանու կողմից տուրքերի բարձրանալուց հետո գովազդային վահանակների զբաղվածության թիվը իջել է մինչեւ 8-11%, եւ նույնիսկ բարձր դրույքաչափով գանձելու դեպքում այն կազմում է տարեկան 2.5 մլն-ից 4 մլն դրամ, իսկ 8 տարիների համար՝ 22-26 մլն դրամ:

Տուրքերի կարգավորման սխալ քաղաքականության հետեւանքով Երեւանի քաղաքապետարանը 8 տարվա ընթացքում կորցրել է ակնկալվող 65 մլն տուրքի գումար, իսկ գովազդային կազմակերպությունները՝ նույն չափի ակնկալվող օգուտ: Գործածության մեջ դրված սխալ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Երեւան քաղաքում հայտնվել են 250-ից ավելի դատարկ վահանակներ, որոնք փչացնում են քաղաքի տեսքը:
Վահանակների եւ քաղաքի տեսքը պատշաճ պահելու, ինչպես նաեւ բարձր տուրքերի հետեւանքով առաջացած դրամական մուտքերի կորուստը վերականգնելու համար Երեւանի քաղաքապետարանի առաջարկով 2016թ. կառավարության կողմից ընդունված օրենքով սահմանվեց դատարկ գովազդի տուրք, որպեսզի տնտեսվարողները չթողնեն իրենց վահանակները դատարկ, այլ պարտադիր իրենց միջոցներով լցնեն դատարկ գովազդային վահանակները սոցիալական գովազդով կամ էլ վճարեն դատարկ գովազդի տուրք՝ ավագանու կողմից սահմանված տուրքի 25 տոկոսի չափով:

Հանրապետության եւ Երեւան քաղաքի դատարկ վահանակները սոցիալական գովազդով ծանրաբեռնելը, իհարկե, կխթանի պետական ծրագրերը, հանրությանը, տուրիստներին եւ Հայաստանի բնակիչներին ավելի մոտիկից եւ շատ քանակությամբ նյութերով իրազեկելու հրատապ ու անհրաժեշտ խնդիրները, սակայն դրանով չի ավելանա քաղաքային բյուջեն, եւ չեն վերականգնվի գովազդային կազմակերպությունների կրած վնասները:
Հարկ է նշել, որ արդեն իսկ գովազդի մասին օրենքով պարտադրված էր գովազդային կազմակերպություններին իրենց տարածքների 5-10%-ը տրամադրել սոցիալական գովազդներին, իսկ մնացած մասը կարող էր արհեստավարժ մարտավարության կիրառման, ինչպես նաեւ ցածր դրույքաչափով ընդունված տուրքերի առկայության դեպքում քաղաքապետարանին տուրքի մուտքերի ձեւով լինել բյուջեի համալրում:

Վերը նշվածից երեւում է, որ վերջին 8 տարում սխալ, ոչ ճկուն տուրքային քաղաքականության հետեւանքով միայն քաղաքապետարանի դրամական մուտքերի կորուստը կազմել է 65 մլն դրամ:

Ճիշտ է, գովազդային ընկերությունները այս 8 տարիների ընթացքում համատեղ մի քանի անգամ խնդրանքով դիմել են քաղաքապետարանին՝ տուրքերի իջեցման հարցը կարգավորելու համար, բայց ստացել են դիմումին չհամապատասխանող եւ գործին չվերաբերող պատասխաններ:

Գովազդային կազմակերպությունների կողմից կատարված գովազդային դաշտի ուսումնասիրությունների եւ հարցումների միջոցով կազմված եւ առաջարկվող ցածր տուրքերի պարագայում ակնկալվում է գովազդային պատվերների ավելացում եւ գալիք 2017-2018թթ. զբաղվածության տոկոսի աճ մինչեւ 25-35%, ինչը կապահովի ստաբիլ դրամական մուտքեր:

Մեր կարծիքով՝ գովազդի մասով որեւէ լրացում, տուրքերի ընդունում կամ այլ օրենսդրական փոփոխություն կատարելուց առաջ պետք է հաշվի առնել գովազդային կազմակերպությունների կարծիքը, որոնց թիվը այսօր անցնում է մեկ տասնյակից, որոնցից յուրաքանչյուրը իր լուման ունի Հայաստանի գովազդային շուկայի ստեղծման ու կազմակերպման գործում:

 
Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատրաստ ենք լսել նաեւ Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումները:

«Առավոտ»

22.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930