Դավիթ Շահնազարյանը չի բացառում, որ` «Թրամփի նախագահության օրոք Ղրիմը վերադարձվի Ուկրաինային»
«Թրամփ-նախագահի վարքագիծն ամբողջովին տարբերվելու է Թրամփ – թեկնածուի վարքագծից» – Крым.Реалии-ին տված հարցազրույցում այսպիսի կանխատեսում է արել Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը:
Ներկայացնում ենք հարցազրույցի թարգմանությունը:
«Թվացյալ ատելության պայմաններում Թրամփն իր նախընտրական քարոզարշավն իրականացրեց բավականին իրատեսական եւ գործնական մոտեցումներով: Նույնիսկ իր կողմից հնչեցված սկանդալային հայտարարություններն ամերիկացիների, հատկապես, ոչ հարուստների շրջանում աջակցություն էին ստանում եւ ընդունելի էին: Այդ մարդկանց համար բավականին կարեւոր էր աշխատատեղերն ու արտադրությունն ԱՄՆ վերադարձնելու` Թրամփի նախընտրական խոստումը: Նախընտրական խոստումներին, սակայն, մեծ նշանակություն տալ պետք չէ, իհարկե, քանի որ Թրամփն ասում էր այն, ինչ ցանկանում էր լսել հասարակությունը: Եվ, ինչպես ցույց տվեցին ընտրության արդյունքները` այդ մարտավարությունն աշխատեց: Նույնը վերաբերում է նաեւ Թրամփի արտաքին քաղաքականությանը», – նշեց փորձագետը:
Կարդացեք նաև
Դավիթ Շահնազարյանն ընդգծում է. «Նախագահական ընտրություններում, Թրամփի նման թեկնածուի, այսպիսի համոզիչ հաղթանակը վկայում է գաղափարական եւ բարոյական ճգնաժամի մասին ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ողջ արեւմտյան աշխարհում»:
«Թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Եվրոպան հեռացել են իրենց հիմնական սկզբունքներից եւ արժեքային համակարգից: Նրանք այժմ առաջնորդվում են չարդարացված պրագմատիզմով, որն էլ հանգեցրել է վտանգի զգացողության բթացմանը: Այդուհանդերձ, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների համար համակարգից դուրս գտնվող թեկնածուի այս պոպուլիստական քարոզարշավի չտեսնված հաջողությունը միեւնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում զբաղվել «սխալների ուղղմամբ», լրջորեն մտածել նման երեւույթների առաջացման պատճառների մասին եւ վերադառնալ կորցրած արժեքներին: Դա նրանց ստիպում է հենց կյանքը: Նույնը վերաբերում է նաեւ Եվրոպային»:
Դավիթ Շահնազարյանը, միեւնույն ժամանակ, խոստովանում է. «Թրամփի նախագահության առաջին տարիները հետխորհրդային պետությունների համար կարող են լինել ամենածանր տարիները, քանի որ նորընտիր նախագահը գուցե եւ մասամբ կսկսի իրականացնել իր նախընտրական թեզերից որոշները», – սակայն հայ փորձագետը վստահ է. «մեկ մարդու ուժերից վեր է 180 աստիճանով շրջել ԱՄՆ ամբողջ արտաքին քաղաքականությունը»:
«Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները ոչ մի երկրում այդքան արդյունավետ չեն գործում, որքան ԱՄՆ-ում: Ավելին, կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունում նախկին մոտեցումներով առաջնորդվելու պարագայում Թրամփը կարող է լուրջ խնդիրներ ունենալ իր կուսակիցների հետ: Ակնհայտ է, որ Պուտինը «Յալթա-2»-ի նման մի բան է ցանկանում, որն ինքնըստինքյան նշանակում է ոչ միայն վերադարձ Սառը պատերազմին, այլեւ լրացուցիչ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի համար: Իսկ ԱՄՆ-ի համար Եվրոպայի հետ հարաբերությունները, ամեն դեպքում, ավելի կարեւոր են, քան Ռուսաստանի հետ», – կարծում է փորձագետը:
«Եթե հիշում եք, Օբաման եւս 2008 թվականին իշխանության գալիս բավականին բարիդրացիական էր տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Այո, իհարկե, այդ ժամանակ դեռեւս Ղրիմն չէր բռնակցվել, իսկ Դոնբասում էլ պատերազմ չկար, սակայն արդեն իսկ կային մտահոգիչ նախանշաններ, որոնք Օբաման պարզապես անտեսում էր: Մասնավորապես, վերջինս ուշադրություն չդարձրեց Պուտինի 2007 թվականի մյունխենյան ելույթին, որում Ռուսաստանի նախագահն ԱՄՆ նախագահ Բուշին ուղիղ տեքստով հայտարարեց, որ իր համար Ուկրաինան որպես պետություն գոյություն չունի: Այնուհետեւ, 2008 թվականի օգոստոսին Պուտինն իր խոսքերի լրջությունն ապացուցեց Վրաստանի դեմ կատարած գործողություններով: Սակայն այդ ամենը մոռացվել էր: Եթե Ռուսաստանի ագրեսիվ մտադրություններն այդ ընթացքում ստանային արժանի պատասխան` Ղրիմի եւ Դոնբասի իրադարձությունները պարզապես չէին լինի: Պուտինը դեռեւս 2007 թվականին հստակ ցույց տվեց, որ փորձում է բացահայտել այն «կարմիր գիծը», որն ըստ Արեւմուտքի գծված է նրանց միջեւ: Սակայն պարզվեց, որ նա անցել է այդ գիծը ոչ թե Ղրիմի բռնակցմամբ, այլ դեռեւս Դոնբասում պատերազմ սկսելիս», – հիշեցրեց Շահնազարյանը:
Հայ փորձագետը կարծում է. «Օբամայի դիրքորոշման փոփոխությունը ոչ միայն տարիների ընթացքում Ռուսաստանի աճող ագրեսիվության ազդեցությունն էր, այլեւ հենց Ամերիկայի քաղաքական համակարգին արձագանքը, որը Կրեմլի գործողությունների նկատմամբ նախագահից ավելի կոշտ մոտեցումներ էր պահանջում»:
«Կարծում եմ, Ռուսաստանի վերաբերյալ իր նախընտրական ծրագրի կետերն այժմ իրականացնելու պարագայում համակարգը Թրամփին կստիպի ըմբռնել իրավիճակն ավելի արագ, քան դա տեղի ունեցավ Օբամայի հետ: Բանն այն է, որ համակարգը միշտ գործում է ի շահ ԱՄՆ-ի. այն այդպես է ստեղծված: Իր հերթին, ԱՄՆ-ի շահը միայն ներքին քաղաքականությամբ չի սահմանափակվում: Թրամփին պարզապես չեն թույլատրի ո՛չ աջակցել Պուտինին, ո՛չ էլ փակել իրանական նախագիծը: Իրավիճակն այժմ շատ ավելի վտանգավոր է, քան 2008-ին էր, եւ միանգամայն հնարավոր է, որ համակարգի պաշտպանական մեխանիզմները աշխատեն ավելի շուտ, իսկ Թրամփի նախագահության վերջին շրջանում Պուտինը պարզապես կերազի ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել Հիլարի Քլինթոնին: Այժմ, օրինակ, Կոնգրեսում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացմանն ուղղված մի օրինագիծ է քննարկվում: Սա նշանակում է, որ համակարգն արդեն իսկ փորձում է միջոցներ ձեռնարկել Թրամփի հնարավոր ծայրահեղականության դեմ», – նշում է Դավիթ Շահնազարյանը եւ ավելացնում.
«Չէ որ հենց Թրամփը հայտարարել էր, որ պուտինյան հիբրիդայնությունը ոչ թե իր վարպետության ու ճկունության մեջ էր, այլ նրանում, որ Եվրոպան անկարողունակ էր համապատասխան քայլեր ձեռնարկել արտաքին ագրեսիայից սահմանների պաշտպանության հարցը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Հելսինկյան Եզրափակիչ ակտն անտեսող Կրեմլի նկատմամբ: Ռուսաստանի հետ, առաջին հերթին, նավթային եւ գազային ոլորտներում տնտեսական համագործակցության մերժման պարագայում, (ինչը լիովին տրամաբանական կլիներ) Ղրիմի խնդիրը հնարավոր է, որ լուծվեր, Ուկրաինայի արեւելյան հատվածում եւ Սիրիայում պատերազմը հնարավոր է պարզապես չլիներ, իսկ Պուտինի կայսերական ծրագրերն էլ ի չիք դառնային»:
Ռուսաստանի հետ հնարավոր կոշտ քաղաքականության իրականացման նշաններից մեկն էլ, ըստ փորձագետի, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Միթ Ռոմնիի թեկնածությունը քննարկելն է: 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելուց հետո Ռոմնին ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամի էր հռչակել Ռուսաստանին, իսկ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում բացահայտ կերպով չէր աջակցում Թրամփին:
«Իհարկե, որոշակիորեն մտահոգիչ է այն փաստը, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդատուի պաշտոնը Թրամփն առաջարկել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինին, ով հայտնի է Russia Today հեռուստաընկերության հետ իր ունեցած կապերով: Սակայն հուսադրող է, որ Թրամփը ոչ թե Ֆլինին, այլ հենց Ռոմնիին է պետքարտուղարի հնարավոր թեկնածու դիտարկում: Ինքը` Ֆլինը, այդուհանդերձ, ընտրություններից հետո դեռեւս լռություն է պահպանում եւ այլեւս առաջվա պես չի բարձրաձայնում Ռուսաստանի հետ մերձեցման անհրաժեշտության մասին: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նոր տնօրենը` Մայքլ Պոմնեոն, նույնպես, մեղմ ասած, երբեք չի առանձնացել Ռուսաստանի հանդեպ տածած համակրանքով: Ռուդի Ջուլիանին դեռեւս ոչ մի պաշտոն չի ստացել, սակայն վերջինս նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բավականին մոտ է եղել Թրամփին եւ վերջերս էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է խոսել ուժի դիրքերից: Բոլոր այս նշանակումները կամ նման մտադրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ ապագա նախագահի վարած քաղաքականությունն էականորեն տարբերվելու է նրա նախընտրական հռետորաբանությունից: Եվ ինչպես տեղեկացնում է Voice of America-ն, Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հավակնում է լինել Ծովային հետեւակի կորպուսի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսը, որը Օբամային քննադատում էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ոչ բավարար ռազմական աջակցություն ցուցաբերելու համար: Մեթիսը հակառուսական դիրքորոշում ունի եւ համոզված է, որ «Ղրիմում եւ Ուկրաինայում պատերազմ է ընթանում», – ասում է Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է Թրամփի սպասվող քաղաքականությանը Ուկրաինայի եւ Ղրիմի հարցով, փորձագետը կարծում է, որ այդ հարցում չեն կարող չազդել երկու կարեւորագույն միջազգային իրադարձություններ, որոնք տեղի ունեցան վերջերս: Առաջին հերթին, մի քանի օր առաջ Հաագայի տրիբունալը Ղրիմի բռնակցումը հավասարեցրեց միջազգային ռազմական հակամարտության մակարդակի: Երկրորդ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունեց «Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Սեւոստոպոլ (Ուկրաինա) քաղաքի մարդկանց իրավունքների կարգավիճակի» մասին, որում Ռուսաստանը ուղղակիորեն նշված է որպես զավթիչ պետություն:
«Առաջին հերթին, ես, որպես ՀՀ քաղաքացի, ցանկանում եմ ներողություն խնդրել Ուկրաինայից այն բանի համար, որ իմ երկիրը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի այս բանաձեւի ընդունմանը: Ինչպես արդեն ասել եմ, մեր արտաքին քաղաքականության եւ անվտանգության հիմնական հարցերը որոշվում են ոչ թե Երեւանում, այլ Կրեմլում: Այնուամենայնիվ, բանաձեւն ընդունվել է: Իսկ արդեն Հաագայի տրիբունալի որոշումից հետո հարցը ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական դաշտում է: Այստեղ որոշումները չեն կայացվում քաղաքական գործիչների կողմից: Ի պատասխան դրա Պուտինը հանել է Ռուսաստանը Հռոմեական ստատուսի ազդեցությունից, բայց դա այժմ պարզապես անմտություն է, քանի որ փաստաթղթում նկարագրված են Մոսկվայի գործողությունները, որոնք իրականացվել են այն ժամանակահատվածում, երբ Հռոմեական ստատուսի իրավասությունը տարածվում էր Ռուսաստանի վրա», – նկատում է փորձագետը:
Ելնելով վերոնշյալից` Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմը` որպես ռուսական տարածք:
«Չեմ բացառում, որ Թրամփի նախագահության օրոք Ղրիմը վերադարձվի Ուկրաինային: Եթե ենթադրենք, որ Թրամփը կփորձի ընդունել Ղրիմի բռնակցումը, ապա դա անմիջապես կհանգեցնի իմպիչմենտի: Նույն սկզբունքով էլ կարծում եմ, որ Վաշինգտոնը ցանկացած դեպքում կշարունակի ամրացնել ՆԱՏՕ-ն, քանի որ համընդհանուր եվրոպական անվտանգությունն ԱՄՆ-ի անվտանգությունն է», – համոզված է վերլուծաբանը:
Քսենյա Կիրիլլովա
Ես խորին հարգանքով եմ վերաբերվում Դ.Շահնազարյանին, սակայն իիձ մւտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա հանդես է գալիս որպես ԱՄՆ, այլ որչ թե ՀՀ փորցագետ; Որևէ կերպ ՀՀ շահերից չի խոսում, մոլուցքի հասած հակառուսական վերաբերմումքը ուղղակիորեն անտեսում է ակնհայտ փաստերը, Մերձավոր Արևելքում ու նախկին Հարավսլավիայում ԱՄՆ-ի գործողություններից չի խոսում, նշված երկրներում նրանց տարածած դեմոկրատիայի հետևանքներին չի անդրադառնում… : Իմ կարծիքով մենք պետք է ընդունենք ու քարոզենք այն, ինչը բխում է մեր երկրի շահերից, եթե իհարկե այլ նպատակներ չենք հետապնդում:
Հարգելիս, իսկ ինչու էք կարծում որ հակառուսական մոտեցումը մեր շահերին դեմ է? Այն ինչ ռուսաստանը անում է մեր երկրի հետ ուղղակի կործանարար է: Միայն ԱՄՆ-ի գործոնն է դեռևս ռուսաստանին հետ պահում մէզ և Ղրխզ-մրխզնետրին իրեն բռնակցելուց:
// դեռեւս Ղրիմը չէր բռնակցվել …. // – նման քաղաքագետներին պարզապես դժվար է հարգել:
Հնարավոր է որ Դ. Շ. – ն չգիտե Ղրիմի թեկուզ մոտավոր պատմության, ռուսների թափած արյան ու տված զոհերի մասին եւ այլն ու այն միարժեքորեն Ուկրաինային է ,,հատկացնում,, պոլիտ բյուրոյի անօրեն որոշման հիման վրա (1954թ): Իսկ փաստը որ այդ վիթխարի տարածքը ,,բռնակցվեց,, առանց մի հատիկ զոհի պ-ն Դ.Շ -ին ոչինչ չի ասում? Այդ դեպքում սակայն Ղարաբաղն ինչպես է Հայերինը համարում, – չէ որ նույն տիպի որոշմամբ էլ այն ադրբեջ. – ին է ,,հատկացվել,, եւ նույնիսկ շատ ավելի վաղ (24թ), առավել եւս պատերազմով է այդ կարգավիճակը փոխվել: Իսկ գուցե, ըստ Դ.Շ – ի, ներկայումս Արցախն էլ ՀՀ – ին է ,,բռնակցված,, որի մասին ինքը ,,խոհեմաբար,, լռում է? Վերջապես՝ ամոթալի է նույնատիպ փաստերին տրամագծորեն հակադարձ անուններ դնելը, – նույնիսկ ,,քաղաքագոտ,, – ի համար:
Իսկ ինչու է չարախնդում ռուսների ու ամերիկոսների հնարավոր համագործակցության ուղղությամբ? Միթե իր համար ավելի լավ չեր լինի կայուն խաղաղությունը ներկա գլոբալ գզվռտոցից (չհաշված որ թուրքիայի դերը խիստ կնվազեր)??