«Մենք ունենք մի հարեւան երկիր, որտեղ ոչ վաղ անցյալում ընդամենը մեկ գիշերվա մեջ մարդիկ կարողացան արատավոր երեւույթները վերացնել, վերջ տվեցին կոռուպցիային, կաշառակեր պաշտոնյաներին եւ շատ ծանր պատիժներ սահմանեցին այդ մեղավորների համար: Այսօր, եթե այդպիսի իրավիճակ ստեղծելու կամք եւ քաղաքական որոշում կա, պետք է շատ արագ ռադիկալ քայլեր ձեռնարկվեն, ոչ թե հերթական անգամ մեզ թվա, թե լոլո են մեր գլխին կարդում»,- Aravot.am-ի հետ զրույցում արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն այսպես արձագանքեց տնտեսությունում արագ փոփոխությունների անհրաժեշտություն տեսնող վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ վարչապետը «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում հավաստիացրել էր, թե հավասար մրցակցային դաշտ կստեղծվի. «Գործարարները չպետք է խոչընդոտների հանդիպեն կոռումպացված չինովնիկների կողմից, որոնք ակնկալում են գումարներ ստանալ վարչական որոշումներ ընդունելու համար: Նրանք չպետք է խոչընդոտներ ունենան նաև քաղաքական կապերն օգտագործող այլ գործարարների կողմից, որոնք սահմանափակում են մրցակցությունը»:
«Իրենք շատ լավ գիտեն՝ որտեղ են այդ կաշառակեր պաշտոնյաները, ովքեր են օգտվում իրենց պաշտոնական դիրքերից, ովքեր կարող են այսօր իրավիճակ փոխել, ամեն ինչ շատ բաց է, ընդամենը քաղաքական կամք է պետք: Ես քաղաքական գործիչ չեմ, տնտեսության մարդ եմ, արտահանողների միության նախագահն եմ, նաեւ գործարար եմ, իմ վրա էլ է ազդում, ես էլ եմ ուզում, երազում ունենալ մի հայրենիք, որը զերծ լինի կաշառակերներից ու ամեն մի փոքր գործողության համար չմտածեմ՝ որ մեկին ինչքան կաշառք պետք է տամ, որ գործս առաջ տանեմ: Դրա համար ռադիկալ քայլեր են պետք, այսօր դեռեւս ոչ մի ռադիկալ քայլ չեմ տեսնում: Մեծ հույսեր եմ կապում Կարեն Կարապետյան անունի հետ, որովհետեւ այն տպավորությունն եմ ստացել, որ ինքը պրոֆեսիոնալ կառավարիչ է, բայց իր միայն պրոֆեսիոնալ լինելը բավարար չէ այս հարցերի լուծման համար, ինձ թվում է քաղաքական կամք է պետք ու կարելի է այդ ամենը մի գիշերվա մեջ անել»,- ասաց պարոն Մխչյանը:
Մեր հարցին, թե նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում, հնարավոր համարո՞ւմ է, որ մինչեւ ապրիլ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կհասցնի իր մատնանշած փոփոխություններն իրականացնել, պարոն Մխչյանը պատասխանեց. «Եթե իրենց խոստումների նույնիսկ 20-30 % կարողանան ապահովել, իրենք նորից կարող են նոր ընտրություններ ապահովել: Իշխանության մնալու հարցն է խնդիրը, այսօր վերարտադրման խնդիր կա եւ այդ վերարտադրման համար որոշակի քայլեր պետք է արվեն, թե այդ քայլերը ինչքանով կգան, կհասնեն գործարարին, ինչքանով կօգտվի գործարարը դրանից, կչափենք վեց ամսից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ