Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2014թ. հունիսի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել են առեւանգել Իջեւան քաղաքի բնակչուհուն: Սակայն Իջեւան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանին եւ մյուսներին իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել:
Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Ի դեպ, աղջիկը, որին Կ. Մարտիրոսյանը փորձել է փախցնել, 2 տարի առաջ ամուսնացել է:
Այս քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2015թ. հունիսի 29-ին: 2015թ. հուլիսի 3-ին դատարանը որոշում է կայացրել Կ.Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, նկատի ունենալով,որ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեկ տարի եւ երեք ամիս անց՝ 2016թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Իջեւանի բաժնից դատարան գրություն է ստացվել, որ 2016թ. սեպտեմբերի 17-ին Կ. Մարտիրոսյանը հայտնաբերվել եւ տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Այդ գրության հիման վրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը սեպտեմբերի 19-ին որոշել է նշված քրեական գործի վարույթը վերսկսել: Այս քրեական գործով հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 28-ին:
Կ. Մարտիրոսյանը 2008թ.-ից Ազատամուտ համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանի որդին է: 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ժ. Մարտիրոսյանը վերընտրվել է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ