Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հիմնական գործառույթը

Նոյեմբեր 23,2016 12:00

Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` դա պոպուլիզմի բարձր չափաբաժնով հանրության շրջանում փոփոխության հույսեր արթնացնելն ու տարատեսակ հնարքներով հակառուսական տրամադրությունները մեղմելն է:

– Երկու ամիս է արդեն՝ Հայաստանում նոր վարչապետ է նշանակվել, նոր կառավարություն է ձեւավորված, թեեւ երկու ամիսը բավարար ժամանակ չէ եզրահանգումներ անելու համար, այնուամենայնիվ, Ձեր կարծիքով՝ նախ ո՞ւր է շարժվում իշխանությունը Կարեն Կարապետյանի կառավարությամբ: Առհասարակ, նրա նշանակմամբ ի՞նչ խնդիրներ փորձեց լուծել Սերժ Սարգսյանը:

– Կառավարության փոփոխությունը եւ հատկապես դրա ղեկավարի ընտրությունն ու նրան նմանատիպ արտոնություններով օժտելն ուղղորդված էին ոչ Հայաստանից, բայց քանի որ Սերժ Սարգսյանն իր երկարամյա պաշտոնավարման փորձով կարողանում է ցանկացած գործընթաց ծառայեցնել իր շահերին, այս մեկը եւս կարողացավ օգտագործել ի նպաստ իր նախընտրական ծրագրերի: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հիմնական գործառույթը պոպուլիզմի բարձր չափաբաժնով հանրության շրջանում փոփոխության հույսեր արթնացնելն ու տարատեսակ հնարքներով հակառուսական տրամադրությունները մեղմելն է: Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ մեր երկրում առկա քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի լուծման համատեքստում կառավարության փոփոխությունը որեւէ նշանակություն չի կարող ունենալ: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ մեր երկրում առկա խնդիրները համակարգային ճգնաժամի հետեւանքներ են, եւ հետեւաբար դրանց լուծումները պետք է փնտրել այդ տիրույթում: Անձերի փոփոխությունն ընդամենը իշխանության համար կարճաժամկետ մարտավարական խնդիրներ կարող է լուծել, ինչին էլ ականատես ենք լինում ներկայումս:

– Նոր քաղաքական ուժեր են ստեղծվում, արդեն իսկ նկատվում է պաշտոնապես չհայտարարված, բայց ծավալվող թեժ ընտրապայքարը ԱԺ ընտրություններին ընդառաջ: Գալիք խորհրդարանում, բացի ՀՀԿ-ից, ո՞ր ուժերը կարող են հայտնվել, ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր քաղաքական դաշտում թե՛ մինչեւ ընտրությունները, թե՛ ընտրությունների արդյունքում:

– Եկող ԱԺ ընտրություններին արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել ռեկորդային թվով քաղաքական միավորներ: Վերջերս տարատեսակ դաշինքների ստեղծման մասին խոսակցություններն ինտենսիվացել են, անգամ կան արդեն իսկ ստեղծված միավորումներ, բայց թե՛ այդ խոսակցությունները, թե՛ տարատեսակ ամպագոռգոռ անվանումներով ստեղծված միավորումները որեւէ էական ազդեցություն չեն կարող ունենալ սպասվող ընտրությունների ելքի վրա:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

Մեր երկրի քաղաքացիները վաղուց «դուրս են մնացել» քաղաքական գործընթացներից, եւ, ինչպես ցույց տվեցին Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, այսօր Հայաստանում անգամ ընտրական գործընթացներն են գտնվում կատարյալ վերահսկողության տակ: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք 4 տարի ոչինչ չեն անում եւ միայն ընտրություններին նախորդող մի քանի ամիսներին են հիշում իրենց քաղաքական հավակնությունների մասին, որեւէ էական հաջողության չեն կարող հասնել:
Կլինի թեժ ընտրապայքարի իմիտացիա, դաշտ «կվերադառնան» իշխանության երբեմնի հաճախորդները, իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված քաղաքական գործիչները, իսկ արդյունքում կլինի այն, ինչ ցանկանում է իշխող ուժը: Կարճ ասած՝ ներկայիս պայմաններում բավականին իրատեսական է դառնում այն, որ եկող ԱԺ ընտրությունների արդյունքում մենք կունենանք ՌԴ Պետդումայի նման Ազգային ժողով, որտեղ բացի ՀՀԿ-ից՝ ներկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում տեղ կունենան առավելագույնը 3-4 կուսակցություն, եւ որոնց միջեւ էական արժեհամակարգային տարբերություններ չեն լինի:

– Ի՞նչ եք կարծում՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած ազգ-բանակ թեզի մասին, նրան կհաջողվի՞ մթնոլորտ փոխել, անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել:

– Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն ամբողջությամբ տեղավորվում է կառավարության փոփոխության պատճառահետեւանքային կապերի տրամաբանության մեջ: Բանակում մթնոլորտ փոխելու համար պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, որի համար անհրաժեշտ է նախ՝ խարիզմատիկ լեգիտիմություն ունեցող իշխանություն, քաղաքական կամք եւ, որն ավելի կարեւոր է, ինքնիշխանություն: Վերոգրյալ երեք բաղադրիչներն այս պարագայում, ցավոք, բացակայում են, եւ հետեւաբար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունից իրական դրական տեղաշարժեր ակնկալելն անիմաստ է:
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն: Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ուշագրավ է հետեւյալ ձեւակերպումը` «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Հետեւաբար ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից, սպառնալիքներից է այդ զորախումբը պաշտպանելու: Օրինակ` Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները կանխվելո՞ւ են:

– «Հայ-ռուսական միացյալ զորախումբ» ստեղծելու գաղափարն ի սկզբանե ամբողջությամբ հակապետական եւ մեր՝ առանց այդ էլ խաթարված ինքնիշխանությունը վերջնական վերացնելուն ուղղված քայլ է եւ որեւէ պարագայում չի կարող բխել ՀՀ պետական շահերից: Իսկ համաձայնագրում առկա եւ Ձեր կողմից մեջբերված հատվածներն ամբողջությամբ հիմնավորում են նախորդ նախադասության մեջ արված պնդումները: Ըստ էության, այդ «համատեղ զորախումբը» ստեղծվում է մեր երկրում «ռուսական շահերին հակասող սպառնալիքները» ժամանակին եւ արդյունավետ կերպով չեզոքացնելու եւ հայկական ԶՈՒ-ի նկատմամբ ունեցած վերահսկողությունն ավելացնելու նպատակով: Այստեղ ամենացավալին այն է, որ տվյալ օրինագիծն ԱԺ մտնելու պարագայում արժանանալու է հայ պատգամավորների գրեթե միանձնյա համաձայնությանը, ինչպես եղել է մնացած դեպքերում:

– ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը հիմք ընդունելով՝ ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել մեր տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից առաջիկայում վարվող քաղաքականության վերաբերյալ: ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմի օրոք քաղաքականությունում արդյոք փոփոխություններ կարո՞ղ են տեղի ունենալ հայ-ամերիկյան հարաբերություններում՝ հաշվի առնելով այն գործոնը, որ գործարար Թրամփը բիզնես-ծրագրեր է ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում:
– Եթե պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընտրվելու պարագայում կարելի էր որոշակիություն տեսնել մեր տարածաշրջանում ԱՄՆ կողմից վարվող քաղաքականության մեջ, ապա Դոնալդ Թրամփի պարագայում կանխատեսումներ անելն ավելի բարդ է: Որքան էլ Թրամփը տարածաշրջանում եւ, մասնավորապես, Ադրբեջանում եւ Վրաստանում բիզնես-նախագծեր է ունեցել, չեմ կարծում, որ բիզնես-նախագծերն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները կարող են բխել մեկը մյուսից: Բացի այդ, ԱՄՆ քաղաքական համակարգի բնույթից ելնելով՝ կարելի է միանշանակ փաստել, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունն այնտեղ պայմանավորված չէ մեկ անձով: Հետեւաբար, կարծում եմ՝ Թրամփի օրոք եւս տարածաշրջանի հետ կապված ԱՄՆ արտաքին քաղաքական առաջնահերթություններն էական փոփոխությունների չեն ենթարկվի: Միգուցե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում այնպիսի դրական տեղաշարժեր չլինեն, ինչպիսին կարելի էր ակնկալել Քլինթոնի պարագայում, բայց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում Թրամփի վարչակազմը նվազագույնը կշարունակի գործել նույն առաջնահերթություններով, որոնցով գործել է Բարաք Օբամայի վարչակազմը:

– Թրամփը համարվում էր Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեպի մեղմացում տանող նախագահի թեկնածու` ի տարբերություն Հիլարի Քլինթոնի: Թրամփի նախընտրական խոստումները կիրականանա՞ն, ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերությունները կմեղմանա՞ն: Եվ ՌԴ-ԱՄՆ սրված հարաբերությունները եթե պահպանվեն` Հայաստանը մանեւրելու ռեսուրս ունի՞, ինչպե՞ս պետք է իրեն դրսեւորի Հայաստանը:

– Հաշվի առնելով ԱՄՆ քաղաքական համակարգի բնույթն ու էությունը՝ դեռեւս նախընտրական քարոզարշավի ընթացքում պարզ էր, որ թեկնածու Թրամփի ընտրվելու դեպքում նրա կողմից հնչեցված բազմաթիվ խնդրահարույց գաղափարներն իրականացնելն անհնար էր լինելու: Նախագահական մրցավազքում թեկնածու Թրամփի կողմից արտահայտված ծրագրային կետերից շատերն արդեն ընտրված նախագահ Թրամփի կողմից հերքվել են պաշտոնապես: Եվ ԱՄՆ-ն այն պետությունը չէ, որտեղ հնարավոր լինի մեկ անձի կողմից թելադրել այնպիսի քաղաքական կուրս, որը կհակասի այդ պետության աշխարհաքաղաքական շահերին: Եվ եթե Դոնալդ Թրամփը չի ցանկանում ԱՄՆ նախագահների պատմության մեջ Ռիչարդ Նիքսոնի հետ նույն ճակատագիրը կիսել (այսինքն՝ ենթարկվել իմպիչմենտի), ապա պարտավոր է հետեւել ԱՄՆ պետական շահերին, որոնք երբեք չեն կարող համընկնել պուտինյան Ռուսաստանի շահերի հետ:

ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում առկա հակասությունները մեծ մասամբ գտնվում են արժեհամակարգային տիրույթում, եւ Սառը պատերազմում խորհրդային կապիտուլյացիայից հետո ստեղծված աշխարհաքաղաքական կարգի ստատուս քվոն փոխելու Պուտինի փորձերը որեւէ պարագայում չեն կարող հաջողության հասնել, առավել եւս բացառվում է, որ այդ ցանկությունները որեւէ պարագայում սպասարկվեն ԱՄՆ կողմից: Ներկայումս Թրամփի կողմից իր վարչակազմում աշխատելու առանցքային պաշտոններում այնպիսի թեկնածուների անուններ են քննարկվում, որոնք հայտնի են իրենց հակառուսական մոտեցումներով, որն արդեն իսկ ուրվագծում է Թրամփի կողմից ՌԴ-ի նկատմամբ սպասվող քաղաքականությունը, եւ, բարեբախտաբար, այն որեւէ կերպ չի արդարացնում այն խանդավառությունը, որն առկա էր ռուսական քաղաքական իսթեբլիշմենթում Թրամփի ընտրվելու կապակցությամբ: Այսքանից հետո, կարծում եմ, Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները եթե էլ ավելի չսրվեն, ապա միանշանակ չեն մեղմվի, իսկ Թրամփի ընտրվելու կապակցությամբ ռուսական պրոպագանդիստական շրջանակներում առկա խանդավառությունը գնալով կվերափոխվի բացասական քարոզչության, ինչի հիմքում կդրվի Թրամփի ոչ ադեկվատ կերպարը: Այս համատեքստում Հայաստանը, ցավոք սրտի, կշարունակի գործել ռուսական կողմից եկող հանձնարարականների համապատասխան:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930