Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլյան պատերազմում Թալիշում զոհված 25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի մգլած առաստաղով, խարխլված պատերով ու բորբոսնած հատակով կիսաքանդ ճաշարանում։
Այժմ էլ հերոսի ընտանիքը շարունակում է ապրել այդ նույն ճաշարանում, թեև Արգիշտիի հայրը՝ Արծվի Գաբոյանը, որը պայմանագրային զինծառայող է Արցախում, մեզ տեղեկացրեց, որ 4 ընկերներ օգնել են իրենց՝ Երևանում մեկ սենյականոց բնակարան գնելու։
Արծվի Գաբոյանի փաստմամբ, պաշտպանության նախարարությունը որպես բնակարանային փոխհատուցում 3 միլիոն 160 հազար դրամ գումար է հատկացրել իրենց։ Այդ գումարով, բնականաբար, որևէ տեղ, անգամ ամենախուլ գյուղում տուն գնել հնարավոր չէ։
Կարդացեք նաև
Մեծ Մանթաշի նորընտիր գյուղապետ Արկադի Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում տները հասնում են մոտ 10-12 միլիոն դրամի։ Հերոսի հոր ասելով, ՊՆ պաշտոնյաները, քաջ գիտակցելով, որ 3 միլիոն 160 հազար դրամով տուն ձեռք բերել հնարավոր չէ, զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու պատրաստակամություն հայտնած չորս բարերար ընկերների տվել են իրենց հասցեն։ «4 ընկերներ, մեկը Մոսկվայից է, բայց, իհարկե, հաճախակի է գնում-գալիս Երևան, մյուսը՝ Երևանից է, երկուսն էլ ԱՄՆ-ից, դիմել են պաշտպանության նախարարություն, այստեղից էլ 3 հասցեներ են տվել, որից մեկը մերն էր։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում հրապարակել այս մարդկանց անուն-ազգանունները, քանի որ չեմ համաձայնեցրել իրենց հետ, բայց անչափ շնորհակալ եմ իրենցից։ Չորս ընկերներով օգնեցին ինձ բնակարան գնելու, քանի որ փոքր տղաս սովորելու է Երևանում, ես ստիպված բնակարան գնեցի մայրաքաղաքում: Իհարկե, գումարն ամբողջապես չբավարարեց, ստացվեց այնպես, որ դեռ պարտք եմ մնացել բնակարանատիրոջը 3 հազար դոլարի չափով»,- ասաց Արծվի Գաբոյանը։
Հիշեցնենք, որ Արծվի Գաբոյանը որդուն՝ Արգիշտիին վերջին հրաժեշտը տվել էր Թալիշում՝ մարտի դաշտում: Որդին մի պահ տեսնելով հորը՝ իր գումարտակի հետ, մոտեցել, համբուրել էր նրան ու ասել՝ պապ, շատ շտապ եմ, դիրքեր պիտի գնամ։
Այս ընտանիքին օգնելու ցանկություն ունեցողներին մեկ անգամ ևս հիշեցնում ենք նրանց հաշվեհամարները՝
Գաբոյան Արծվի. «Հայբիզենսբանկ» 11500427939079, այս հաշվեհամարին կարող են փոխանցումներ կատարել միայն ՀՀ դրամով,
Սարգսյան Հասմիկ. ВТБ բանկ 16011006996210, այս հաշվեհամարին կարող են փոխանցումներ կատարել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով:
Այս ընտանիքի հետ կապ կարելի է հաստատել նաեւ 094 53 93 32 հեռախոսահամարով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ