Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմակայանին մատակարարած ներքնաշորի «բյազ» կտորի փոխարեն ուրիշ կտոր էր

Նոյեմբեր 23,2016 14:00

Հայկական ատոմային էլեկտրակայանը հաղթել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Չնայած ընկերության դեմ հայցով դատարանին դիմել էին «Պահապան» սահմանափակ պատասխանատվության ընկերության ներկայացուցիչները:

Դատարանը վճռել էր՝ «Պահապան» ՍՊ ընկերությունից հօգուտ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության բռնագանձել 512.000 ՀՀ դրամ` որպես ապրանքի մատակարարման ժամկետները խախտելու եւ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու համար հաշվարկված տույժի եւ տուգանքի գումար։

Նոյեմբերի 10-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանում նշանակվել էր «Պահապան» ընկերության գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Դատական գործընթացն ավելի հետաքրքիր էր անվտանգության, սպառողի իրավունքների, մատակարար-գնորդ հարաբերությունների տեսանկյունից, անկախ՝ թե ովքեր էին կողմերը:
«Պահապանի» ներկայացուցիչն էր Արմենուհի Առաքելյանը, իսկ ՀԱԷԿ-ինը՝ Տիգրան Վարդազարյանը:

Մեկ տարի առաջ «Պահապանի» եւ ատոմակայանի միջեւ կնքվել է պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ ընկերությանը 2015 թվականի ընթացքում պետք է մատակարարվեր 7.600.316 ՀՀ դրամ արժողությամբ հանդերձանք: Մատակարարվել է, սակայն, շուրջ 4.633.676 ՀՀ դրամի հանդերձանք` կանացի բանվորական կոստյում, եռակցողի կոստյում՝ բրեզենտից, բամբակյա կոստյում, ներքնաշոր՝ շապիկ եւ վարտիք՝ 843.300 ՀՀ դրամի, կտոր բամբակյա 2000կգ` 1.400.000 ՀՀ դրամ արժողության: Ըստ «Պահապանի»՝ 2.000 կգ բամբակյա կտորի փոխարեն մատակարարվել է 1.650 կգ-ով ավելի կտոր: Ապրանքները մատակարարվել են, ընդունվել ատոմակայանի կողմից, հետն էլ ակտով: Ըստ այդ ակտի, ներկայացվել է առարկություն՝ կապված որակի հետ. «բամբակյա կտորը չի համապատասխանում նախատեսվածին, ներքնաշորի բյազ կտորի փոխարեն ուրիշ կտոր է»: Գործը հասել է փորձագիտական կենտրոն:

Կողմերին հետաքրքրել է, թե «բամբակյա կտոր» եւ «ներքնաշոր» ապրանքատեսակների համար օգտագործված գործվածքի բաղադրությունը եւ մակերեսային խտությունը համապատասխանո՞ւմ են նախատեսված ստանդարտներին: Փորձագետի եզրակացությամբ հիմնավորվել է, որ ատոմակայանի առարկության մեջ նշված ԳՕՍՏ-երը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության հաղորդման համաձայն, հանրապետությունում չեն գործում:
Ավելին. փորձաքննության ներկայացված գործվածքային մնացորդների արտադրության ժամանակ օգտագործվել են քիմիական եւ բամբակյա թելեր, որոնք կարող էին օգտագործվել որպես երկրորդային հումք եւ օգտագործվել որպես լաթ, ջնջոց: Ըստ «Պահապանի»՝ պատասխանողի մեղքով իրենց պատճառվել է 2.101.000 ՀՀ դրամի վնաս, որն իրենից ներկայացնում է արտադրված, սակայն չմատակարարված ապրանքի արժեք: Այդ գումարն էլ պահանջում էին նրանք ատոմակայանից:

Դատարան ներկայացված կողմերի միջեւ առկա պայմանագրի համաձայն. «գնորդին մատակարարել սույն պայմանագրի թիվ 1 հավելվածով տեխնիկական բնութագրով նախատեսված կայանի կարիքների համար հանդերձանք, տարբեր կոշիկներ, գլխարկներ, աքսեսուարներ եւ հանդերձանքի այլ պարագաներ, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը եւ վճարել դրա համար: Պայմանագրի 3.2.3-րդ կետով գնորդը պարտավոր է պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում մատակարարված ապրանքն ընդունելու դեպքում վաճառողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները»:
Ատոմակայանը, որը հակընդդեմ հայց էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա փոխանցել վերաքննիչ դատարան, հակընդդեմ հայցի առաջին կետում նշել էր, թե պայմանագրով ապրանքների մատակարարումն իրականացվել է սահմանված ժամկետի խախտումով, որը համարվում է պայմանագրի էական խախտում:

Ի դեպ, հայցվորի ներկայացուցիչ Արմենուհի Առաքելյանը առարկել է, որ մատակարարման ժամկետները խախտվել են:

Ատոմակայանի ներկայացուցիչը հայտնել էր, թե մատակարարին վերադարձվել են 230 հատ ներքնաշորերը, առաջարկել են հետ տանել բամբակյա կտորը, ինչը մատակարարի կողմից չի իրականացվել. «Մատակարարված բամբակյա կտորը մուտք չի արվել ՀԱԷԿ ՓԲԸ-ի հիմնական պահեստ եւ մինչ այժմ գտնվում է հարակից տարածքի պահեստում»:
Ինչ վերաբերում էր փորձագետի եզրակացությանը, թե ներքնաշորերը բամբակյա գործվածքից էին, պատասխանող ընկերությունն առարկել էր. «Ընկերության կողմից պահանջված ներքնաշորերը պետք է լինեն բյազ գործվածքից, քանի որ այն նախատեսված է ռեակտորային արտադրամասում աշխատողների համար»: Ըստ ՀԱԷԿ-ի, «Պահապանին» պաշտոնական գրությամբ տեղեկացրել են. «Տեխնիկական բնութագրին

չհամապատասխանող ապրանք մատակարարելու եւ մատակարարման ժամկետները խախտելու համար հաշվարկվել են տույժ եւ տուգանք, որը կազմում է 512.000 ՀՀ դրամ` առաջարկելով վճարել տույժը 1 շաբաթյա ժամկետում»:

Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Վարդազարյանը հայտնել էր վճարումների ուշացման հետ կապված, թե նոր հաշիվ-ապրանքագիրը ներկայացնելուց հետո ամենաուշը հաջորդ օրը վճարումը կատարվել է: Իսկ մատակարարված ապրանքների մեջ եղել են այնպիսի տեսակներ, որոնք չեն համապատասխանում պահանջված տեսակին, ընդ որում՝ դրանք ներքնաշորերն ու բամբակյա կտորներն են. «Բամբակյա կտորը բամբակ չէ, սահմանված «թԿհՁ»-ի չափերով չէ, պետք է մաքուր բամբակ լիներ, սինթետիկ թելեր չունենար, իսկ ներքնաշորերը պետք է բյազից պատրաստված լինեին: Ընկերությունն ինքն է որոշում, թե որ «թԿհՁ»-ին համապատասխան ինչպիսի ապրանք է իրեն անհրաժեշտ»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

22.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930