Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Այդ մասին նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Հովիկ Աբրահամյանը, թեեւ ՀՀԿ ԳՄ անդամ է, սակայն իր պաշտոնանկությունից հետո ԳՄ նիստերին չէր մասնակցում:
Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են ամսի 26-ին` շաբաթ օրը կայանալիք ՀՀԿ համագումարին վերաբերվող հարցեր: Քննարկումները չեն ավարտվել: ՀՀԿ համագումարին վերաբերող որոշ հարցեր էլ կքննարկեն ուրբաթ օրը նախատեսված ՀՀԿ ԳՄ նիստում:
ՀՀԿ համագումարում, հիշեցնենք, նախատեսվում են կադրային, կանոնադրական եւ կառուցվածքային մի շարք փոփոխություններ: Մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Գագիկ Մինասյանը նույնպես ասաց, որ համագումարի օրը կտեղեկանանք բոլոր փոփոխությունների մասին:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, Գագիկ Մինասյանն ասաց` որքան ինքն է տեղյակ, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ին իր անդամակցելու մասին վարչապետը կհայտարարի հինգշաբթի օրը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ