ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Է. Միտրոֆանովայի՝ «Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին պետք է հատուկ՝ օրենսդրական կարգավիճակ տալ, եւ այդ հարցը պետք է լինի ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում» հայտարարությունը հայ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը հայոց լեզվի նկատմամբ ոտնձգություն է համարում:
«Միջամտություն այլ երկրի ներքին գործերին: Ես վստահ եմ, որ Հայաստանի հանրապետությունը՝ հայ ժողովուրդն ու իշխանությունները, շատ գեղեցիկ հակահարված կտան՝ իսպառ մերժելով, որովհետեւ նման ոչ պահանջ, ոչ հիմք կա: Դա անհեթեթությունների շարքին է պատկանում, ով էլ որ այդ կարծիքը հնչեցրած լինի՝ կին, թե՝ տղամարդ, բարձր պաշտոնյա, թե ցածր պաշտոնյա»,- Aravot.am-ին ասաց լեզվաբանը:
Անդրադառնալով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարությանը, թե ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն՝ պարոն Գյուրջինյանը նկատեց, որ այդ հայտարարության մեջ ենթատեքստ չպետք է փնտրել. «Մարդը, եթե ասել է խորացված ուսուցում կամ ուսուցումը պետք է ավելի լավ լինի, այդպես էլ պետք է հասկանալ: Նույն կերպ հայոց լեզուն էլ հենց Հայաստանում խնդիր ունի. ե՛ւ դպրոցական, ե՛ւ համալսարանական ուսուցման թե որակը, թե բովանդակությունը պետք է արմատապես փոխվեն: Ինչ վերաբերում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, պարսկերենին այդ լեզուները պետք է տեղ ունենան մեր հանրակրթության մեջ այս կամ այն չափով, բայց որեւէ մեկին չպետք է առավելություն տրվի, որովհետեւ բոլորն էլ անխտիր օտար լեզուներ են մեզ համար՝ ռուսերենից սկսած մինչեւ պարսկերեն»:
Ըստ լեզվաբանի, այնքան էլ հեշտ չի լինի Հայաստանում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ, որովհետեւ. «Հեշտ չէ նման բան առաջարկելն ու անելը, խորհրդային միության տարիներին նույնիսկ խորհրդային Հայաստանի պետական լեզուն հայերենն էր, գոնե Սահմանադրության մեջ դա արձանագրված էր: Հիմա մեր հանած աղմուկը մի քիչ վախի նման է, այո՛ ունենք ռուսախոսներ, Ռուսաստանի հայեր, բայց դա մեզ չի հուզում, որովհետեւ դա ուրիշ հարց է ու ուրիշ հարթության մեջ է լուծվելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը` Լուսինե Գրիգորյանի (www.armcult.am)