Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմաբազայից չեմ հանդիպել մեկին, որը Գյումրիում բնակվելով՝ հայերեն սովորի»․ պատմաբան

Նոյեմբեր 22,2016 21:21

Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը թեև կողմ է, որ մենք՝ հայերս կարողանանք գրագետ խոսել ռուսերեն, տիրապետել այդ լեզվին, սակայն կտրականապես դեմ է Հայաստանում  որպես երկրորդ պետական լեզու ընդունելուն։

«Հին սերունդը ռուսերեն լավ գիտեր, բայց այն ժամանակ ծայրահեղության մեջ էին ընկել, մայրենի լեզու ընդունելով՝ սովորական գրագրությունը ռուսերեն էր։ Այն ժամանակ հիմնարկների, բոլոր նախարարությունների հասարակ տեղեկագրերը, որ տալիս էին, ռուսերեն էր․․․ Բայց այդ ժամանակներն անցան, մենք լեզվի մասին օրենք ունենք, թող ռուսերենը լինի կիրառելի լեզու, զարգացնելու համար աշխատանք կատարեն, մենք օգտագործում ենք և՛ ռուսերեն, և՛ անգլերեն, ցանկացած լեզու, որն ասենք  անհրաժեշտություն է  մեզ համար, ինչքան լեզու օգտագործվի, այնքան լավ, բայց պետական լեզու դարձնելը, այդ տերմինը ինձ դուր չի գալիս..

Ի՞նչ է նշանակում դա, մենք ճանաչում ենք մի պետական լեզու՝ հայերենը։ Մի ժամանակ ռուսական դպրոցները Հայաստանում չգիտես ինչու անվանում էին էլիտար դպրոցներ ու  ցավալին այն է, որ  մեր շատ-շատ մտավորականներ՝ անկախ մասնագիտությունից, նույնիսկ հայոց լեզվի մասնագետներ իրենց երեխաներին տանում էին ռուսական դպրոց։ Եվ շատ լավ գիտեք, որ ռուսական դպրոց ամեն մեկին չէին էլ ընդունում, հատուկ մոտեցումներ էին պետք ռուսական դպրոցում սովորելու համար, բայց ես իմ անձնական կարծիքն ասեմ՝ ռուսական դպրոցում ավարտողների մի զգալի մասը, չեմ ասում բոլորը ո՛չ ռուսերեն գիտեր, ո՛չ հայերեն։ Տարիներ առաջ սկսվեց այդպիսի շարժում՝ օտար լեզվով դպրոցներ բացել ու էլիտար անվանելը, ես դեմ այն հանգամանքին, որ մեր երկրում օտար լեզվով դպրոցն ավելի արտոնյալ պիտի լինի, առանց այն էլ չգիտես ինչու մենք օտարամոլությամբ տառապում ենք, հասարակ բան․ ամեն տեղ խանութները օտար լեզվով են գրում ցուցանակները, այսինքն` մենք ոտնահարում ենք լեզվի օրենքը»։

Մեր հարցին՝ երբևէ ուսումնասիրե՞լ եք՝ տարիներ շարունակ Գյումրիում բնակվող ռուս զինծառայողների ընտանիքի անդամները, որոնք ամենօրյա շփման մեջ են հայերի հետ, խանութ են գնում, առևտուր անում, գոնե տարրական մակարդակով տիրապետո՞ւմ են հայերենին, պատմաբանն ասաց․« Ես այդպիսի մեկին չեմ ճանաչում ձեր ասած ռազմաբազայից, որ երկար տարիներ ապրելով Գյումրիում՝ հայերեն խոսի կամ ձգտի հայերեն սովորելու, կարող է մի քանի կցկտուր բառեր իմանա, ասենք ՝ բարև և այլն․․․ Թեև ասեմ, նրանց ամենևին պետք չէ հայերեն սովորել, որովհետև ինքը ռուսերենով շատ հանգիստ շփվում է մեզ հետ, նա խնդիր չունի լեզվի հետ կապված․․․ Իհարկե, երբ մենք ենք գնում Ռուսաստան, պարտավորվում ենք ռուսերեն սովորել, այլապես շփման խնդիր կունենանք, իսկ ռուսը Գյումրիում, նորից եմ կրկնում, այդ խնդիրը չունի․․․»։

Լուսանկարը՝ Արշավիր Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930