Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է գյուղական բնակավայրերի տրանսպորտի խնդիրը: Մինչդեռ 2014թ. հոկտեմբերից, ավելի քան 2 տարի, սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ հանրային տրանսպորտ չի գործում: Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարած Երեւան-Նոյեմբերյան եւ հակառակ ուղղությամբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթների մրցույթները չեն կայանում, քանզի դրանց մասնակցող ընկերություններ չեն լինում:
Նոյեմբերյան –Երեւան եւ Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին նախկինում առանց ուղեւորների էր մնացել տաքսիների հետ անհավասար մրցակցության պատճառով: Արտագաղթի հետեւանքով ուղեւորների քանակը Հայաստանում, այդ թվում՝ Նոյեմբերյանում նվազել է: Տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիստները Նոյեմբերյան- Երեւան եւ հակառակ ուղղությամբ մեկ անձին փոխադրում են 3 հազար դրամով, նախկինում միկրոավտոբուսի ուղեվարձը 2000 դրամ էր:
Տաքսիները ուղեւորին վերցնում են նրանց ցանկացած վայրից եւ հասցնում Երեւանի ցանկացած կետ, ինչը ուղեւորին ձեռնտու է: Սակայն դա նաեւ խնդիր է ստեղծում: Տաքսիստները տարբեր վայրերից ուղեւորներ են հավաքում, մեքենայի 4 ուղեւորներին հասցնում Երեւանի տարբեր տեղեր, ինչի պատճառով ուղեւորները հաճախ ուշանում են, չեն հասցնել մայրաքաղաքում ունեցած գործերն անել: Միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը կարող է տաքսիների մրցակցությանը դիմանալ, եթե Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող բոլոր տաքսիստները գործեն օրինական դաշտում, հարկեր վճարեն: Շատ գործազուրկներ ոչ լավ օրից հիմա տաքսի են քշում:
Բազմաթիվ նոյեմբերյանցիներ դժգոհում են, որ Նոյեմբերյանը Երեւանին կապող միկրոավտոբուսային երթուղին փակվեց: Այն համեմատաբար էժան սպասարկում էր իրականացնում, մեկնումի եւ ժամանելու ժամը ստույգ էր: Ե՞րբ կգործի ավտոբուսային կամ միկրոավտոբուսային երթուղին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ