«Աշտարակ կաթ» ընկերությունը, որի տնօրինությունն այս օրերին անհասանելի է եւ որեւէ կերպ չի արձագանքում մամուլի հրապարակումներին ու պարզաբանումներ չի տալիս ընկերության առջեւ ծագած խնդիրների վերաբերյալ, որոշ ժամանակ առաջ դիմել է կառավարության թեժ գծին` ակնկալելով աջակցություն: Այս մասին տեղեկացանք վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանից: Նշենք, որ պարոն Խաչատուրյանը կառավարության թեժ գծերից մեկի պատասխանատուն է, որին քաղաքացիները կարող են դիմել գործարար միջավայրի, հարկային եւ մաքսային ոլորտի, ներդրումների եւ ֆինանսական համակարգի հետ կապված հարցերով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կառավարությունը հրապարակեց վարչապետի օգնականների եւ խորհրդականների ցանկ եւ հեռախոսահամարներ, որոնց միջոցով հանրությունը եւ գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:
Վարչապետն ամեն հարմար առիթով նշում է, որ կանգնած են բիզնեսի, գործարարի կողքին եւ հարկ եղած դեպքում աջակցելու են:
«Առավոտը» պարոն Խաչատուրյանից հետաքրքրվեց, թե զբաղվո՞ւմ են արդյոք «Աշտարակ կաթի» խնդրով եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի տեղական արտադրողը գործունեությունը չդադարեցնի, ինչի մասին արդեն քանի օր է՝ մամուլում հրապարակումներ են լինում: Ըստ այդ տեղեկատվության՝ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթը»-ը փակվում է, ունի մեծ պարտքեր առեւտրային բանկերին ու ընկերությանը կաթ մատակարարած գյուղացիներին:
Ալեքսանդր Խաչատուրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընկերությանը առաջարկել են ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր, որպեսզի ըստ այդմ պարզ լինի, թե կառավարությունն ինչպիսի քայլեր կարող է ձեռնարկել: Այս պահին «Աշտարակ կաթի» ներկայացրած առողջացման ծրագիրն ուսումնասիրում է էկոնոմիկայի նախարարությունը, եւ ինչպես պարոն Խաչատուրյանն ասաց՝ նախարարությունը ընկերության հետ փորձում է տեսնել, թե «ինչ խելամիտ լուծումներ» կարող են գտնել ընկերությանն այդ վիճակից դուրս բերելու համար:
Մեր այն հարցին` կառավարությունն ունի՞ այնպիսի գործիքներ, որոնց միջոցով կարող է աջակցել, ոտքի կանգնեցնել նման իրավիճակներում հայտնված գործարարներին, Ա. Խաչատուրյանն ասաց, որ, որպես այդպիսին, ուղղակի գործիքներ կառավարությունը չունի, որպեսզի ռեսուրսներ տրամադրի ընկերության ֆինանսական վիճակը վերականգնելու համար, սակայն հարկային օրենսդրությունում կա մեխանիզմ, որով նախատեսվում է հարկային պարտավորությունների տարժամկետում, ինչը, սակայն, որոշակի պրոցեդուրա է, որը պետք է ուսումնասիրվի, եւ պարզ դառնա՝ այդ գործընթացը կարելի՞ է կիրառել այդ ընկերության նկատմամբ, թե՞ ոչ:
Պարոն Խաչատուրյանի մեկնաբանմամբ՝ կառավարությունն ինքը պայմաններ ստեղծող է, այլ ոչ թե վերականգնող:
«Աշտարակ կաթը» բանկերում վարկեր ունի եւ գրավադրված գույք: Ա. Խաչատուրյանն ասաց, որ այդ հարցում էլ չեն կարող միջամտել, քանի որ դա «մաքուր առեւտրային գործարք» է եղել, ընկերությունը բանկից վարկ է վերցրել, ակտիվներ է գրավադրել եւ ինչ-ինչ պատճառներով հիմա խնդիրներ ունի. «Մենք, ցավոք սրտի, այդ գործընթացներին միջամտելու որեւէ մեխանիզմ չունենք, մենք ընդամենը պայման ստեղծող ենք»:
Մեր այն դիտարկմանը, թե պետությունը էժան տոկոսներով վարկեր է տրամադրում կազմակերպություններին, որպեսզի վերջիններս էլ նույնպես ցածր տոկոսներով վարկեր տրամադրեն գործարարներին, բիզնեսին, հնարավոր չէ՞ վերավարկավորել առեւտրային բանկերի վարկերը եւ ավելի ցածր տոկոսներով վարկ տալ այսօր կործանման եզրին գտնվող ընկերությանը, որն ունի հարյուրավոր աշխատատեղեր, ու նրան հնարավորություն տալ ոտքի կանգնել, պարոն Խաչատուրյանն ասաց, որ կան նմանատիպ գործիքներ, սակայն նույնիսկ այդ դեպքում այդ վարկային կազմակերպություններն այն գործիքների սկզբունքով են կառուցվում, որ իրենք են որոշում` արդյոք բիզնես-տեսանկյունից հարմա՞ր է, խելամի՞տ ֆինանսավորում է, թե՞ ոչ. «Հատկապես, որ մենք տրամադրում ենք մեր հարկատուների փողերը, մենք առավել զգոն պետք է լինենք»:
Երեկվա դրությամբ էլ մեր փորձերը՝ «Աշտարակ կաթ»-ի որեւէ պատասխանատուից պարզաբանում ստանալու, արդյունք չտվեցին. ընկերության հեռախոսահամարներին պատասխանող չեղավ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
22.11.2016