«Առավոտի» զրուցակիցն է World Miss University (Աշխարհի միսս ուսանողուհի)
համաշխարհային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարիամ Իսայանը:
– Մարիամ, լինելով «Միսս Հայաստան 2008»-ի թագակիր, երկար տարիներ են, ինչ այդ ասպարեզում չեք. առաջարկն ինչպե՞ս ընդունվեց Ձեր կողմից:
– Հրավերը, որը ստացել եմ «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանից, անսպասելի էր: Մտադրություն չունեի այդ ասպարեզ վերադառնալու, սակայն այս մրցույթը, իր սահմանած չափանիշներով, տարբերվում է այլ գեղեցկության մրցույթներից, քանի որ գնահատվում է ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաեւ գիտելիքները, հասարակական գործունեությունը. թերեւս հենց դա էր պատճառը հրավերն ընդունելու:
– Որտե՞ղ է անցկացվելու մրցույթը եւ ո՞րն է հիմնական գաղափարը:
– Մրցույթն անցկացվելու է Կորեայի Հանրապետությունում եւ Չինաստանում: Այն առաջին անգամ կազմակերպվել է 1986թ.-ին, դասվում է աշխարհում առավել հայտնի 4 գեղեցկության մրցույթների (Miss Universe, Miss International and Miss World) շարքին: Միակ գեղեցկության մրցույթն է, որն ուղղված է աշխարհում խաղաղության խթանմանը եւ կարեւորություն է տալիս միջազգային հարաբերությունների զարգացմանը:
– Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանքներով եք այժմ զբաղված:
– Զբաղվում եմ ոչ միայն արտաքին տեսքս ապահովող աշխատանքներով, այլեւ անցած տարիների միջոցառումներն ուսումնասիրելով, փորձում եմ պատկերացում կազմել եւ պատրաստվել մրցույթի շրջանակներում անցկացվող ֆորումին, քննարկվող թեմաներին, հանդիպումներին: Ցուցադրվող զգեստների, տարազների ընտրության, ճանաչողական տեսանյութի նկարահանման միջեւ եղած ընդմիջումների ընթացքում թարմացնում եմ կորեական եւ չինական մշակույթի, ավանդույթների վերաբերյալ տեղեկություններս: Զբաղվում եմ տաղանդ շոուի համար նախատեսված բեմադրական աշխատանքներով եւ այլն:
– Ո՞րն եք համարում ժամանակակից աղջկա լավագույն մոդելը:
– Ըստ իս` արտաքին գեղեցկության, որակյալ կրթության, գիտելիքների, մարդկային բարձր արժեքների միաձուլմամբ է ստեղծվում այդ մոդելը: Մարդ, որը կարողանում է կյանքի ամեն փուլի համար առանձնացնել առաջնահերթություններն ու լինել երջանիկ:
– Ձեզ պերֆեկցիոնիստ համարո՞ւմ եք:
– Ընդհանուր առմամբ` այո (ժպտում է): Փորձում եմ միշտ մոտ լինել կատարյալին. եթե նախաձեռնում եմ ինչ-որ մի բան, ապա պետք է գերազանց արդյունք ապահովեմ: Գերազանց ասելով նկատի ունեմ հասնել այն գագաթնակետին, որն ինձ համար սահմանել եմ մինչ այդ:
– Ո՞րն է Ձեր կյանքի լավագույն ձեռքբերումը եւ հաջողության գաղտնիքը:
– Բարդ է մինչ այս ունեցած հաջողություններիցս որեւէ մեկն առանձնացնելը: Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուրի կյանքի լավագույն ձեռքբերումը համարում եմ երջանիկ ընտանիք ունենալը: Ես միշտ աշխատում եմ, լրացնում բացթողումներս: Մայրս ինձ սովորեցրել է հավատալ սեփական ուժերին, հաղորդակից լինել Աստծո հետ, երբեք չհանձնվել ու սկսած գործը կիսատ չթողնել:
– Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բան չի ստացվո՞ւմ:
– Վերլուծում եմ արված եւ չարված քայլերս ու առաջ շարժվում: Պետք է սիրել կյանքը, եւ ամեն օրն ավելի լավը դարձնել:
– Երբ արգելքների եք հանդիպում Ձեր ճանապարհին, հիասթափվո՞ւմ եք:
– Հիասթափությունս վայրկյաններ է տեւում, փնտրում եւ գտնում եմ ելքեր՝ հաղթահարելու խոչընդոտները: Ես միշտ պայքարում եմ իմ նպատակներին հասնելու համար: Հավատում եմ, որ եթե վեհ է նպատակդ, եւ ուժեղ կամքդ, հաղթահարելի կլինի ցանկացած արգելք, քանի որ քեզ կուղեկցեն Աստծո եւ ծնողներիդ աջակցությունն ու օրհնանքը:
– Տեղական ու միջազգային տարբեր գիտաժողովների եք մասնակցել. մասնակցությունը եւ Ձեր մասնագիտությունը փոխլրացնո՞ւմ են միմյանց:
– Նմանատիպ ծրագրերը տեսական գիտելիքներս պրակտիկորեն կիրառելու լավագույն տարբերակն են հանդիսանում: Կարելի է ասել` մինչ դիվանագիտական աշխատանքի անցնելը հմտանում եմ բանակցելու, ելույթներ ունենալու, տարբեր ազգերի հետ շփվելու հարցում: Միեւնույն ժամանակ գիտաժողովները, թրեյնինգները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, քննարկվող թեմաների շուրջ մասնագիտացած անձանց աշխատանքային փորձից բխող խորհուրդներին, տեսակետներին ծանոթանալու առիթ են:
– Ըստ Ձեզ` ո՞րն է իգական սեռի գլխավոր առաքելությունը:
– Դաստիարակել այնպիսի երեխաներ, որոնք աշխարհն ավելի լավը կդարձնեն, որոնցով կհպարտանան ոչ միայն ծնողները, այլեւ հասարակությունը:
– Ո՞րն է կարեւորությունը գեղեցկության մրցույթների, հատկապես World Miss University-ի, ի՞նչ է այն տալիս աղջիկներին:
– Գեղեցկության մրցույթները հարթակ են ինքնազարգանալու, սեփական անձը նոր դիտանկյունից բացահայտելու: World Miss University-ն հնարավորություն է տալիս ծանոթանալ աշխարհի 100-ից ավելի երկրների ուսանողուհիների հետ, որոնք ունենալով տարբեր մշակութային, կրոնական, էթնիկ պատկանելություն, պատրաստակամ են նպաստել աշխարհի խաղաղությանը: Այն հարթակ է, որտեղ քննարկվում են միջազգային հանրությանը հուզող հարցեր, մասնակիցները գեղեցկության մրցույթների բուն փուլերից բացի, որպես կամավորներ աշխատում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների, պատերազմից տուժած անձանց հետ, ներգրավվում են բարեգործական ծրագրերում: Միեւնույն ժամանակ հնարավորություն է անցկացնել հետաքրքիր ժամանց, ճանապարհորդել, ձեռք բերել ընկերներ տարբեր երկրներից: Հաճախ մասնակիցները կարող են ոգեւորել մյուս աղջիկներին, հանդիսանալ այն խթանը, որը կօգնի հավատալ սեփական ուժերին եւ սկսել իրականացնել փայփայած երազանքները: Ինձ համար գեղեցկության մրցույթները նաեւ հնարավորություն են միջազգային ասպարեզում մեր պատմությունն ու մշակույթը ներկայացնելու: Անչափ կարեւորում եմ մրցույթներից վերցնել դրականը եւ զերծ մնալ բացասական ազդեցություններից:
Հարցազրույցը` ՄԵՐԻ ԻՍԱՅԱՆԻ
Լուսանկարները`
Մարիամի անձնական արխիվից
«Առավոտ»
22.11.2016