Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորի երկը «պեղել» էր Մարիինյան թատրոնը

Նոյեմբեր 23,2016 13:30

Աշոտ Բաբայանը հավաստիացնում է, որ խորհրդային տարիներից իր ստեղծագործություններին «արձագանքել» են առաջինը ռուս երաժիշտները ՞

Օրերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Հիանալի եւ կատաղի դարի երաժշտությունը» խորագրով համերգային ծրագրում թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ներկայացավ Արամ Խաչատրյանի, Աշոտ Բաբայանի, Սվիրիդովի եւ Բորիս Չայկովսկու ստեղծագործություններով (լուսանկարում համերգի բուկլետն է): Հնչեց Աշոտ Բաբայանի Ալտի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը ճանաչված երաժիշտներ՝ ալտահար Իրինա Իվանովայի եւ դիրիժոր Նիկոլայ Խոնձինսկու մեկնաբանմամբ:

«Առավոտը» Աշոտ Բաբայանից հետաքրքրվեց, թե խորհրդային տարիներին գրված Ալտի կոնցերտը որտեղից «պեղեց» Մարիինյան թատրոնը: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե դա իր համար իսկապես անակնկալ էր, նշեց, որ հիշյալ ստեղծագործության առաջին կատարողը հանդիսացել է Միխայիլ Կուգելը, հետո էլ մանրամասնեց. «Երիտասարդ տարիներից, ստեղծագործական կարիերայիս սկզբից գործիքային եւ վոկալ երկերիս ուշադրություն են դարձրել ռուս երաժիշտները: Կուգելը աշխարհում հռչակված է իբրեւ ալտի արքա: Հետո այս ստեղծագործությունս հնչել է Գենադի Կեժների մեկնաբանմամբ, իսկ Հայաստանում կատարել է Յուրի Մանուկյանը»: Հավելեց նաեւ, թե խորհրդային տարիներից է գալիս անսպասելիորեն արտերկրում, մասնավորապես՝ ռուս երաժիշտների կողմից իր ստեղծագործությունների հանդեպ ուշադրությունը: «1985թ. Մոսկվայում կայացած համաշխարհային երիտասարդական փառատոնին կատարվեց իմ վոկալ շարքը: 1983-ին Մոսկվայում կայանալիք պլենումին, երբ Հայաստանի կոմպոզիտորների միությունը ներկայացրել էր 13 ստեղծագործություն, 12-ը, փաստորեն, «ջնջել» էին, թողել միայն վոկալ երկերս: Ավելին, 1984թ. ՌԴ կոմպոզիտորների միությունը կազմակերպեց հեղինակային երեկոս, որտեղ հնչեցին Ալտի կոնցերտը, վոկալ ստեղծագործություններից եւ երեք կանտատները: Հիմա էլ ամռանը զանգահարեցին Սանկտ Պետերբուրգից եւ խնդրեցին Ալտի կոնցերտիս նոտաները: Պարզվեց, որ այս գործը Մարիինյան թատրոնի կողմից դեռեւս խորհրդային շրջանում ճանաչվել է ալտի համար գրված լավագույն ստեղծագործություն: Հետո ինձ շշուկներ հասան, որ այս գործում իր դերակատարումն ունի առաջին կատարողը՝ Միխայիլ Կուգելը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

ashot_babayan_1

Աշոտ Բաբայանը՝ ալտահար Իրինա Իվանովայի հետ:

Հարցին՝ խորհրդային տարիներից մինչեւ այսօր, օրինակ, այս գործը՝ Ալտի կոնցերտը, ինչո՞վ է հետաքրքրում մասնագետներին, Աշոտ Բաբայանը պատասխանեց. «Թույլ տվեք բարձրաձայնել, որ իմ բոլոր ստեղծագործություններում կարեւորել եմ ազգային մտածողությունն ու ստեղծել ազգային կեպարներ: Իսկ Ալտի կոնցերտում, իբրեւ երկրորդ մենակատար, հանդես է գալիս դհոլը: Այս անգամ Մարիինյանի նվագախմբում այդ պարտիան կատարեց Սերգեյ Բուրանովը: Ընդ որում, հարվածային գործիքների տիրապետող ճանաչված երաժիշտն առաջին անգամ էր, ինչպես ասում են՝ ձեռքը դհոլ վերցնում: Այս մասին հենց նա ինձ ասաց, հետո էլ առանձնակի հպարտությամբ նշեց, թե՝ մի գործիքի էլ, թեկուզ ժողովրդական, տիրապետեցի»:

ashot_babayan_3

Անկասկած, մի այլ հրճվանք է, երբ ստեղծագործությունդ գնահատվում եւ հնչում է արտերկրում: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Աշոտ Բաբայանը հայտնեց. «Ես չեմ դժգոհում: Ժամանակ առ ժամանակ գործերս հնչել են, օրինակ՝ Ազգային օպերային թատրոնի նվագախումբը մեկնաբանել է «Սպիտակ սիմֆոնիաս», «Շուշիի վերադարձը» կանտատը եւ այլն: Բայց, ախր, այստեղ հնչել են ստեղծագործություններիս շուրջ 50 տոկոսը, ոչ ավելին: Մինչդեռ հայաստանյան տարբեր նվագախմբերի եմ ներկայացրել «Մոնթե» սիմֆոնիան, «Հայկ եւ Բել» օրատորիան, Ռեքվիեմը, էլ չեմ խոսում՝ ըստ Դանիել Վարուժանի պոեմի «Հարճը» օպերան: Իբրեւ արվեստագետ, բավարարված կզգայի, եթե թվարկածս վերջին գործերը նույնպես կատարվեին: Մյուս կողմից, հասկանում եմ, որ դրանք մեծակտավ ստեղծագործություններ են, բայց ի վերջո պետք է հնչեն, չէ՞…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930