«Կան սահմաններ եւ արգելքներ, որոնք Թուրքիային թույլ չեն տալիս առավել մեծ մասնակցություն ունենալ Արցախյան հակամարտությանը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը՝ ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:
«Թուրքիան Մինսկի խմբի ձեւաչափում փորձում է ձեւափոխություններ անել, համանախագահի կարգավիճակի հավակնություններ ունի, ինչը ներկայումս անիրական է»,-նշեց նա:
Գեւորգ Պետրոսյանի բնորոշմամբ՝ Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են նաեւ տարածաշրջանային հետաքրքրությունների առումով. «Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէ Թուրքիայի ակտիվացումը, դրանով կարող է պակասել իր ազդեցությունը: Որքան էլ փորձեն տնտեսական հարցերում հարաբերություններ զարգացնել, Թուրքիան եւ Ռուսաստանը մնում են աշխարհաքաղաքական հակառակորդներ ու ունեն տարբեր կարծիքներ Սիրիայի, Ուկրաինայի հարցերում»:
Թուրքագետի խոսքով՝ ռուսական գործոնը Թուրքիայի համար միաժամանակ խոչընդոտ է Արցախյան հակամարտությանն ակտիվ մասնակցություն ունենալու հարցում. «Փոքր՝ երկկողմանի քայլեր, ինչպիսին Լավրովի հայտարարությունն էր, հնարավոր են, սակայն դրանք իրենց սահմաններն ունեն, ու սահմանը Ռուսաստանի շահերն են»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ