Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար 2016 թվականը դեռ չի ավարտվել: Առջեւում երկու պաշտոնական մեկնարկ կա: Նոյեմբերի վերջերին եւ դեկտեմբերի առաջին կեսին նրանք դեռ պետք է մասնակցեն աշխարհի երկու կարեւոր առաջնությունների՝ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը եւ աշխարհի ակումբային առաջնությանը:
Թե ազատ, թե հունահռոմեական ոճի «ոչ օլիմպիական» ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը, որն անցկացվելու է դեկտեմբերի 10-ից 12-ին՝ Բուդապեշտում: Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են մրցավայր մեկնող մարզիկների անունները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նախապատվությունը տվել է 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանին եւ 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանին: Լեւոն Ջուլֆալակյանի մարզչական թիմը հունահռոմեական ըմբշամարտում ընտրել է Վարշամ Բորանյանին՝ 71 կգ քաշային կարգ եւ Սարգիս Քոչարյանին՝ 80 կգ:
Երկու ոճերում Հայաստանը ներկայացնող չորս ըմբիշներն էլ միջազգային գոտեմարտերի բավականաչափ մրցափորձ ունեն եւ մեկ անգամ չէ, որ բարձրացել են պատվո պատվանդան:
Հայաստանի մյուս առաջատար ըմբիշները «Տաշիրի» կազմում հանդես կգան աշխարհի ակումբային առաջնությունում: Ազատ ոճում Խարկովի մրցագորգ մտնելու են. 57 կգ քաշային Նարեկ Խաչատրյան, 61 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Սուրեն Խաչատրյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Շամիր Աթյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան: Ազատ ոճում մասնակցության հայտ ներկայացրել են Հայաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Մոնղոլիան, Հունգարիան, Իրանը, Ուկրաինան, անգամ Սիերա Լեոնեն: Թիմային հաղթողն ու մրցանակակիրները, բացի մեդալներից ու պատվոգրերից, կխրախուսվեն նաեւ դրամական պարգեւներով, համապատասխանաբար՝ $25, 15 եւ 10 հազարական:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
22.11.2016